Գաղափարախոսական պլյուրալիզմ
Գաղափարախոսական պլյուրալիզմ , սկզբունք, ըստ որի զաղափարախոսական բոլոր ուսմունքները, հայեցակարգերը կարող են միաժամանակ գոյություն ունենալ և մարդիկ ազատ են դավանելու ցանկացած գաղափարախոսություն։
Սահմանադրական առումով գաղափարախոսական պլյուրալիզմ նշանակում է, որ բոլոր գաղափարախոսությունների ազատությունը և հավասարությանը երաշխավորվում է սահմանադրությամբ, դրանք բոլորը հավասար են օրենքի առջև և արգելվում է դրանցից որևէ մեկի նկատմամբ խտրականության դրսևորում կամ որևէ մեկին արտոնության շնորհում։ ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում գաղափարախոսությունների համար սահմանվում են որոշակի սահմանափակումներ, եթե դրանք օգտագործվում են սահմանադրական կարգը բոնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն և պատերազմ քարոզելու նպատակով։ Ամբողջատիրական, բռնապետական պետություններում գաղափարախոսական պլյուրալիզմը մերժվում է և նախապատվությունը տրվում է կոնկրետ գաղափարախոսությանը, որը որպես կանոն, ամրագրվում է սահմանադրությամբ։ Այդպիսի մոտեցում առկա էր, մասնավորապես ԽՍՀՄ-ում, որի Սահմանադրության վեցերորդ հոդվածը ամրագրում էր մարքս-լենինյան գաղափարախոսության առաջատար դերը։ Գաղափարախոսական պլյուրալիզմի սկզբունքն ընդհանուր առմամբ բխում է խոսքի ազատության, տեղեկատվության ազատության, մտքի և խղճի ազատության, դավանանքի ազատութան, կարծիքը պնդելու և համոզմունքները արտահայտելու ազատության, գրական, գեղարվեստական, գիտական ստեղծագործության ազատության իրավունքներից, որոնք դասվում են մարդու իրավունքների շարքը և հիմնականում ամրագրված են ժողովրդավարական բոլոր պետությունների սահմանադրություններում։
Մի շարք պետությունների (Ռուսաստան, Բուլղարիա, Բելառուս, Ուզբեկստան, Ուկրաինա, Սլովակիա) սահմանադրություններում Գաղափարախոսական պլյուրալիզմի պաշտպանության նպատակով ամրագրված է, որ ոչ մի գաղափարախոսություն չի կարող լինել պետական կամ պարտադիր։ Գաղափարախոսական պլյուրալիզմի սկզբունքն անմիջականորեն աղերսվում է քաղաքական պլյուրալիզմի սկզբունքին, քանզի գաղափարախոսությունները ընկած են քաղաքական կուսակցությունների գործունեության հիմքում։
Աղբյուրներ
- Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва