Աննա Ստեն
Աննա Ստեն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1908[1] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 12, 1993[1][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԱՄՆ և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ֆեոդոր Օցեպ և Յուջին Ֆրենկ |
Աննա Ստեն (ուկրաիներեն՝ А́нна Стен, իսկական անունը՝ Աննա Պետրովնա Ֆեսակ[7] կամ ֆիսակովա[8], դեկտեմբերի 3, 1908[1], Կիև, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 12, 1993[1][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][6]), Ուկրաինայում ծնված խորհրդային և ամերիկացի դերասանուհի։ Մինչև 1929 թվականը նկարահանվել է ԽՍՀՄ-ում, 1930 թվականին արտագաղթել և կարիերան շարունակել Եվրոպայում և ԱՄՆ-ում[9][10]։
Կենսագրություն
Աննան ծնվել է Կիևում, ուկրաինացի կազակի և շվեդուհու ընտանիքում, հետագայում վերցրել է մոր ազգանունը (Ստեն)[8][11]։ Իր իսկ խոսքերով, նա ծնվել է 1908 թվականի հունիսի 29-ին, իսկական անունը Աննա Պետրովնա Ֆեսակ է[12], սակայն ծննդյան ամսաթիվը և ազգանունը ճշգրիտ հաստատված չեն, հաճախ հունիսի 29-ի փոխարեն հիշատակվում է դեկտեմբերի 3-ը, 1908 թվականի փոխարեն 1910 թվականը, իսկ ըստ Variety ամսագրի, որը հրապարակել է նրա մահվան մասին հայտարարությունը, նա ծնվել է 1913 թվականին, բացի այդ, Աննայի ընկերները, այդ թվում՝ օպերատոր Յուրի Տամարսկին, պնդում էին, որ երիտասարդ տարիներին նա կրել է Ֆիսակովա անունը[8]։ Հայրը պարուսույց է եղել, մայրը՝ Կիևի օպերայի և բալետի թատրոնի պրիմա բալերինա։ Մանուկ հասակում Աննան զբաղվել է պարով, հաճախել դաշնամուրի դասերի։ Հավաստի տվյալներ չկան նրա կարիերայի վաղ շրջանի մասին։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ թվում՝ դերասանուհու պատմածով, հայրը մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որից հետո Աննան մատուցողուհու աշխատանք է գտել՝ հիվանդ մորը կերակրելու համար, հետո խաղացել է սիրողական թատրոնում։ Այնուհետև տասնհինգամյա դերասանուհու վրա ուշադրություն է դարձրել Կոնստանտին Ստանիսլավսկին ստանձնելով նրա հովանավորչությունը և օժանդակել նրան Մոսկվայի կինոակադեմիա ընդունվելու հարցում[13]։ Ըստ այլ աղբյուրների, նրա հայրը ողջ է մնացել, պատերազմից հետո գտել է իր դստերը և իր սեփական կրկեսային խմբի հետ, որտեղ ելույթ է ունեցել նաև երիտասարդ Աննան, շրջագայել է ողջ երկրում[8]։
Կարիերան ԽՍՀՄ-ում
Աշխատել է Մոսկվայի ժողովրդական կրթության բաժնում (1924)[14], ապա պրոլետարական մշակույթի բաժնում (1925)[15]։ 1926 թվականին Աննան առաջին անգամ հանդես է գալիս համր կինոյում՝ կատարելով սղագրուհու փոքրիկ դերը «Միսս Մենդ» կատակերգությունում։ Ֆիլմի սցենարիստը Բորիս Բառնետն էր, ով հետագայում դարձավ հայտնի խորհրդային կինոռեժիսոր և 1933 թվականին նկարահանեց հակապատերազմական «Ծայրամասեր» ֆիլմը, որն էլ արժանացավ Վենետիկի կինոփառատոնի մրցանակին։ Նա ֆիլմում խաղացել է գլխավոր դերը և հանդես է եկել որպես ռեժիսոր Ֆեոդոր Օցեպի օգնական, ում հետ էլ Աննան ամուսնացել է 1927 թվականին։ Հետագա տարիներին Օցեպը նկարահանել է իր կնոջը ևս չորս ֆիլմում։ 1920-ականներին բնակվել է Նիկիտսկի բուլվարում, շենք 6, բնակարան 26/27[16]։
