Բուդապեշտի օպերետի թատրոն
Բուդապեշտի օպերետի թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Հունգարիա[1] |
Գտնվելու վայրը | Բուդապեշտի IV շրջան |
Անվանված է | Károly Somossy? և Q45903802?[2] |
Ճարտարապետ | Fellner & Helmer և László Vágó? |
Budapesti Operettszínház Վիքիպահեստում |
Բուդապեշտի օպերետի թատրոն (հունգ.՝ Budapesti Operettszínház), երաժշտական թատրոն Բուդապեշտի կենտրոնում։ Թատրոնի խաղացանկում կան օպերետներ և մյուզիքլներ։ Թատրոնի դիմաց է գտնվում Իմրե Կալմանի արձանը, որը պատկերում է դեպի թատրոնի շենքը նայող կոմպոզիտորին։
Ստեղծման պատմություն
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը շենքում գտնվում էր «Օրֆեում» կաբարեն։ Պատերազմի սկսվելուց հետո վայրը փակվել է որպես «թեթևամիտ զվարճանքի կենտրոն»` վերջ դնելով «Օրֆեումի ոսկեդարին»։ 1923 թվականին որոշվել է Բուդապեշտում ունենալ օպերետի տուն։ Բացվել է «Մետրոպոլիտեն» օպերետի թատրոնը, Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է օպերետի «արծաթե ժամանակաշրջանը»։ Թատրոնի համար առավել կարևոր է դարձել հունգարական դասական օպերետի ավանդույթների շարունակումն ու նոր, ժամանակակակից բեմական լուծումների ավելացումը։ Վիեննայից հետո Բուդապեշտը դարձել է այն քաղաքը, որտեղ հանդիսատեսը կարող էր դիտել որակյալ ներկայացումներ։
Շենք
Թատրոնի ժամանակակից շենքը կառուցվել է այդ ժամանակի հայտնի վիեննացի ճարտարապետներ Ֆելների և Հելմերի կողմից 1894 թվականին։ Մեծ դահլիճի ընդարձակ բեմը շրջապատված է առանձին օթյակների կիսաշրջանով, իսկ պարտերի հատվածում բավականաչափ տեղ կար ոչ միայն վալս, այլև` պոլկա և քառարշավ պարելու համար։ 1966 թվականին շենքը վերակառուցվել է։ Ներքին ողջ նախագիծը ձևափոխվել է` առավել շատ տեղ ազատելու համար։ 1999-2001 թվականներին իրականացվել է ևս մեկ վերանորոգում։ Շենքն ապահովվել է թատերական նորագույն գույքով, սրահը ներկվել է, ավեալցվել է օթյակների ևս մեկ շարք։ Այսօր թատրոնը տեղավորում է 901 հանդիսատես։ Սրահը լուսավորվում էվալեի քան 100 տարեկան ջահով։ Օթյակների շարքը, թավիշով պատված պատերը, ոսկեզօծ զարդարանքները հանդիսատեսին վերադարձնում են 20-րդ դարի սկիզբ, և թատրոն կատարած յուրաքանչյուր այցելություն վեր է ածվում տոնի։
Գեղարվեստական գործունեություն
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Միկլոշ Գաբոր Կերենյին է։ Նրա ղեկավարությամբ թատրոնն աշխատում է երկու ուղղություններով` բեմադրելով դասական օպերետներ և համաշխարհային ժամանակակից մյուզիքլներ հունգարերենով[3] Հունգարական օպերետներն իրենց ոգևորող ոգով, ազգային պարերով, կենսուրախ կերպարներով հայտնի են ամբողջ աշխարհում։ Թատրոնը բեմադրում է ամենահայտնի հեղինակների, այդ թվում` Իմրե Կալմանի և Ֆրանց Լեգարի ստեղծագործությունները։ Տարբեր ժամանակներում թատրոնի բեմում բեմադրվել են «Մարիցա», «Պարահանդես Սավոյում», «Բարոնուհի Լիլի», «Գնչուական սեր», «Ուրախ այրին» և մի շարք այլ ներկայացումներ։
