Ատամի արմատախողովակ

Ռենտգենագրություն օգնում է գնահատելատամների արմատախողովակների վիճակը

Ատամի արմատախողովակ (լատին․՝ canalis radicis dentis), ատամի արմատի մեջ գտնվող անատոմիական տարածություն։ Մեկ կամ մի քանի արմատախողովակները ատամի վզիկային հատվածում միանում և առաջացնում են կակղանային տարածությունը։

Անատոմիա

Ատամի կառուցվածք

Ատամի խոռոչը կազմված է երկու մասից՝ կակղանային և արմատային։ Արմատային հատվածի գագաթային (ապիկալ) շրջանում կա անցք, որի միջով ատամը անոթավորվում է և նյարդավորվում։ Արմատախողովակների քանակը կախված է ատամի տեսակից, ձևից, չափից և տեղակայումից բերանի խոռոչում։ Կտրիչները և ժանիքները հիմնականում ունեն մեկ արմատախողովակ, պրեմոլյարները (փոքր աղորիք) մեկ կամ երկու, մոլյարները (մեծ աղորիք) երեք կամ չորս։ Իմաստության ատամները շատ հազվադեպ կարող են ունենալ հինգ արմատախողովակ[1]։ Արմատախողովակների քանակները շատ հաճախ չեն համապատասխանում արմատների թվին։ Օրինակ ժանիքները ունեն մեկ արմատ, երկու արմատախողովակ, շատ հազվադեպ՝ մեկ։ Ստորին կենտրոնական կտրիչը հիմնականում ունենում է երկու արմատախողովակ։ Արմատախողովակները ունեն շատ նեղ խոռոչ, որը բարդացնում է պլոմբավորման պրոցեսը[2][3]։

Դասակարգում

1984 թվականին «Vertucci»-ին դասակարգել է արմատախողովակները ութ տեսակների[3]

  • I տեսակին պատկանում են այն արմատները, որոնք ունեն մեկ արմատախողովակ և մեկ ապիկալ բացվածք,
  • II-III տեսակին պատկանում են հիմնականում վերին և ստորին պրեմոլյարները, որոնց արմատախողովակները ունեն սեղմվածքներ տարբեր մակարդակներում և գագաթային շրջանում վերջանում են բացվածքով,
  • IV տեսակի դեպքում արմատները ունեն երկու արմատախողովակ, որոնցից յուրաքանչյուրը ունեն ապիկալ անցք,
  • V, VI և VII տեսակին հիմնականում պատկանում են ստորին կտրիչները, որոնց արմատների արմատախողովակները կարող են ունենալ թեքվածություն, սեղմված են երկու կողմից և ունեն ակոսներ,
  • VIII տեսակի ատամների արմատներն ունեն երեք և ավելի արմատախողովակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի ապիկալ բացվածք։

Այս դասակարգումը բնութագրում է արմատը յուրովի, որի հետևանքով բազմարմատանի ատամները կարող են պատկանել մի քանի տեսակներին միաժամանակ։ Այս դասակարգումը միանշանակ չէ[3]։ Դրա համար բժիշկ ստոմատոլոգները ատամի բուժումը սկսելուց առաջ կատարում են ռենտգենագրություն և ճշգրտում են արմատների, արմատախողովակների և ապիկալ անցքերի քանակը[2]։

Բուժում

Արմատախողովակի բուժումը ենթադրում է ատամի անատոմիական խոռոչում տեղակայված հյուսվածքի հեռացում: Բորբոքված, վնասված կամ մեռած հյուսվածքը հեռացնելուց հետո ներքին տարածքը մանրակրկիտ մաքրվում է, ձևավորվում է, արմատախողովակը լցավորվում է: Նման բուժումը թույլ է տալիս կանխել ատամի հեռացումը[4]
25 և 26 ատամների արմյատների տեսքը էնդոդոնտիկ բուժումից հետո

Կակղանի վնասման հիմնական պատճառը ատամի կարծր հյուսվածքների քայքայումն է[4]։ Կակղանաբորբի էնդոդոնտիկ բուժման ժամանակ իրականացնում են մի շարք պրոցեդուրաներ։ Մասնավորապես՝ կակղանի հեռացում կամ բուժիչ տակդիրների միջոցով վերականգնում։ Եթե հեռացվում է կակղանը (դեպուլպացիա), ապա պետք է կատարել նաև արմատախողովակների լվացում, մաքրում և լցավորում։ Արմատախողովակների լցավորումից հետո իրականացնում են ատամի լցավորում (պլոմբավորում)։

Տվյալ եղանակը հիմնականում կիրառվում է տեղային անզգայացման կիրառման անհնարինության պայմաններում։

Դեպուլպացիան լինում է երկու տեսակ․

  • Դեվիտալ էքստիրպացիա, այս մեթոդը ենթադրում է կակղանի ամբողջական հեռացում հատուկ նյութերի միջոցով նախապես մեռուկացնելուց հետո, կիրառվում է տեղային անզգայացման անցկացման անհնարինության դեպքում։
  • Վիտալ էքստիրպացիա, պարոդոնտում բորբոքային պրոցեսների բացակայության ժամանակ իրականացնում են վիտալ դեպուլպացիա։ Անզգայացնում են ատամը, և խոռոչում տեղադրում են հատուկ դեղանյութեր, որոնք ունեն հակաբորբոքային և հականեխիչ հատկություններ։ Բուժման ընթացում կատարում են երկու ռենտգենագրություն, մեկը բուժումից առաջ, մյուսը՝ հետո։

Դեպուլպացիայից հետո ատամը դառնում է մահացած, չի սնուցվում և նյարդավորվում։ Քանի որ դժվար է ապահովել գերազանց հերմետիկություն հաճախ կակղանի հեռացումից հետո առաջանում են մի շարէ բորբոքային պրոցեսներ, քանի որ ստեղծվում է բարենպաստ միջավայր միկրոօրգանիզմների ապրելու և բազմանալու համար[5]։

Ըստ ցուցումների դեպուլպացված ատամը կարող են վերականգնել պլոմբանյութերով, արհեստական պսակներո, ներդիրներով և գամիկներով։

Հնարավոր բարդություններ

Արմատի կոտրվածք արմատախողովակի բուժումից երկու օր հետո
Արմատի թափածակում․ ձախից՝ ռենգտենագրություն, աջից՝ հեռացված ատամ

Բուժման ընթացքում կամ բուժումից հետո կարող են առաջանալ մի շարք բարդություններ․

  • արմատախողովակների անանցանելիություն, որը պայմանավորված է անատոմիական առանձնահատկությամբ,
  • Իմունակայուն միկրոօրգանիզմների (լատին․՝ Enterococcus faecalis) առկայություն, կամ միկրոօրգանիզմների թափանցում դենտինային խողովակներից,
  • ապիկալ պերիօդոնտիտ,
  • պերիօստիտ (վերնոսկրի բորբոքում),
  • յաթրոգեն սխալներ (սխալներ բժշկի կողմից), (օրինակ՝ արմատի թափածակում[6][7]),
  • ատամի արմատի կոտրվածք։

Բորբոքային պրոցեսները քայքայում են ատամի կարծր և փափուկ հյուսվածքները՝ առաջացնելով սաստիկ ցավեր և բարդ հետևանքներ։

Շատ հաճախ անհրաժեշտ է լինում կատարել արմատախողովակի ռեզեկցիա կամ վերալցավորում։ Այնուամենայնիվ բժիշկ-ստոմագոլոգի հիմնական գործառույթը արմատախողովակի հերմետիկ լցավորումն է, որը կանխում է հետագա բորբոքային պրոցեսների առաջացումը։ Որպես լցանյութ օգտագործվում են մի շարք դեաղնյութեր, որոնք պարունակում են հականեխիչ, հակաբորբոքային, բուժիչ բաղադրամասեր։

Մինչև լցավորումը անհրաժեշտ է մաքրել և լայնացնել արմատախողովակը, դա կատարում են հատուկ գործիքների օգնությամբ[8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Полость моляров верхней челюсти». Արխիվացված է օրիգինալից 2015-04-11-ին. Վերցված է 2015-04-05-ին. {cite web}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «Сколько в зубе каналов». Արխիվացված է օրիգինալից 2015-04-11-ին. Վերցված է 2015-04-05-ին. {cite web}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 «Корневые каналы зубов». Արխիվացված է օրիգինալից 2015-04-11-ին. Վերցված է 2015-04-05-ին. {cite web}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «Что такое корневой канал?». Արխիվացված է օրիգինալից 2015-04-11-ին. Վերցված է 2015-04-05-ին. {cite web}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Root Canals Contain Toxic Bacterium» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-02-20-ին. Վերցված է 2015-04-05-ին. {cite web}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Reinhard Marxkors: Lehrbuch der zahnärztlichen Prothetik. 4., überarbeitete Auflage. Deutscher Zahnärzte-Verlag, Köln 2007, ISBN 978-3-7691-3353-0, S. 69 Արխիվացված է Ապրիլ 14, 2015 Wayback Machine-ի միջոցով: (գերմ.)
  7. Michael Georgieff, Uwe Schirmer (Hrsg.): Klinische Anästhesiologie. Praxisorientierter Leitfaden unter besonderer Berücksichtigung des operativen Vorgehens. Springer, Berlin u. a. 1995, ISBN 3-540-57355-0, S. 613 Արխիվացված է Ապրիլ 14, 2015 Wayback Machine-ի միջոցով: (գերմ.)
  8. Алан Х. Глускин. Анатомия перепломбировок корневых каналов: размышления о процессе // Эндодонтия. — М.: Апекс Медиа, 2010. — № 3—4. — С. 11—28. — ISSN 2218-189X.

Գրականություն

Արտաքին հղումներ