Դերասանուհու կարիերան ԽՍՀՄ-ում զարգացել է արագ տեմպերով։ Նա գլխավոր դերեր է խաղացել արդեն 1927 թվականին՝ նկարահանվելով Բառնետի «Աղջիկը տուփով» կինոկատակերգությունում։ 1928 թվականին դրան հաջորդեցին գլխավոր դերերը «Երկիրը գերության մեջ», «Իմ որդին» և «Սպիտակ արծիվը» ֆիլմերում, որոնց ռեժիսորն էր ռուսական կինոյի ռահվիրաներից մեկը՝ Յակով Պրոտազանովը, իսկ Աննայի գործընկերներն էին թատրոնի դերասան Վասիլի Կաչալովը և ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերխոլդը։
Արտագաղթ դեպի Եվրոպա
Ստենի վաղ շրջանի ֆիլմերից մի քանիսը ցուցադրվել են արտասահմանյան վարձույթում և դրական ազդակներ ունեցել, այդ պատճառով էլ 1930 թվականին Աննան «Մեժրապպոմֆիլմի» միջոցով մեկնել է Գերմանիա և այնտեղ նկարահանվել «Հաշվապահ Կրեմկե» հնչունային ֆիլմում։ Դերասանուհին որոշել է չվերադառնալ հայրենիք և կարիերան շարունակել Եվրոպայում։ Նույն ժամանակահատվածում գաղթել է նաև ամուսինը։
1931 թվականին Օցեպը նկարահանել է կնոջը երկու ֆիլմերում։ Դրանք Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի հաջող էկրանավորումներն են եղել` Ֆրանսիայում նկարահանված համանուն ֆիլմը և դրա գերմանական տարբերակը, որը կոչվել է «Մարդասպան Դմիտրի Կարամազովը» (դերասանուհին խաղացել է Գրուշենկայի դերը)։ Վերջին ֆիլմի պրոդյուսերը բնիկ ռուսաստանցի Յուջին Ֆրենկն է եղել։ Հավանաբար, նկարահանման ընթացքում նրա և Ստենի միջև սիրավեպ է սկսվել, քանի որ 1931 թվականին դերասանուհին թողել է Օցեպին և շուտով ամուսնացել Ֆրանկի հետ։ Ամուսնությունից հետո ծնվել է դուստրը՝ Անյան, ով հետագայում սովորել է կինոարվեստ։ 1931 թվականին Ստենը նկարահանվել է ևս երկու ֆիլմում՝ «Սալտո-մորտալե» և «Արկեր Մոնտե Կարլոյի վրա», իսկ հետո զույգով նկարահանվել են հայտնի Էմիլ Յանինգսի հետ 1932 թվականին «Կրքի փոթորիկներ» դրամայում։
Հոլիվուդ
1932 թվականին պրոդյուսեր Սեմյուել Հոլդվինը ուշադրություն է դարձրել Աննայի վրա և հրավիրել նրան Հոլիվուդ, որտեղ նա արտագաղթել է 1933 թվականին[17]։ Աննան անգլերեն չգիտեր, ուստի Ամերիկա ժամանելուն պես դերասանուհին ստիպված է եղել մոտ մեկ տարի քրտնաջան աշխատել անգլերենի հիմունքներին տիրապետելու և իր առոգանությունը կարգավորելու համար։ 1934 թվականին նկարահանված նրա առաջին ամերիկյան կինոնկարը՝ «Նանան», որը հիմնված է Էմիլ Զոլայի համանուն վեպի վրա, լայնորեն հրապարակվել է մամուլում, սակայն դրամարկղային հաջողություն չի ունեցել։
Երկու տարի Աննան, թեև հազվադեպ, նկարահանվել է նշանավոր ռեժիսորների և աստղերի հետ։ 1934 թվականին նա մարմնավորել է Կատյուշա Մասլովային Ռուբեն Մամուլյանի «Մենք նորից կենդանի ենք» դրամայում՝ Լև Տոլստոյի «Հարություն» վեպի հիման վրա։ 1935 թվականին նկարահանվել է Գերի Կուպերի հետ դուետով Քինգ Վիդորի «Հարսանեկան գիշեր» մելոդրամայում (Վենետիկի կինոփառատոնի մրցանակ ռեժիսուրայի համար)։
