Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Գյոլգմբեթ, Գյոքգմբեթ, Գյոյքյումբեթ, Թագգյումբեթ անվանումները։ Գեղանիստ անվանվել է 1949 թվականին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ Գյուղն ընկած է Հրազդան գետի աջ ափին՝ Արարատյան հարթավայրում։
Կլիման
Գտնվում է ծովի մակարդակից 870 մ բարձրության վրա, կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր։ Օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +24-ից +26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուրոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքի տարածքը ընկած է բացարձակ ոռոգման տարածքում։
Գյուղն ունի 729 տնտեսություն։ Համայնքն ունի վարչական շենք, դպրոց, բուժամբուլատորիա, մանկապարտեզ, մշակույթի տուն, զոհվածների հուշարձան, գերեզմանատուն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն ու ծաղկաբուծությունն է։ Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղնշանակության հողերը կազմում են շուրջ 62 հա։ Գյուղատնտեսական նշանակության հողերի 90% օգտագործվում է որպես վարելահող՝ զբաղեցնելով 53 հա։ Պտղատու և խաղողի այգիները փոքր տարածք են զբաղեցնում։ Մշակվում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ծաղկատեսակներ։ Բնակչությունն բաղվում է նաև կաթնամսատու անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես օգտագործվում են որպես այգիներ, վարելահողեր։ Արդյունաբերություն չունի։