Ազոխ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազոխ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ազոխ | ||
![]() Ազոխ գյուղի համայնապատկերը, 2009 թվական | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի շրջան | |
Համայնք | Ազոխ համայնք | |
ԲԾՄ | 700 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 806[1][Ն 1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Տեղաբնականուն | քարինտակցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Ազոխ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում[3][4][5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Հադրութի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջավենդի շրջանի բնակավայր։
Բնակավայրի անվանում
Ըստ բացատրական բառարանների՝ «ազոխ» բառը նշանակում է խակ խաղող[10][11][12]։ Գյուղի հայկական անունը Ազոխ է, իսկ ադրբեջանականը՝ Ազիխ է (ադրբ.՝ Azıx ):
Աշխարհագրություն
Արցախի Հանրապետության Ազոխ գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Շրջկենտրոն Հադրութ քաղաքից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 50 կմ հեռավորության վրա[4]։ Համայնքը լեռնային է[4], ծովի մակարդակից բարձր է 700 մ[3]։ Ունի 1930,9 հա տարածք, որից 306,61 հա անտառային հողեր են։ Ազոխ գյուղով հոսում է Իշխանագետը[4]։
Պատմություն
Ազոխը աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են փաստում Ազոխի քարանձավի ուսումնասիրությունները։
Արցախյան պատերազմ (1991-1994)
Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1991 թվականին, Ազոխ գյուղում ստեղծվել է կամավորական վաշտ, որը գործել է Վ. Մելքումյանի հրամանատարությամբ։ Մինչև 1992 թվականը Ազոխի վաշտը պաշտպանել է գյուղի սահմանները, իսկ 1992 թվականի սեպտեմբերից Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կազմում մասնակցել տարբեր բնակավայրերի ազատագրական մարտերին։ Ազոխից Արցախի Հանրապետության Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Գ. Ավանեսյանը, Ա. Մնացականյանը։ Պատերազմում զոհվել է 16 ազատամարտիկ[3]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9][13]։
Պատմամշակութային հուշարձաններ
Ազոխ գյուղում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից 2-ը հաշվառված են պետության կողմից[14]։ Հաշվառված հուշարձաններն են՝ գյուղից 700 մ հարավ-արևելք գտնվող ու մ.թ.ա. 300-50 հազար տարով թվագրվող քարե դարի Ազոխի քարանձավը[3][4][14] և գյուղից 1 կմ հարավ-արևելք գտնվող ու 13-րդ դարով թվագրվող «Ծիլտախաչ» անունը կրող կամուրջը[3][4][14]։ Բացի պետական գրանցում ունեցող պատմամշակութային հուշարձաններից, գյուղի տարածքում են գտնվում նաև 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին[3][4][15], 10-ից 19-րդ դարերով թվագրվող պատմական գերեզմանոցը[4]։ Գյուղի շրջակայքում են գտնվում Ամարխաթունի վանքը[3], Ցիցքար բերդը[3], Մելիք Սագամի պարիսպը[3]։ Ազոխ գյուղի տարածքում առկա են «Վերին», «Մեծ», «Մալլուլուվա», «Գետին» և «Միշկերակա» անունները կրող աղբյուրներ[4]։
Սուրբ Աստվածածին եկեղեցին քարաշեն, երկու կամարների վրա կառուցված շինություն է։ Ունի 14 մ 70 սմ երկարություն, 8 մ 17 սմ լայնություն[15]։
Բնակչություն
2003 թվականի դրությամբ Ազոխ գյուղում բնակվում էր 782 մարդ[3]։ Համաձայն Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի արդյունքների՝ գյուղում բնակվում էր 806 մարդ[1]։ Ազոխ գյուղի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 741 մարդ էր (214 տնտեսություն)[4]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[16].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 796 | 784 | 788 |
Համայնքային կյանք
Ազոխում չեն գործում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները, քանի որ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ազոխում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ, գրունտային և խճապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Ազոխն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[3][4]։
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1494,52 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[3][4]։
Գյուղի տարածքում առկա են ֆելզիտի, մարմարեցված կրաքարի և գրանոդիորիտի հանքային պաշարներ[4]։
Կրթություն
Ազոխ գյուղում գործում էր[Ն 3] միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 139 աշակերտ և մանկապարտեզ, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 30 երեխա[4]։
Պատկերասրահ
-
Ազոխի քարանձավի մուտքը, 28․05․2007թ․
-
Հայկական հնէաբանների խումբը Ազոխի քարանձավի պեղումների ժամանակ, 05․08․2009թ․
-
Ազոխի քարանձավի ներսում, 22․06․2015թ․
-
Ազոխի քարանձավի մուտքը, 08․06․2016թ․
Նշումներ
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ազոխը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ազոխը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ազոխը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 45։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 7,0 7,1 7,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 8,0 8,1 8,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 9,0 9,1 9,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976, էջ 8։
- ↑ Յարութիւն Թ. Գայայեան, Բառարան Գանձարան Հայերէն Լեզուի. Գահիրէ։ Տպագրութիւն Գալֆա (1938)։ էջ 3։
- ↑ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 10։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ 14,0 14,1 14,2 Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից հրապարակված Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ։
- ↑ 15,0 15,1 Մակար եպս․ Բարխուդարեան, «Արցախ», Բագու, 1895թ․։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազոխ (գյուղ)» հոդվածին։ |
|
|