Կարիերայի ավարտ
1936 թվականին Ստենն ամուսնու՝ Ֆրանկեի մոտ նկարահանվել է «Միայնակ կինը» մելոդրամայում (սցենարը գրել է Օցեպը)։ Այնուհետև նա երեք տարի չի երևացել էկրաններին, իսկ 1939 թվականին «Արտաքսման ճեպընթացը» դրամայից հետո սկսել է շատ հազվադեպ երևալ, այն էլ հիմնականում երկրորդական դերերում։
1943 թվականը դարձել է Ստենի վերջին արդյունավետ ժամանակաշրջանը․ նա նկարահանվել է ռազմական թեմայով միանգամից երեք ֆիլմերում («Հայդուկները», «Նրանք եկան կործանելու Ամերիկան» և «Երեք ռուս աղջիկ»), որտեղ նա խաղացել է գլխավոր դերերը։ Դերասանուհու վերջին գործերն են եղել 1962 թվականին նկարահանված «Միանձնուհին և սերժանտը» ռազմական դրաման և 1964 թվականին նկարահանված «Ձերբակալություն և դատավարություն» հեռուստասերիալը։
Աննա Ստենը մահացել է 1993 թվականի նոյեմբերի 12-ին, 84 տարեկան հասակում։
Հետաքրքիր փաստեր
- Կան աղբյուրներ, որտեղ Աննա Ստենի անունը նշված է Անել Ստենսկայա-Սուդակևիչ և Աննուշկա Ստենսկի-Սուդակևիչ[18], որը մասամբ համընկնում է խորհրդային մեկ այլ դերասանուհու Անել (Աննա) Սուդակևիչի անվան հետ, ինչը հանգեցրել է անունների կամ կեղծանունների շփոթության, որոնք նկարահանվել են խորհրդային կինոյում նույն ժամանակաշրջանում։ Օրինակ, 1999 թվականի Լա Ռոշելի միջազգային կինոփառատոնում Ստենի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը ներառում էր Սուդակևիչի մասնակցությամբ ֆիլմեր։ Միևնույն ժամանակ, Սուդակևիչի որոշ ֆիլմագրություններում կան ֆիլմեր Ստենի մասնակցությամբ[19]։
- Պատասխանելով երկրպագուի հարցին՝ թե արդյոք ինքը խոսու՞մ է ուկրաիներեն, Աննան պատասխանել է, որ մինչև տասներկու տարեկանը, երբ տեղափոխվել է Մոսկվա, ինքը խոսել է ուկրաիներեն[20]։
- Երբ 1935 թվականին Մորիս Շևալյեին խնդրեցին թվարկել աշխարհի 10 ամենագեղեցիկ կանանց անունները, նա նշեց Աննա Ստենի, Մառլեն Դիտրիխի, Գրետա Գարբոյի, ֆրանսիացի դերասանուհի Աննաբելլայի, Լորետա Յանգի, Մերլ Օբերոնի, Կլարա Բոուի, Քեյ Ֆրենսիսի և մյուսների անունները[21]։
- 1930-ականների կեսերին Հոլիվուդում Աննան հայտնի է դարձել զգեստապահարան ընտրելու իր հմտություններով։ Ֆիլմերի պրոդյուսեր Դերիլ Զանուկն ասել է, որ նա բոլորից ավելի լավ է հագնվում, քան երբևէ տեսած որևէ մեկը[22]։ Կին ռեժիսոր Դորոթի Արզները, ով Ստենին նկարահանել է «Նանա» դրամայում, նրան դասել է Գրետա Գարբոյի, Միրիամ Հոփքինսի, Քեթրին Հեփբըրնի և Ռութ Չատերտոնի կողքին ամենաոճային դերասանուհիների ցանկում[23]։
- 2010 թվականին Օդեսայում անցկացվել է համր ֆիլմերի և ժամանակակից երաժշտության «Լուռ գիշերներ» առաջին փառատոնը, որի տաղավարներից մեկը նվիրված է եղել Աննա Ստենին։
- 2012 թվականի հոկտեմբերի 6-ից 13–ը Պորդենոնում (Իտալիա) անցկացվել է Աննա Ստենի հիշատակին նվիրված Le Giornate del Cinema Muto կինոփառատոնը։ Դերասանուհուն հարգանքի տուրք մատուցելու համար Պորդենոնի փառատոնում ներկայացվել է ութ ֆիլմ, այդ թվում՝ «Provokator» ֆիլմն իտալերեն ենթագրերով, որի հոգաբարձուն է եղել Վլադիսլավ Շաբալինը[24][25]։
