Ավստրալիա (մայրցամաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավստրալիա (այլ կիրառումներ)
Տարածք | 7 692 024 կմ² |
---|---|
Բնակչություն | ▲ 23 130 931 մարդ[1] |
Բնակչ. խտություն | 3,01 մարդ/կմ² |
Երկրներ | Ավստրալիա |
Լեզուներ | ավստրալիական անգլերեն (դե ֆակտո) |
Խոշոր քաղաքներ | Սիդնեյ, Մելբուռն, Բրիսբեն, Պերթ, Ադելաիդա |
Ավստրալիա (լատին․՝ australis, «հարավային»), մայրցամաք Հարավային կիսագնդում։ Տարածությունը 7 692 024 կմ² է (կղզիներով մոտ 7704,5 հազար կմ²)։ Գտնվում է հարավային լայնության 10° 41'-39° 11'֊ի և արևելյան երկայնության 113° 05'-153° 34'֊ի միջև։
Ողողվում է Հնդկական օվկիանոսով և Խաղաղ օվկիանոսի ծովերով։ Ափերը թույլ են մասնատված։ Խոշոր ծոցերից են՝ Քարփենթարիայի ծոցը, Ավստրալիական Մեծ ծոցը, կղզիներից՝ Թասմանիան։ Միակ մեծ թերակղզին Քեյփ Յորքն Է։ Հյուսիսարևելյան ափին զուգահեռ ձգվում է Մեծ Արգելախութը։ Աշխարհի ամենամեծ բուստային խութն է. լայնությունը հյուսիսում 2 կիլոմետր է, հարավում՝ 150 կիլոմետր։
Պատմություն
Ավստրալիան առաջինը հայտնագործել է հոլանդացի Վ. Յանսզոնը, ապա՝ իսպանացի Լուիս Վաես դե Տոռեսը (1606)։ 17-րդ դարում Ավստրալիայի ափերի նոր հայտնագործությունները նույնպես կատարել են հոլանդացիները և այդ պատճառով մայրցամաքը սկզբում անվանել են Նոր Հոլանդիա։ 1642-1643 թվականներին Աբել Թասմանը շրջանաձև երթուղով անցավ Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, հայտնագործեց Վան Դիմենի երկիրը (Թասմանիա) և Նոր Զելանդիան, 1644 թվականին հետախուզեց Ավստրալիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան ծովափը։ Նա առաջինն ապացուցեց, որ Ավստրալիան առանձին մայրցամաք է, այլ ոչ թե Անտարկտիդայի մի մասը։
Աբել Թասմանի հայտնագործությունը հոլանդացիները 150 տարի գաղտնի էին պահում։ Ջեյմս Կուկը 1770 թվականին հայտնագործեց Ավստրալիայի արևելյան ափերը և անցավ Տոռեսի նեղուցով։ Նա մայրցամաքին տվեց Նոր Ուելս անվանումը։1788 թվականին Պորտ Ջեքսոն (ներկայիս՝ Սիդնեյ) խորշում ստեղծվեց անգլիական տաժանակրային գաղութ, որից հետո սկսվեցին Ավստրալիայի ափերի հանութային ինտենսիվ աշխատանքները։ 1798 թվականին անգլիացի տեղագիր Ջ. Բասը հայտնագործեց Ավստրալիան Թասմանիայից անջատող նեղուցը, որը հետագայում կոչվեց նրա անունով։ Մ. Ֆլինդերսը (1798-1803) երեք արշավների ընթացքում անցավ ամբողջ Ավստրալիան։ Ֆլինդերսը առաջարկեց մայրցամաքը կոչել « Թերրա Աուստրալիա», որը նշանակում է « երկիր հարավային»[2]։
Բնություն
Ավստրալիայի 95 %-ը հարթավայրային է (բարձրությունը՝ մինչև 600 մ)։ Գլխավոր լեռնագրական միավորներն են՝
- Արևմտա-Ավստրալիական սարահարթը (միջին բարձրությունը՝ 400-500 մ), որի արևելյան եզրին բարձրանում են Մասգրեյվ և Մակդոնել լեռները, հյուսիսում՝ Քիմբեռլի զանգվածը, արևմուտքում՝ Համերսլի լեռնաշղթան, իսկ հարավ-արևմուտքում՝ Դառլինգ լեռնաշղթան։ Սարահարթի հյուսիսում և հարավում ավազային անապատներ են (Ավազային Մեծ անապատ, Վիկտորիա Մեծ անապատ), միջին մասում՝ Գիբսոնի քարային անապատը։
- Մեծ Ջրբաժան լեռնաշղթան (Կոսցյուշկո լեռ, 2230 մ, Ավստրալիայի ամենաբարձր կետը)՝ բաղկացած միջին բարձրության հարթագագաթ, մեկուսացած լեռներից։
- Կենտրոնական դաշտավայրը (Առնհեմլենդ թերակղզուց մինչև Մուրեյի գետաբերանը)՝ մինչև 100 մ բարձրությամբ։ Դաշտավայրի հարավ-արևմուտքում առանձնանում են Ֆլինդերսի և Լոֆտիի լեռները։ Ավստրալիայի ամենացածր վայրը Էյր լճի շրջանն է (բարձրությունը՝ -12 մ)։
