Անտե Պավելիչ
Անտե Պավելիչ խորվ.՝ Ante Pavelić | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1889[1][2][3] |
Ծննդավայր | Bradina, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1959[4][1][2][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[4] |
Գերեզման | Մադրիդի Սուրբ Իսադորի անվան գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Poglavnik? |
Կուսակցություն | Ուստաշներ և Croatian Pure Party of Rights? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Անտե Պավելիչ (խորվ.՝ Ante Pavelić, հուլիսի 14, 1889[1][2][3], Bradina, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina - դեկտեմբերի 28, 1959[4][1][2][…], Մադրիդ, Իսպանիա[4]), արմատական ազգայնական ուղղության խորվաթ քաղաքական ու պետական գործիչ, ուստաշների ֆաշիստական կազմակերպության հիմնադիր ու առաջնորդ (1929—1945)[7][8][9]: Կրթությամբ և մասնագիտությամբ փաստաբան էր։ 1941—1945 թվականներին եղել է Խորվաթիայի Անկախ Պետության (ԽԱՊ) դիկտատոր (բռնապետ, «Poglavnik»), պետություն, որն «առանցքի» երկրների ռազմական ու քաղաքական աջակցությամբ ստեղծվել էր 1941 թվականի ապրիլին։ Իր կառավարման տարիներին ԽԱՊ-ում սերբերի, հրեաների, գնչուների նկատմամբ իրականացրել է ցեղասպան քաղաքականություն, իսկ ուստաշների վարչակարգի հակառակորդների նկատմամբ լայն մասշտաբներով ու աննախադեպ անգութ դաժանությամբ գործի է դրել ահաբեկչությունը[10][11][12][13]։ Պավելիչի գլխավորած վարչակարգը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մնացել է Երրորդ ռայխի հավատարիմ դաշնակիցը, վերջինիս տրամադրության տակ դրել իր ռազմական կազմավորումները, որոնք կռվել են նաև ԽՍՀՄ-ի դեմ։
1945 թվականի մայիսին՝ ԽԱՊ-ի կրախի ժամանակ Պավելիչը փախուստի է դիմել, թաքնվել Ավստրիայում, Իտալիայում, Արգենտինայում, Իսպանիայում։ Այդ նույն տարում հարավսլավական ժողովրդական դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է մահապատժի։
Վտարանդիության մեջ գտնված ժամանակ Պավելիչը շարունակել է քաղաքական գործունեությունը, ընդսմին՝ հիմնել է «Խորվաթական ազատագրական շարժում» կուսակցությունը։ Մահացել է 1959 թվականի դեկտեմբերի 28-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։
Կենսագրություն
Անտե Պավելիչը ծնվել է 1889 թվականին, Հերցեգովինայի Բրոդինա գյուղում։ Հայրը երկաթուղային էր, հաճախակի փոխում էր աշխատավայրը, ընտանիքն էլ՝ բնակավայրը, և Անտեն մի քանի դպրոց փոխելուց հետո վերջապես Զագրեբում լրացրել է միջնակարգ ուսումնառությունն ու ընդունվել այդ քաղաքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո հենց այդտեղ էլ ատենախոսություն է պաշտպանել, ապա աշխատանքի անցել որպես փաստաբան։ Նրա հոգեկերտվածքի ձևավորման վրա գրեթե հավասար չափով ազդել են իսլամը և կաթոլիկությունը։ Երիտասարդ հասակում Պավելիչն անդամագրվել է «Ֆրանկովիչի» ազգայնական կազմակերպությանը, 1919 թվականին մի որոշ ժամանակ եղել Խորվաթիայի Իրավունքի կուսակցության քարտուղարը, այդ նույն տարվա վերջերին անդամագրվել «Երիտասարդ Խորվաթիա» ազգայնական կազմակերպությանը, որը պայքարում էր Հարավսլավիայի կազմից Խորվաթիայի անկախացման համար։ 1919—1927 թվականներին ընտրվել է Զագրեբի մագիստրատի, 1927 թվականից՝ Հարավսլավիայի ժողովրդական սկուպշչինայի պատգամավոր, հաճախակի հանդես եկել Խորվաթիային ինքնավարություն տալու պահանջով։ Եղել է Խորվաթիայի գյուղացիական կուսակցության առավել արմատական առաջնորդներից, պնդել խորվաթական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը։
1928 թվականին ձեռնամուխ է եղել «Խորվաթական դոմոբրան» կիսառազմական, անլեգալ կազմակերպության ստեղծմանը։ 1929 թվականի հունվարի 7-ին հայտարարել է դոմոբրանը Խորվաթական ուստաշական հեղափոխական կազմակերպության վերափոխելու մասին, դրանից մի քանի շաբաթ անց փախել է Ավստրիա։