Ֆիլմագրություն
Ֆիլմեր Աննա Ստանի մասնակցությամբ[26]՝
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Երկիր |
---|---|---|---|---|
1962 | Միանձնուհի և սերժանտը | The Nun and the Sergeant | Միանձնուհի | ԱՄՆ |
1956 | Փախած դուստրեր | Runaway Daughters | Ռութ Բարտոն | ԱՄՆ |
1955 | Հաջողության զինվորը | Soldier of Fortune | Մադամ Դյուպրի | ԱՄՆ |
1948 | Եկեք մի քիչ ապրենք | Let’s Live a Little | МՄիշել Բեննետ | ԱՄՆ |
1943 | Երեք ռուս աղջիկ | Three Russian Girls | Նատաշա | ԱՄՆ |
Նրանք եկել են ոչնչացնելու Ամերիկան | They Came to Blow Up America | Ֆրա Ռեյթեր | ԱՄՆ | |
Հայդուկներ | Chetniks! | Լյուբիցա Միխայլովիչ | ԱՄՆ | |
1941 | Այսպես է ավարտվում մեր գիշերը | So Ends Our Night | Լիլո | ԱՄՆ |
1940 | Տղամարդը, ում հետ ամուսնացած եմ | The Man I Married | Ֆրիդա | ԱՄՆ |
1939 | Էքսպրես աքսոր | Exile Express | Նադին Նիկոլաս | ԱՄՆ |
1936 | Միայնակ կին | A Woman Alone | Մարիա | ԱՄՆ |
1935 | Հարսանեկան գիշեր | The Wedding Night | Մանյա Նովակ | ԱՄՆ |
1934 | Նորից ողջ ենք | We Live Again | Կատյուշա Մասլովա | ԱՄՆ |
Նանա | Nana | Նանա | ԱՄՆ | |
1932 | Կրքի փոթորիկ | Stürme der Leidenschaf | Անյա | Գերմանիա |
1931 | Ռումբեր Մոնտե Կառլոյի վրա | Bomben auf Monte Carlo | Իոլա | Գերմանիա |
Սալտո-Մորտալե | Salto Mortale | Մարինա | Ֆրանսիա | |
Դմիտրի Կարամազովի սպանությունը | Der Mörder Dimitri Karamasoff | Գրուշենկա | Գերմանիա | |
Կարամազով եղբայրները | Les Frères Karamazoff | Գրուշենկա | Ֆրանսիա | |
1930 | Հաշվապահ Կրեմկեն | Lohnbuchhalter Kremke | Կրեմկեի դուստրը | Գերմանիա |
1929 | Ոսկե կտուց | — | Վարենկա | ԽՍՀՄ |
1928 | Սադրիչը | Լիպա | ԽՍՀՄ | |
1928 | Սպիտակ արծիվ | — | Տնային դաստիարակչուհի | ԽՍՀՄ |
Իմ որդին | — | Օլգա Սուրինա | ԽՍՀՄ | |
Գերված երկիր | — | Մարիա | ԽՍՀՄ | |
1927 | Արկղով աղջիկը | — | Նատաշա Կորոստելևա | ԽՍՀՄ |
Մոսկվան հոկտեմբերին | — | ? | ԽՍՀՄ | |
1926 | Միս Մենդ | — | Սղագրող | ԽՍՀՄ |
1926 | Դավաճանը | — | Մարմնավաճառ | ԽՍՀՄ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #138875537 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nndb.com/lists/855/000106537/
- ↑ 4,0 4,1 4,2 http://cinemagumbo.squarespace.com/journal/tag/anything-goes
- ↑ 5,0 5,1 5,2 http://cinemagumbo.squarespace.com/journal/tag/sam-goldwyn
- ↑ 6,0 6,1 6,2 http://kyivweekly.com.ua/style/etno/2011/07/25/153453.html
- ↑ «Anna Sten». www.lesgensducinema.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Елена Новикова (2002). ««Все думали, что она была немкой...». Из жизни Анны Стэн». Чапаев, Киноведческие записки. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ Kanin Garson Hollywood(անգլ.) // The Viking Press. —New York, 1974. — С. 78.
