Արդյունաբերական դիզայն

Արդյունաբերական դիզայն (անգլերեն՝ industrial design) 3D մոդելավորման ճյուղ համակարգչային գրաֆիկայում, որն օգտագործվում է արդյունաբերության մեջ ապրանքի եռաչափ դիզայնը կառուցելու համար։

Գործընթացը

Քայլ 1։ Բլոկավորում

Բլոկավորման (անգլ․՝ blocking) ընթացքում մոդելավորողը ստեղծում է եռաչափ օբյեկտների նախնական մոդելները՝ բլոկները։ Կարգավորվում են օբյեկտների չափը, ձևը, դիրքը և տեղը։

Քայլ 2։ Դետալավորում

Դետալավորման (անգլ․՝ detailing) փուլում ավելացվում են անհրաժեշտ դետալները օբյեկտների վրա, շտկվում են սուր ծայրերը, չմշակված հատվածները, օբյեկտը դարձնելով ավելի հարթ և դետալավորված։ Մոդելավորողները հաճախ հենց այս փուլում են ավելացնում պատկերների լույսերը և ստվերները։

Քայլ 3։ Տեքստուրինգ

Հյուսվածքավորումը (անգլ․՝ texturing) թույլ է տալիս օբյեկտների տեսքը դարձնել ավելի իրական, նրանց ավելացնելով գույններ և հյուսվածքներ։ Եռաչափ մոդելավորողները հաճախ օգտագործում են իրական նյութերի/գործվածքների պատկերներ՝ օբյեկտների հյուսվածքավորումը բնական տեսքի բերելու համար։

Քայլ 4։ Ռենդերինգ

Ռենդերինգը (անգլ․՝ rendering) պատկերներին 3D տեսք հաղորդելու փուլն է։ Այս փուլում են արտահայտվում դիզայնի սխալներին ու բացթողումները, որոնք տեսանելի չէին 2D հարթակում, ինչի վրա էլ աշխատում են մոդելավորողները։

Քայլ 5։ Հետմշակում

Հետմշակման (անգլ․՝ post processing) գործընթացը եռաչափ մոդելավորման վերջին փուլն է, որտեղ կատարվում են վերջին շտկումները, ավելացվում են էֆեկտներ և ֆոտոֆիլտրեր պատկերն ավելի ռեալ դարձնելու համար։ Այդ գործողություններն ավարտելուց հետո մոդելը/տեսարանն անհրաժեշտ է լինում շրջանակել։ Հետևյալ շտկումները կատարելուց հետո հասնում ենք ցանկալի արդյունքին՝ ամբողջական 3D պատկերին։

Առավելությունները

3D մոդելավորումը բավականին մեծ նշանակություն ունի արտադրական ընկերությունների համար։ Այն իդեալական տարբերակ է պատկերների նախագծման համար։ Եռաչափ մոդելավորումն ունի բավականին շատ առավելություններ։ Այն օգնում է նվազեցնել ծախսերն ու խնայել ժամանակը։ 3D մոդելավորումը նաև հնարավորություն է տալիս մոդելավորողներին բազում փորձարկումներ կատարել[1]։

Հեշտ ֆիզիկական պատկերում

Որոշ պատկերներ հնարավոր է նաև ներկայացնել անիմացիաների տեսքով՝ դիտարկելով մոդելը շարժման մեջ, կամ պատկերելով նրա օգտագործման տարբեր եղանակները։ Հաճախորդները կարող են փոփոխել մոդելները կամ նրանց դիզայնը՝ տեսնելու համար արդյոք նրանք համապատասխանում են իրենց պահանջներին։ Այս տարբերակը շատ ավելի հեշտ է, քան նոր պատկերներ ստեղծելը իրական կյանքում։