Կերենիի բեմադրած մյուզիքլները մեծ հաջողություն ունեն, դրանց CD և DVD տարբերակները միանգամից դառնում են ոսկե և պլատինե։ Հաջողությամբ բեմադրվել են այնպիսի համաշխարհային մյուզիքլներ, ինչպիսիք են «Էլիզաբեթը», «Վեսթսայդյան պատմություն»-ը, «Մոցարտ», «Գեղեցկուհին ու հրեշը»։ Ավելի քան 10 տարի թատրոնի բեմում ցուցադրվում է Ժերար Պրեսգյուրվիկի «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլի հունգարական տարբերակը։ 2010 թվականի լավագույն ներկայացումն էր «Ռեբեկա» մյուզքիլը։ 2011 թվականին կրկին բեմադրվել է «Միսս Սայգոն» մյուզիքլը։ 2012 թվականին թատրոնի բեմ է վերադարձել «Էլիզաբեթ» մյուզիքլը։ 2012-2013 թվականների թատերաշրջանի ավարտին թատրոնը միանգամից երկու առաջնախաղ է ունեցել. «Ուրվական» բրոդվեյան մյուզիքլն ըստ համանուն ֆիլմի[4] և ֆրանսիական «Քամուց քշվածները» մյուզիքլը, որի կոմպոզիտորը Ժերար Պրեսգյուրվիկն է։ Վերջինս նախ ցուցադրվել է Սեգեդի փառատոնում, այնուհետև մտել է թատրոնի հիմնական խաղացանկի մեջ[5]։ 2014 թվականի մի քանի տասնամյակի ընդմիջումից հետո թատրոնում ներկայացվել է «Աստծո փողերը» ռոք-օպերան` գրված ըստ Չարլզ Դիքենսի «Սուրբ Ծննդյան երգը» ստեղծագործության։
Թատրոնն ունի նաև սեփական բեմադրություններ, որոնցից են «Աբիգել» մյուզիքլն ըստ հունգարացի գրող Մագդա Սաբոյի վեպի, «Հիանալի ամառային օրեր» մյուզիքլը` գրված ըստ հունգարական հայտնի Neoton Família խմբի երգերի, «Իշտվան արքա» և «Ձեզ հետ, պարո՛ն» ռոք-օպերաները, որոնք պատմում են հունգարացի առաջին արքա Իշտվանի կյանքի մասին[6] Թատրոնի ներկայացումներն անց են կացվում ոչ միայն թատրոնի շենքում, այլև «Ռակտար» անունը կրող փոքր դահլիճում, ինչպես նաև` մի քանի այլ թատրոնների բեմերում։ Պարբերաբար կազմակերպվում են ելույթներ քաղաքի բաց հրապարակներում, փողոցային թատերական փառատոներ, որտեղ ներկայացվում են հանդիսատեսին թատերաշրջաններից հայտնի ներկայացումներ, ինչպես նաև` առաջնախաղեր։ Արդեն մի քանի տարի շարունակ թատրոնը մասնակցում է Արվեստի գիշերվան և Թատերական գիշերվան, կազմակերպվում են հանդիպումներ հանդիսատեսի հետ, էքսկուրսիաներ կուլիսների հետևում և այլ միջոցառումներ։ Թատրոնն ակտիվորեն համագործակցում է այլ երկների հետ ևս։ Վերջերս համատեղ բեմադրություններ են իրականացվել Բուխարեստի, Պրահայի, Զալցբուրգի, ինչպես նաև` Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ։ Այս տարի նշվում է երկու թատրոնների համագործակցության 10 տարին։ Թատրոնն ակտիվորեն հյուրախաղեր է կազմակերպում, հատկապես` Գերմանիայում և Ավստրիայում։ 2015-2016 և 2016-2017 թվականների թատերաշրջաններում թատրոնը մեծ շուքով նշել է «Չարդաշի թագուհի» ներկայացման 100-ամյակը։ Խաղալով տարեկան 500 ներկայացում և ունենալով ընդհանուր 400.000 հանդիսական` Բուդապեշտի օպերետի թատրոնն ամենահայտնին է Հունգարիայում և ամենահայտնիներից մեկը` Եվրոպայում։
Ծանոթագրություններ
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://library.hungaricana.hu/hu/view/SZAK_SZIN_Szf_55/?query=1923*%20febru%C3%A1r&pg=6&layout=s
- ↑ «: KERO® — Kerényi Miklós Gábor». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Ghosts do exist!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Tízmásodpercenként vált jelmezt Scarlett...». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «: Operettek/Musicalek». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
- Operettszínház.hu Արխիվացված 2011-11-01 Wayback Machine