Բուսականություն
Ավստրալիայի ֆլորան խիստ ինքնատիպ է (75%՝ էնդեմիկ) և առանձնացվում է որպես Ավստրալիական բուսաշխարհագրական մարզ, որի համար տիպիկ են էվկալիպտները և ակացիաները։ Բուսածածկն աղքատ է։ Մայրցամաքի ծայրամասերը (բացի արևմտյանից) ծածկված են խոնավ անտառներով, հյուսիս-արևելքը՝ մշտադալար արևադարձային, հարավ-արևելքը և հարավ-արևմուտքը՝ էվկալիպտի մերձարևադարձային անտառներով։
Դեպի ցամաքի խորքն անտառներին հաջորդում են արևադարձային և մերձարևադարձային նոսր անտառներն ու սավաննաները։ Սավաննաներին բնորոշ են հացազգի խոտածածկույթը և առանձին կամ խմբերով հանդիպող ծառերը։ Շատ տարածված են ակացիան, «խոտածառը», «ծննդոց ծառը», կազուարինը։
Ավստրալիայի յուրահատկությունն է թփուտային մացառուտների՝ սկրեբների տիրապետումը կիսաանապատներում և հացազգիներինը՝ անապատներում։ Մեծ նշանակություն ունեն բնական արոտները։ Ապրանքային նշանակություն ունեցող անտառները գրավում են Ավստրալիայի 2%-ը։
Կենդանական աշխարհ
Կենդանական աշխարհը նույնպես ինքնատիպ է և առանձնացվում է Ավստրալիական կենդանաշխարհագրական մարզի մեջ որպես ենթամարզ։ Ֆաունան աչքի է ընկնում հնությամբ, սմբակավորների, գիշատիչների (բացի դինգո շնից, որն այստեղ բերվել է մարդու կողմից), պրիմատների բացակայությամբ։
Ավստրալիայում պահպանվել են մեզոզոյի և երրորդականի ժամանակաշրջանի ֆաունայի ներկայացուցիչները, այդ թվում ամբողջ ցամաքում տարածված պարկավորները (որի ամենաբնորոշ ներկայացուցիչը կենգուրուն է)։ Շատ ավելի հին տեսակներից են ձվածին կաթնասուններ բադակտուցը և եքիդնան։ Եվրոպացիների կողմից այստեղ են բերվել մանր և խոշոր եղջերավոր անասուններ, ճագար։
Երկրաբանական կառուցվածք և օգտակար հանածոներ
Ավստրալիայի մեծ մասը կազմում է մինչքեմբրյան ավստրալիական պլատֆորմը։ Նրան արևելքից հարակցվում են հերցինյան ծալքաբեկորային ստրուկտուրաները, որոնք առաջացրել են Մեծ Ջրբաժան լեռնաշղթան։
Ավստրալիայի միջին մասը ծալքավորվել է կալեդոնյան լեռնակազմությամբ։ Երրորդականի և անթրոպոգենի տեկտոնական շարժումները Ավստրալիան մեկուսացրել են Նոր Գվինեայից, Մալայան կղզեխմբի արևելյան կղզիներից և Թասմանիայից։ Ենթադրվում է, որ կավճի ժամանակաշրջանում Ավստրալիան անջատվել է Հարավային Աֆրիկայից և Հարավարևելյան Ասիայից, իսկ երրորդականի սկզբին Անտարկտիդայի միջոցով կապված է եղել Հարավային Ամերիկայի հետ։
Մակերևույթի երկարատև քայքայման և հարթեցման պատճառով երրորդականի վերջում առաջացել է Ավստրալիական մեծ պենեպլենը՝ ընդարձակ հարթավայրերը՝ մնացորդային լեռներով։ Ավստրալիայի մինչքեմբրյան հիմքը պարունակում է ոսկու (Արևմտյան Ավստրալիա), բազմամետաղների, ուրանի և բոքսիտների (Արևմտյան Քվինսլենդ և այլն), իսկ պրոտերոզյան նստվածքային ապարները՝ երկաթի (Համերսլի լեռնաշղթա) հանքեր։
Ավստրալիայի արևելքում, վերին-պալեոզոյան և ավելի երիտասարդ նստվածքներում, կան ածխի կուտակներ։ Վերջին տարիներին Ավստրալիայի մի շարք շրջաններում (Արտեզյան Սեծ ավազան, Արևմտյան Ավստրալիա, Վիկտորիայի ծովափ և այլն) հայտնաբերվել են նաև նավթ և գազ։
Կլիմա
Հասարակածային Արևադարձային Մերձարևադարձային | Անապատային Կիսաանապատային Բարեխառն |