Բարձրորակ նախատիպեր

Դիզայներներն օգտագործում են 3D մոդելավորումը ապրանքների/տեսարանների ռեալ պատկերները ստեղծելու համար։ Որակյալ հյուսվածքներով, գույներով լուսավորությամբ և ստվերներով պատկերներն ավելի պարզ են և իրական, քան լուսանկարիչի արված նկարները։ Դիտորդները կարող են ուսումնասիրել պատկերներն ամենայն մանրամասնությամբ, ինչպես իրական կյանքում։ Այդ պատկերները հետագայում կարող են օգտագործվել ցանկացած վայրում՝ տպագիր ամսագրից մինչև առցանց գովազդներում։

360° ցուցադրում

Մոդելավորողները ստեղծում են պատկերը 360° դիտելու հնարավորություն, որը հաճախորդներին թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել ապրանքի մասին։ Մոդելի ցանկացած դետալ դառնում է ավելի պարզ և հասանելի դիտարկման համար։

Հեշտ ռեալիզացում

Արտադրողները կարող են ստանալ պատկերի ֆիզիկական նախատիպերն ավելի արագ 3D տպագրության միջոցով, քան ավանդական կառուցմամբ։ Քանի որ արդեն եռաչափ պատկերները գոյություն ունեն ֆայլի տեսքով, կարելի է այն միանգամից հանձնել տպագրության։

Պարզեցված գործընթաց

Մոդելավորողները բավականին արագ կարող են բազում փոփոխություններ կատարել պատկերների վրա, ի տարբերություն ճարտարապետների, որոնք ստիպված են մոդելն ամբողջությամբ վերագծել ուղղելով սխալ կամ բացակայող հատվածները։ Մոդելավորողները հեշտությամբ կարող են ավելացնել կամ պակասեցնել դետալները, ինչը բավականին արդյունավետ է հատկապես այն նախագծերի համար, որոնք պարունակում են բազում դետալներ։

Ապրանքի թեստավորում

Պարզելով օբյեկտի մակերևույթը և նյութական տվյալները, 3D մոդելավորումը թույլ է տալիս կանխատեսել, թե ինչպես այն կարձագանքի եղանակի տաքացմանը, երկրաշարժին, ջրհեղեղին և այլ բնական աղետներին։ Վիրտուալ կերպով ապրանքների փորձարկումն ավելի քիչ ծախսատար և քիչ ժամանակատար է։

Քիչ ծախսատարություն

Թեև 3D մոդելավորման ծառայությունները կարող են թանկ լինել, դրանք այնքան թանկ և ժամանակատար չեն, որքան պրոֆեսիոնալ լուսանկարչի վարձելը։ Լուսանկարչին վարձելուց հետո բավականին երկար ժամանակ են խլում պայմանավորվածություններն ու լուսանակարներ անելու գործընթացը։ Երբեմն նկարահանումներ անհրաժեշտ է լինում կատարել մի քանի անգամ, որը ևս ժամանակատար է։

3D մոդելավորողներին հարկավոր է վճարել միայն մեկ անգամ, պատկերի ավարտից հետո, և չկա լրացուցիչ պարբերական հանդիպումների կարիք[2]։

Հեշտ թիմային համագործակցում

3D մոդելավորումը հեշտացնում է թիմում աշխատակիցների շփումը։ Եռաչափ մոդելավորման շնորհիվ առանց ինժեների օգնության դիտորդները կարող են հեշտորեն հասկանալ մոդելի ցանկացած հատված և քննարկել միասին։ Այս ամենը հնարավոր չէր լինի 2D մոդելավորման միջոցով, քանի-որ բավականին շատ դետալներ դուրս կմնային ցուցադրությունից և պատկերն ամբողջությամբ հասկանալու համար անհրաժեշտ կլիներ ինժեների օգնությունը[3]։

Ծանոթագրություններ

  1. «What is 3D Modeling & What's It Used For?». Concept Art Empire (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «Traditional photography vs Computer Generated Imagery». WK360 Image Studios (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. Marketing, TOPS (2020 թ․ մարտի 25). «2D Modeling vs. 3D Modeling | Data Model Comparison». TOPS (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.

Աղբյուրներ

Գրականություն