Բրահմապուտրա, գետՉինաստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում։ Կազմավորվում է Հիմալայների հյուսիսային լանջերից և Կայլաս լեռնաշղթայի հարավային լանջերից սկիզբ առնող մի քանի օժանդակների միախառնումից (մոտ 4800 մ բարձրության վրա)։ Ստորին հոսանքում հոսում է Բենգալյան հարթավայրով։ Թափվում է Բենգալյան ծոցը՝ Գանգեսի հետ առաջացնելով ընդհանուր դելտա (տարածքը ավելի քան 80 հազար կմ քառակուսի)։ Երկարությունը 2900 կմ. նավարկելի է 1290 կմ (Տիբեթում՝ առանձին հատվածներում)։
Անվանում
Անվանումը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «Բրահմա աստծու որդի» (Բրահման հնդկական աստվածային երորդության մեջ դիտվում է որպես գլխավոր և արարչագործ աստված)։ Առանձին հատվածներում անվանվում է Մացանգ, Յանգպո (Տիբեթում), Դիհանգ (Հիմալայները կտրելու տեղում), Ջամունա (Բանգլադեշում)[1]։
Աղբյուրներ
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 88.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 554)։