1929 թվականի ապրիլին Հունգարիայի և Բուլղարիայի ազգային ազատագրական կազմակերպությունների հետ համատեղ հանդես է եկել բելգրադյան ռեժիմը տապալելու կոչ անող հռչակագրով, որից հետո Հարավսլավիայում նրան մեղադրել են պետական դավաճանության մեջ և դատապարտել մահապատժի։ 1932 թվականից իր և կազմակերպության գործունեությունն ուղղել է Խորվաթիայում ապստամբության կազմակերպմանը։ 1932 թվականի կեսերին տեղափոխվել է իտալական Ռիեկա, որտեղից ղեկավարել է ուստաշների գործողությունները։ Նրան հովանավորում էր Իտալիայի ֆաշիստների առաջնորդ Մուսոլինին, ով պլանավորել էր նրա ուժերն օգտագործել Հարավսլավիան ծնկի բերելու համար և նրա ջոկատների պատրաստվածության բարձրացման նպատակով ֆաշիստական ռազմավարժական ճամբարներ էր տրամադրել Իտալիայում[14]։
Հաջիա կեղծանվան տակ թաքնված՝ Պավելիչը ղեկավարել է իտալական Բովենիո քաղաքի մերձակայքում գտնվող ուստաշական ճամբարը, որտեղ ահաբեկիչներ է պատրաստել քաղաքական սպանություններ իրականացնելու նպատակով։ Կազմակերպել է Հարավսլավիայի արքա Ալեքսանդր Առաջինի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լուի Բարտուի սպանությունը 1934 թվականի հոկտեմբերի 9-ին, Մարսելում։
1941 թվականի ապրիլին, երբ առանցքի երկրների զորքերը ներխուժել են Հարավսլավիա և կապիտուլացիայի ենթարկել, Պավելիչն օգտագործել է ընձեռված հնարավորությունը. Իտալիայից ռադիոյով կոչ է արել խորվաթ զինվորներին խռովություն բարձրացնել և կռվել սերբերի դեմ, ապա, որոշ ժամանակ անց, վերադարձել է Խորվաթիա, Մուսոլինիի միջնորդությամբ նշանակվել նոր կազմավորված Խորվաթիայի Անկախ Պետության ղեկավար՝ poglavnik: Գերմանացիների ու իտալացիների ենթակայության տակ ձևավորված այդ խամաճիկային պետությունը գոյատևել է մինչև 1945 թվականի մայիս ամիսը, և Պավելիչը եղել է դրա առաջին ու միակ ղեկավարը։ Կաթոլիկ եկեղեցու[15] և մուսուլմանների առաջնորդների աջակցությամբ նա երկրում հաստատել է ֆաշիստական վարչակարգ, ողջ սերբ ժողովրդին, հրեաներին, գնչուներին հայտարարել թշնամի և համագործակցելով Բոսնիայի մուսուլմանների հետ՝ գերմանացի ֆաշիստների օրինակով ստեղծել համակենտրոնացման ճամբարներ, կազմակերպել անզեն մարդկանց, երեխաների, կանանց, ծերերի զանգվածային կոտորածներ[16][17][18], մասամբ մուսուլմաններով համալրված ուստաշական ջոկատներն օգտագործել վարչակարգի հակառակորդներին, պարտիզաններին ոչնչացնելու նպատակով։ Նյու Յորքի Հոլոքոստի հուշաթանգարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հենց միայն համակենտրոնացման ճամբարներում դաժանաբար սպանված սերբերի թիվն անցել է 700 հազարից[19][20][21][22][23]։ Ընդ որում՝ ուստաշներն անգութ չարչաչանքներ, տառապանքներ հորինելու և կիրառելու հարցում գերազանցել են գերմանացիներին։
Երկրորդ աշխարհամարտի ավարտին մոտ՝ Պավելիչը հասցրել է կնոջ ու երեք երեխաների հետ փախուստի դիմել (ի դեպ՝ կինը՝ Մարիա Լավրենցևիչը, ըստ որոշ աղբյուրների՝ հրեական ծագում է ունեցել)։ Սկզբում ապաստանել են Իտալիայում, օգտվել Վատիկանի հովանուց, շվեյցարական բանկում ուստաշների անուններով բացված հաշվեհամարների հսկայական գումարներից, որոնք հիմնականում գոյացել էին զոհերին թալանելու միջոցով։ 1948 թվականին, երբ Եվրոպայում մնալը վտանգավոր է դարձել, իրենց նման շատերի պես մեկնել են Արգենտինա[24][25]։ Արտասահմանում գտնված տարիներին Անտե Պավելիչը նախաձեռնել է «Խորվաթիայի ազատագրման շարժում», ձևավորել ստեղծվելիք ուստաշական պետության ընդհատակյա կառավարություն։
Նա մահացել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի հիվանդանոցներից մեկում, 1959 թվականի դեկտեմբերի 28-ին։ Առողջությունը խախտվել էր դրանից երկու տարի առաջ իր նկատմամբ իրագործված մահափորձի հետևանքով (ենթադրվում է, որ մահափորձը կազմակերպել էին Հարավսլավիայի ազգային անվտանգության գաղտնի ծառայությունները՝ փորձելով իրականացնել Պավելիչի նկատմամբ Հարավսլավիայի ժողովրդական դատարանի հեռակա կարգով կայացրած մահապատժի դատավճիռը)։ Զագրեբում նրա ունեցած սեփականությունը, որը կոմունիստական վարչակարգի օրոք ազգայնացվել էր, Խորվաթիայի անկախացումից հետո վերադարձվել է նրա ժառանգներին[26]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Павелич Анте // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Matikkala A. Kunnian ruletti: korkeimmat ulkomaalaisille 1941-1944 annetut suomalaiset kunniamerkit (фин.) — Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura, 2017. — P. 516. — ISBN 978-952-222-847-5
- ↑ [«USHMM(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. USHMM(անգլ.)]
