Ամստերդամի պաշտպանական կառույցների գիծ

Ամստերդամի(չաշխատող հղում) պաշտպանական գիծ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա կրակակետ

Ամստերդամի պաշտպանական կառույցների գիծ (հոլ.՝ Stelling van Amsterdam), Ամստերդամի շուրջ ձգվող 135 կիլոմետր երկարությամբ շրջանաձև պաշտպանական գիծ։ Այն իր տեսակի մեջ միակն է, որը ներառում է հիդրոտեխնիկական կառույցներ[1], ինչպես նաև խոշորագույններից մեկը և ամենաերկարը[2]։

Պատմություն

Նիդեռլանդների տարածքի մոտավորապես 27 %-ը գտնվում է ծովի մակարդակից ցածր։ Այս աշխարհագրական դիրքով է մեծ մասամբ պայմանավորված հոլանդացիների՝ հիդրոտեխնիկայի ճարտարագիտության գերազանց իմացությունը։ Դեռ միջնադարում սկսվել է Հյուսիսային ծովում հողերի յուրացումը, կառուցվել են պաշտպանիչ ամբարտակների և ջրահեռացման կառույցների համակարգեր[3]։ 16-րդ դարից ի վեր դրանք օգտագործվել են նաև պաշտպանական նպատակներով[1]։

Պաշտպանական գիծը կառուցվել է 1883-1920 թվականներին՝ Պատերազմի նախարարության ղեկավարության ներքո՝ պաշտպանելու Ազգային աշտարակը՝ Նիդեռլանդների Թագավորության պաշտպանության վերջին գիծը։ Այն իր մեջ ներառում էր 45 ամրոց՝ համաձայնեցված գործող հրետանիով։ Անհրաժեշտության դեպքում ջրանցքների և ջրարգելակների բարդ ցանցը հնարավորություն է տվել 48 ժամվա ընթացքում ջրով լցնել պոլիդերները մինչև 0,5-1,5 մետր մակարդակը։ Սա բավական խորն է, որպեսզի խոչընդոտի հետևակի առաջխաղացմանը, սակայն խիստ մակերեսային նավակների համար։ Այնուհետև նույն հիդրոտեխնիկական համակարգի օգտագործումը հնարավորություն է տվել ցամաքեցնել այդ տարածքները[2]։

Պաշտպանական գիծն այսօր

Աալսմեեր(չաշխատող հղում) ամրոց

Ներկայում Ամստերդամի պաշտպանական գիծը կորցրել է իր ռազմական նշանակությունը։ Այնուամենայնիվ, մինչ օրս բազմաթիվ ամրոցներ պահպանվել են իրենց սկզբնական ձևով, և դրանց զգալի մասը պաշտոնապես դասակարգվել է որպես պատմական հուշարձաններ։ Նրանց մի մասը ներկայում գտնվում է բնակելի վայրերում, ինչը նրանց դարձնում է մատչելի այցելության համար։ Ջրածածկման նախկին տարածքն օգտագործվում է հանգստի նպատակներով։ Այնտեղ կառուցվել են հետիոտնային և հեծանվային արահետներ, ստեղծվել են լրացուցիչ կանաչապատ տարածքներ։ Խիտ կառուցապատված Ամստերդամում դա հատկապես արդիական է։

1996 թվականին Ամստերդամի պաշտպանական կառույցների գիծը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Линия оборонительных сооружений Амстердама»։ Центр всемирного наследия — UNESCO։ Վերցված է 2015-06-14 
  2. 2,0 2,1 «Линия обороны Амстердама»։ Официальный веб-сайт Совета по туризму и конгрессам Нидерландов։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-06-14 
  3. «Нидерланды: краткая справка»։ BBC։ Վերցված է 2015-06-15