Անամուրի բերդ

Անամուրի բերդ
Նկարագրություն
Տեսակդղյակ և հնագիտական հուշարձան
Վարչական միավորԱնամուր
Երկիր Թուրքիա
 Mamure Castle Վիքիպահեստում

Անամուրի բերդ, միջնադարյան շրջանի հայկական ծովային ամրություն Կիլիկիայում՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետության Մերսինի մարզում, որը գտնվում է Անամուր քաղաքից վեց կիլոմետր դեպի արևելք։

Ամրոցը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ D 400 ավտոմայրուղու հարևանությամբ։ 

Պատմություն

Անեմուռը որպես նավահանգիստ հիմնել են Փյունիկացի ծովագնացները (մ.թ.ա. մոտ IV—III դարերում)։ Հռոմեական և բյուզանդական շրջանում եղել է կարևոր ռազմապաշտպանական հենակետ։

Ամրոցը կառուցվել է 4-րդ դարի հռոմեական ամրության տեղում՝ Կիլիկիայի հայկական թագավորության գահակալների կողմից։ Նպատակը եղել է միջերկրածովյան ծովահենների հարձակումներից պաշտպանվելը։ Բյուզանդական կայսրության և Խաչակրաց արշավանքների ժամանակ ամրոցը մի քանի անգամ վերանախագծվել և վերակառուցվել է։ Կիլիկիայի Լևոն Բ թագավորի օրոք Անեմուռը պատկանել Է իշխան Հալկամին։

1221 թվականին ամրոցը նվաճվել է Իկոնիայի սուլթան Քեյղուբադ Ա-ի կողմից, որի օրոք ամրոցը ընդարձակվել և ամրացվել է։ Իկոնիայի սելջուկյան սուլթան Ալահեդինը (1219—1236) բերդը խլում է հայերից, բայց Լևոն Գ 1284 թվականին վերագրավում Է։ Ավելի ուշ ամրոցը նվաճվել է Քարամանիդների կողմից։ Գրավման թվականը հայտնի չէ, սակայն ամրոցի պատին հայտնաբերված գրվածքի համաձայն` ամրոցը գրավվել է բեյլերբեյ Բադր էդ Դին Մահմուդի օրոք, ով կառավարել է 1300-1308 թվականներին։ Վերանորոգման աշխատանքներից հետո ստացել է Մամուրե անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «բարգավաճող»։

1475 թվականին ամրոցը անցել է Օսմանյան կայսրության կազմը։ Այդ ժամանակներում ամրոցը ստացել է իր ներկայիս տեսքը։

Աստիճանաբար ամրոցը կորցրել է իր պաշտպանական նշանակությունը և 18-րդ դարից սկսած սկսել է օգտագործվել որպես քարվան-սարայ։ Քաղաքային մասում պահպանվել են պարսպի մնացորդներ, ջրամբարներ, ընդարձակ, գերեզմանատունը, նկատվում են թատերական շինությունների հետքեր։ Դեռ կանգուն է Անեմուռի նեկրոպոլն իր տարբեր շինություններով, այդ թվում կամարակապ դամբարաններով։ Միջնաբերդը գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, քարաբլրի վրա։ Այն կառուցված է միջնադարյան ռազմա-ճարտարապետական արվեստի սկզբունքներով, վերանորոգել են խաչակիր ասպետները XII–XIII դարերում։ Միջնաբերդը շրջապատված է եղել պարիսպներով (տեղ-տեղ մինչև 6 մ հաստությամբ) և բուրգերով, որոնց մի մասը կանգուն Է առ այսօր։ Ունի բազմաթիվ գետնուղիներ, ջրախանդակ։ Մուտքերից մեկի վրա կա հունական արձանագրություն։ Գլխավոր մուտքի դիմաց, բերդից մոտ 20 մ հեռավորության վրա, պահպանվել են բաղնիքի մնացորդներ՝ խճանկար սալահատակով։

Ճարտարապետություն

Ամրոցի ընդհանուր տարածքը կազմում է 23 500 մ²։ Արտաքին պատերի ընդհանուր երկարությունը կազմում է 580 մ։ Ամրոցի ունի 39 աշտարակներ և բաստիոններ։
Ամրոցը բաղկացած է միմյանց հետ կապված երեք ամրաշինական կառույցներից՝ Արևմտյան («Ներքին ամրոց» (Ցիտադել), թուրքերեն՝ Iç Kale), Հյուսիսային («Արտաքին ամրոց», թուրքերեն՝ Dış Kale) և Արևելյան («Ներքին բակ», թուրքերեն՝ Iç Avlu): Արտաքին ամրոցում պահպանվել են մզկիթը և համամի ավերակները։ Գլխավոր աշտարակում եղել է փարոս։


Ամրոցի ընդհանուր տեսքը (համայնպատկերը գլխավոր աշտարակից)
Ամրոցի ընդհանուր տեսքը (համայնպատկերը գլխավոր աշտարակից)


Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անամուրի բերդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 402