- ↑ «Yad Vashem(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Jasenovac Research Institute(անգլ.)
- ↑ Barry M. Lituchy Jasenovac and the Holocaust in Yugoslavia
- ↑ https://balkaninsight.com/2018/01/31/croatia-s-jasenovac-death-toll-a-political-numbers-game-01-31-2018/
- ↑ https://www.nytimes.com/2006/12/06/world/europe/06croatia.html
- ↑ https://www.timesofisrael.com/memorial-in-jerusalem-for-alleged-wwii-fascist-collaborator-stirs-controversy/
- ↑ «Jasenovac-info.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Gilbert; The Holocaust - The Jewish Tragedy; Collins: London, 1986
- ↑ Mario Jareb, 'Mediji i promidžba u Nezavisnoj Državi Hrvatskoj', Zagreb 2016
- ↑ Visions of Annihilation, Rory Yeomans
- ↑ Cinema and the Swastika: The International Expansion of Third Reich Cinema, Roel Vande Winkel, D. Welch
- ↑ Yad Vashem Center: Jasenovac (.pdf)
- ↑ «USHMM: Jasenovac». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Barry Lituchy: Jasenovac and the Holocaust in Yugoslavia
- ↑ Rory Yeomans: Visions of Annihilation
- ↑ Robert McCormick: Croatia Under Ante Pavelic - America, the Ustase and Croatian Genocide in World War II. 978-1780767123, 1780767129
- ↑ Croatia Under Ante Pavelic: America, the Ustase and Croatian Genocide in World War II, Robert B McCormick, Bloomsbury Publishing, 2014
- ↑ The Real Odessa: How Peron Brought The Nazi War Criminals To Argentina, Goni, Granta Books, 2015
- ↑ Index.hr
Գրականություն
- Dizdar, Zdravko. Tko je tko u NDH: Hrvatska 1941–1945. — Zagreb: Minerva, 1997. — ISBN 978-953-6377-03-9
- Fischer, Bernd J. Balkan Strongmen: Dictators and Authoritian Rulers of Southeast Europe. — Purdue University Press, 2007. — ISBN 978-1-55753-455-2
- Matković, Hrvoje. Povijest Nezavisne Države Hrvatske. — Naklada Pavičić, 2002. — ISBN 978-953-6308-39-2
- Pavlowitch, Stevan K. Hitler's New Disorder: The Second World War in Yugoslavia. — Columbia University Press, 2008. — ISBN 978-0-231-70050-4
- Tomasevich, Jozo. War and Revolution in Yugoslavia, 1941–1945: Occupation and Collaboration. — Stanford: Stanford University Press, 2001. — ISBN 978-0-8047-3615-2
- {|Michael Phayer|Phayer, Michael|en|Michael Phayer} The Catholic Church and the Holocaust, 1930–1965. — Bloomington and Indianapolis: { |Indiana University Press}, 2000. — ISBN 0253214718
- {|Michael Phayer|Phayer, Michael|en|Michael Phayer} Pius XII, the Holocaust, and the Cold War. — Bloomington and Indianapolis: { |Indiana University Press}, 2008. — ISBN 9780253349309
Արտաքին հղումներ
- Gaspar Glavic: Mis lecturas sobre los 2000 años de la historia de Croacia.
- Página sobre la extradición denegada de Pavelić y su huida de Argentina.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտե Պավելիչ» հոդվածին։ |
|