Ալիշեր Նավոի
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ալիշեր Նավոի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1441[1] |
Ծննդավայր | Հերաթ, Թեմուրյանների պետություն |
Վախճանվել է | հունվարի 3, 1501[2][1] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Հերաթ, Թեմուրյանների պետություն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | Չագատայ և պարսկերեն |
Քաղաքացիություն | Թեմուրյանների պետություն և Մեծ Խորասան |
Գրական ուղղություններ | սուֆիզմ և սուննի իսլամ |
Ալիշեր Նավոի Վիքիքաղվածքում | |
Ali-Shir Nava'i Վիքիպահեստում |
Նավոի, Ալիշեր Նավոի, Նիզամադդին Միր Ալիշեր (ուզբ.՝ Alisher Navoiy; ույգ.՝ Әлшир Нава'и/ئەلشىر ناۋائى; պարս.՝ علیشیر نوایی;), փետրվարի 9, 1441 – հունվարի 3, 1501), ուզբեկ բանաստեղծ, քաղաքական գործիչ, լեզվաբան, միստիկ և նկարիչ։
15 տարեկանում Նավոին արդեն հայտնի է եղել որպես բանաստեղծ։ Ստեղծագործել է միջինասիական թյուրքի և ֆարսի լեզուներով։ 1472 թվականին նշանակվել է վեզիր և ստացել էմիրի տիտղոս։ Հովանավորել է գրող, գիտնական և արվեստագետ մարդկանց։ Քննադատել է աստիճանավորների չարաշահումները, կաշառակերությունը, սուլթանի առջև հանդես է եկել ժողովրդի պաշտպանությամբ։ Այս ամենը դժգոհություն է առաջացրել պալատում, 1487 թվականին արտաքսվել է հեռավոր Աստրաբադ, նշանակվել նահանգի կառավարիչ։ 1488 թվականին վերադարձել է Հերաթ և մինչև կյանքի վերջը նվիրվել ստեղծագործական աշխատանքի։ Նավոին հեղինակ է բանաստեղծությունների, ծավալուն պոեմների, արձակ գործերի և գիտական տրակտատների 30 ժողովածուների։ Նրա «Մտքերի գանձարան» քնարական բանաստեղծություններ (այդ թվում՝ ավելի քան 2600 գազել) ամփոփող ժողովածու է, որ նա ինքը 1498-1499 թվականներին հավաքել և իր տարիքային չորս փուլերին համապատասխան ժամանակագրական կարգով դասավորել է «Մանկության զարմանալիքներ», «Պատանության հազվադեպ բաներ», «Միջին տարիքի զարմանալիքներ» և «Ծերության խրատներ» դիվաններում։
Նավոին լայն ճանաչում է գտել, ըստ Արևելքի գրական ավանդույթի, Նիզամի Գյանջևիի և Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծ Ամիր Խոսրով Դեհլևիի «Հնգամատյանների»-ն որպես պատասխան գրած իր «Հնգամատյանով» («Արդարակյացների սքանչացումը», 1483, «Լեյլի և Մեջնուն», 1484, «Ֆարհադ և Շիրին», 1484, «Յոթ մոլորակ», 1484, «Իսկանդարի պատը», 1485)։ Նախորդներից վերցված սյուժեներն ու որոշ ձևական առանձնահատկությունները Նավոիի «Հնգամատյանի» պոեմներում ստացել են գաղափարագեղարվեստական նոր մեկնաբանություն։ «Արդարակյացների սքանչացումը» փիլիսոփայական-հրապարակախոսական պոեմում Նավոին դեմ է արտահայտվել ավատատիրական հասարակարգը, առաջադրել արդարության, ազնվության իր իդեալները։ Արևելքում տարածված սիրային ավանդությունը նրա «Լեյլի և Մեջնուն» պոեմում ծառայել է մարդ-անհատի նկատմամբ անտարբերությունը դատապարտելու գաղափարին։
Հայ գեղեցկուհի Շիրինի անվան հետ կապված ավանդավեպին անդրադառնալով, հավատարիմ իր դեմոկրատական հայեցակետին, Նավոիի «Ֆարհադ և Շիրին» պոեմում շահ Խոսրովի փոխարեն գլխավոր հերոս է դարձրել քարտաշ Ֆարհադին։ Սասանյան Բահրամ Դուր թագավորի և նրա սիրած ստրկուհի Դիլարամի պատմությունն է «Յոթ մոլորակ» պոեմը՝ հյուսված 7 հեքիաթ-նովելներից, որոնցում քննադատվում են Թիմուրյան տիրակալների ու պալատականների բարքերը։ «Իսկանդարի պատը» պոեմում Նավոին արտահայտել է պետական կառավարման իր հայացքները։ Իսկանդարը արդարադատ, իմաստուն, բարձրաբարո տիրակալի տիպար է։ Մարդկային հասարակության կառուցվածքի վերաբերյալ Նավոիի հումանիստական հայացքներն արտացոլվել են նաև Սաադիի «Գոլեստան»-ի ազդեցությամբ գրված «Սրտերի սիրելին» (1500) գեղարվեստական արձակ երկում։ Այս գրքի հիմնական գաղափարն է «դաժան, տգետ և անբարոյական թագավորների» դատապարտումը, երկրում արդարամիտ տիրակալի կենտրոնացված ամուր իշխանություն հաստատելու ձգտումը։ Սա եղել է բանաստեղծի երազանքը ամբողջ կյանքում։ Ուզբեկական և պարսկա-տաջիկական գրականության, մշակույթի պատմության և նրանց առնչությունների ուսումնասիրման կարևոր աղբյուր են Նավոիի «Նրբակերտների հավաքույթ» (1491—1492) անթոլոգիան, «Իրանական թագավորների պատմություն», «Մարգարեների և իմաստունների պատմություն», արուգի տաղաչափության սկզբունքներին նվիրված «Չափերի կշռույթ» երկերը։ Նավոիի ստեղծագործությունը մեծ նշանակություն է ունեցել Արևելքի գրականությունների մեշ առաջադիմական-ռոմանտիկական ուղղության զարգացման համար։
Նավոիի ձեռագրերը պահվում են աշխարհի խոշորագույն գրադարաններում (Ռուսաստան, Անգլիա, Թուրքիա, Իրան և այլն)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 195)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիշեր Նավոի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիշեր Նավոի» հոդվածին։ |
|