Ալեքսանդր Միխայլովիչ Օպեկուշին (ռուս.՝ Александр Михайлович Опекушин, նոյեմբերի 16 (28), 1838[1], Danilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1923(1923-03-04)[2][3][4], Rybnitsy, Danilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քանդակագործ։ Մոսկվայի Տվերյան զբոսայգում գտնվող Պուշկինի բրոնզե հուշարձանի հեղինակը, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1895)։ Մասնակցել է Նովգորոդում «Ռուսաստանի հազարամյակի» (Մ․ Օ․ Միկեշինի նախագծով, բացումը՝ 1862 թ.) և Պետերբուրգում Եկատերինա 11-ի (բացումը՝ 1873 թ.) հուշարձանների ստեղծմանը։ Օպեկուշինի առավել նշանակալից գործը Մոսկվայում Ա․ Ս․ Պուշկինի հուշարձանն է (բրոնզ, գրանիտ, բացումը՝ 1880 թ.), ուր բանաստեղծի վեհաշուք կերպարը զուգորդված է նրա պատմական կոնկրետությանն ու հավաստիությանը։ Օպերկուշինը ստեղծել է նաև Պետերբուրգում Ա․ Ս․ Պուշկինի (բացումը՝ 1884 թ.), Տարտուում Կ․ Մ․ Բերի (բացումը՝ 1886 թ.), Պյատիգորսկում Մ․ Ցու․ Լերմոնտովի (բացումը՝ 1889 թ.) հուշարձանները (բոլորը բրոնզ, գրանիտ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 552)։