Կլիման հյուսիսում հասարակածային-մուսոնային է, շոգ և խոնավ ամառներով, կենտրոնում՝ արևադարձային, անապատային, հարավում՝ մերձարևադարձային։ Արևելյան ափի կլիման ծովային արևադարձային է՝ տեղումների ամառային առավելագույնով։ Ավստրալիան համարյա ամբողջությամբ ընկած է ամառային 20 °C, 28 °C և ձմեռային 12 °C, 20 °C իզոթերմների սահմաններում։
Ցամաքի մեջտեղով անցնում է Հարավային արևադարձը, որից հարավ առավելագույն ճնշման հողմաբաժան գոտին է։ Դրանից դեպի հասարակած փչում են չոր քամիները՝ հարավարևելյան պասատները, իսկ հակառակ կողմը՝ արևմտյան խոնավաբեր քամիները։ Ամռանը (դեկտեմբեր–փետրվար) Ավստրալիայի վրա հաստատվում է Ավստրալիական մինիմումը։
Տարածության մոտ 70%-ի տարեկան միջին ջերմաստիճանը 20 °C–ից բարձր է։ Առավելագույնը 53,1 °C է (Քլոնքարի), նվազագույնը՝ ներքին շրջաններում՝ -4 °C–ից -6 °C, իսկ Ավստրալիական Ալպերում՝ -22 °C։ Ձմռանը (հուլիս-օգոստոս) Ավստրալիայի մեծ մասը տաք է, ամսական միջին ջերմաստիճանը 10 °C-ից իջնում է միայն հարավում՝ Անտարկտիկայից ներխուժած սառը օդային զանգվածների պատճառով։ Ձյուն գալիս է մինչև Քվինսլենդի հարավային շր ջանները։ Ավստրալիայի տարածության 38%-ը տարեկան ստանում է 250 մմ և պակաս, հյուսիսային ափերը՝ մինչև 1500—1600 մմ, արևելյան մերձափնյա մասը՝ մինչև 2000 մմ տեղումներ։ Ամենաշատ տեղումները (2243 մմ) թափվում են Քեռնսում, ամենաքիչը՝ անապատներում (մինչև 100-200 մմ)։
Ներքին ջրեր
Ներքին ջրերով Ավստրալիան աղքատ է։ Տարածքի 7%-ը պատկանում է Խաղաղ օվկիանոսի ավազանին, 33%-ը՝ Հնդկականի ավազանին, 60%-ը զբաղեցնում են ներքին անհոսք շրջանները՝ հազվադեպ ժամանակավոր ջրահոսքերով («կրիկներ»)։ Մշտահոս գետեր քիչ կան։
Ավստրալիայի ամենաջրառատ գետը Մուրեյն է՝ Դառլինգ և Մարամբիջի վտակներով։ Գետերն ունեն անձրևային սնում և պոտենցիալ մեծ կարողություն, օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ավստրալիայի հարավարևմուտքում կան մոտ 400 ժամանակավոր մանր լճեր։ Լճերից ամենամեծը Էյրն է ( ծովի մակերևույթից բարձր է -12 մ )Ավստրալիայում ստորերկրյա ջրերի պաշարները շատ են և կենտրոնացած են 15 գլխավոր արտեզյան ավազաններում, որոնցից Արտեզյան Մեծ ավազանը (Կենտրոնական դաշտավայրում) ամենամեծն է (1736 հազար կմ²) աշխարհում։
Հողեր
Ավստրալիայի մեծ մասը զբաղեցնում են արևադարձային հողերը, հարավային լայնության 30°–ից հարավ՝ մերձարևադարձային հողերը, ներքին շրջաններում՝ արևադարձային և մերձարևադարձային անապատների պրիմիտիվ հողերը և կիսաամրացված ավազները, Արևմտաավստրալիական սարահարթում՝ խճաքարային հողերը և ավազները, Կենտրոնական դաշտավայրում՝ ավազակավային և կավային, Կենտրոնական ավազանի լճերի շուրջը՝ աղակալած հողերը։
Դեպի հյուսիս, արևմուտք և արևելք անապատային պրիմիտիվ հողերը փոխարինվում են կիսաանապատային կարմրավուն– գորշ և սավաննաների կարմրագորշ ու կարմիր լատերիտային հողերով։ Մայր ցամաքի հյուսիսային և արևելյան ծայրամասերում զարգացած են կարմրադեղին լատերիտային հողերը։ Ծայր հարավ-արևմուտքում հանդիպում են ռելիկտային կարմրահողեր և դեղնահողեր։ Ավստրալիայի հողերը խիստ տուժում են մակերեսային ողողումից և էրոզիայից։
Ծանոթագրություններ
- ↑ Australian Bureau of Statistics
- ↑ Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996 թ
- ↑ Egerton, p. 44.
|
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 623)։ |