- ↑ «Анна Стэн: русская актриса в Голливуде». Արխիվացված է օրիգինալից 2022-02-25-ին. Վերցված է 2022-03-02-ին.
- ↑ Ирина Николаевна Гращенкова Киноантропология XX/20. — М.: Человек, 2014. — С. 109. — 904 с. — ISBN 978-5-906131-49-2
- ↑ «Отвечая на вопросы «Ukrainian life» (август 1941, с. 12)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ «AllMovie | Movies and Films Database | Movie Search, Ratings, Photos, Recommendations, and Reviews». AllMovie. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Справочная и адресная книга «Вся Москва» на 1925 год: В изданиях адресной книги до 1928 года значится как «Анна Петровна Штейн», затем «Анна Петровна Стэн».
- ↑ «Вся Москва» на 1926 год
- ↑ Справочная и адресная книга «Вся Москва» на 1928 год: Анна Петровна Стэн
- ↑ Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
- ↑ Thomas Staedeli. «Portrait of the actress Anna Sten by Thomas Staedeli» (գերմաներեն). www.cyranos.ch. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Анель Судакевич». Наше кино.
- ↑ Anastazia Poluha Is Anna Sten a Ukranian?(անգլ.) // The Ukranian Weekly. —Jersey City, N. J., 1937. — Т. 5. — № 54. — С. 4. Архивировано из первоисточника 4 մարտի 2016.
- ↑ Maurice Chevaller was asked to choose the ten most beautiful women in the world. He modified the statement to Ten most fascinating women and these are the ones he chose: Comtesse de Malgret of Paris, Clare Brokaw, New York writer and magazine editor; Kay Francis, Marlene Dietrich, Merle Oberon, Greta Garbo, Anna Sten, Clara Bow, Loretta Young and Annabella, French screen actress. Ogden Standard от 30 января 1935 года
- ↑ Anna Sten, the actress from overseas, of whom Zanuck says, she knows how to wear clothes better than anyone I have ever seen before. Lima News от 17 сентября 1933 года
- ↑ They are Marie Dressler, Greta Garbo, Anna Sten, Miriam Hopkins, Ruth Chatterton, Katharine Hepburn, Beulah Bondi, Helen Hayes, Judith Anderson and Louise Fazenda. Lincoln Star от 17 декабря 1933 года
- ↑ Cinema, omaggio ad Anna Sten | Russia Oggi
- ↑ nsr (2012 թ․ հոկտեմբերի 13). «31° Silent Film Festival». Le giornate del cinema muto a Pordenone.
- ↑ Поскольку идентичность Анны Стэн и Анель Судакевич не установлена, см. фильмографию последней на IMDb.com.
Արտաքին հղումներ
- «Свет угасшей звезды»
- Анна Стэн на сайте TCMDB.com
- Анна Стэн на сайте RussianCinema.ru
- Фёдоров А. В. Забытые звёзды: Фёдор Оцеп и Анна Стэн // Pro KИNO. — 2004. — № 1 (5). — C. 18—20
- Фотографии актрисы на сайте Virtual-history.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ստեն» հոդվածին։ |
|