Բարսեղ Կանաչյան
Բարսեղ Կանաչյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | արմտ. հայ.՝ Բարսեղ Կանաչեան |
Ծնվել է | ապրիլի 17, 1885[1] Թեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] |
Երկիր | Լիբանան |
Մահացել է | մայիսի 21, 1967[1][2][3] (82 տարեկան) Բեյրութ, Լիբանան[2][3] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Գուսան (Կանաչյանի երգչախումբ)[2] և Մելքոնյան կրթական հաստատություն[2] |
Պարգևներ | |
Parsegh Ganatchian Վիքիպահեստում |
Բարսեղ Կանաչյան (ապրիլի 17, 1885[1], Թեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - մայիսի 21, 1967[1][2][3], Բեյրութ, Լիբանան[2][3]), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ։ «Գուսան» երկսեռ երգչախմբի վերահիմնադիրն է Կոմիտասի հիվանդությունից հետո։(1933 - 1961)։
Կենսագրություն
Ծնվել է Ռոդոսթոյում (այժմ Թեքիրդաղ՝ Թուրքիա) 1885 թվականին։ 1888 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որտեղ Կանաչյանն ստանում է նախնական կրթությունը։ 1896 թվականին ընտանիքը գաղթում է Վառնա։ Նաթան-Բեկ Ամիրխանյանից երաժշտության դասեր է վերցնում (ջութակ, երաժշտության տեսություն, խմբավարություն)։ 1903 թվականից սովորում է Բուխարեստում (դաշնամուր և հարմոնիա)։ 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է Թուրքիա՝ Կոստանդնուպոլիս։ Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվում դասավանդմամբ, անում ստեղծագործական առաջին փորձերը։ Նրա համար որոշիչ է լինում Կոմիտասի հետ հանդիպումը 1910 թվականի դեկտեմբերին։ Կանաչյանը հանդես է գալիս «Գուսան» երգչախմբում, Կոմիտասի «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին։ 1919 թվականին Կոմիտասին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով։ «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր։ 1920 թվականից շարունակել է երաժշտական կրթությունը Փարիզում։ 1922 թվականից հայկական գաղթօջախներում զբաղվել է խմբավարական գործով։ 1928 թվականից դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում, 1933 թվականից Նշան Փալանջյան ճեմարանում։ 1936 թվականին Բեյրութում հիմնում է «Գուսան» երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր։ 1946 թվականին նշվում է Բարսեղ Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակը։
Ստեղծագործություններ
Կանաչյանը գրել է շուրջ 30 խմբերգ («Հոյնար», «Դալիլո», «Վարդերի հետ» և այլն) և հայ բանաստեղծների խոսքերով 10 մեներգ՝ դաշնամուրի նվագակցությամբ («Օրոր», «Ասում են ուռին», «Ալվարդի երազը» և այլն), որոնք առանձնանում են մեղեդայնությամբ և վոկալի նուրբ զգացողությամբ։ Հեղինակ է նաև 20 մանկական երգերի և «Աբեղա» (ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի) երգային օպերայի։ Կանաչյանի ստեղծագործության մեջ առավել ուշագրավ է «Նանոր» վիպական-դրամատիկական խմբերգային ծավալուն պատկերը, որը հայ դասական խմբերգային արվեստի նշանավոր երկերից է։ Հայտնի է «Բա՛մ, փորոտան» հայրենասիրական երգի նրա մշակումը։ Կանաչյանի խմբերգերն ու մեներգերը մասամբ հրատարակվել են Բեյրութում (1946–1948) և Երևանում (1969)[4]։
Պարգևներ
Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվել է արաբական և ֆրանսիական շքանշաններով, այդ թվում Լիբանանի «Մայրու Առաջին կարգի» պատվո նշանով։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Բարսեղ Կանաչյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
Արտաքին հղումներ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսեղ Կանաչյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսեղ Կանաչյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 235)։ |