Գրպանային ընկերություն
Գրպանային ընկերություն, առանց էական ակտիվների կամ գործառնությունների կորպորացիա կամ ընկերություն, որը հաճախ ձևավորվում է նախքան բիզնես սկսելը ֆինանսավորում ստանալու նպատակով։ Գրպանային ընկերությունները հիմնականում եղել են դրանց սեփականատերերի ինքնությունը օրինական կերպով թաքցնելու միջոցներ, և սա դեռ շարունակում է մնալ գրպանային ընկերությունների բնորոշ հատկանիշը համաշխարհային կորպորատիվ թափանցիկությանը միտված նախաձեռնությունների բացերի պատճառով: Դրանք կարող են ունենալ պասիվ ներդրումներ կամ լինել ակտիվների, օրինակ՝ մտավոր սեփականության կամ նավերի գրանցված սեփականատեր:
Գրպանային ընկերությունները կարող են գրանցված լինել այն ընկերության հասցեով, որը դրանց հիմնադրման ծառայություններն է մատուցում, և որը կարող է հանդես գալ որպես իրավական նամակագրության ստացման գործակալ (օրինակ՝ հաշվապահ կամ իրավաբան): Ընկերությունը կարող է ծառայել որպես բիզնես գործարքների միջոց՝ ինքնին առանց որևէ նշանակալի ակտիվների կամ գործառնությունների[1]: Անանունությունը կարող է անհրաժեշտ լինել` պաշտպանելու սեփական ակտիվները ուրիշներից՝ ամուսնուց/կնոջից (ամուսնությունը խզվելու դեպքում), պարտատերերից, պետական պաշտոնյաներից և այլոցից։
Գրպանային ընկերությունները կարող են ունենալ նաև օրինական բիզնես նպատակներ, օրինակ՝ հանդես գալ միայն որպես վստահության հիմնադրամի (trust) հավատարմատար՝ որևէ այլ գործողություն չանելով։ Այսպիսի կառուցվածքը սահմանափակ պատասխանատվություն է ստեղծում հավատարմատարի համար։ Գրպանային ընկերությունը նաև կարող է հիմնվել որոշակի համագործակցության հենքի վրա՝ ստեղծելով սահմանափակ պատասխանատվություն գործընկեր բիզնես ձեռնարկությունների համար կամ չեզոքացնելով բիզնեսի մի մասի ռիսկերը մյուս մասի ռիսկերից։ Գրպանային ընկերությունները կարող են օգտագործվել ակտիվները մեկ ընկերությունից նոր ընկերություն փոխանցելու համար՝ թողնելով պարտավորություններընախկին ընկերությանը: Դրանք նաև օգտագործվում են ունևոր անհատների և հայտնիների կողմից՝ գաղտնիության և անվտանգության նկատառումներով[1]: Համապատասխանաբար, գրպանային ընկերությունները կարող են օգտագործվել իրենց իրական սեփականատերերի կողմից և՛ դրամական, և՛ ոչ նյութական մասնավոր օգուտներ ստանալու համար[2]:
Ընկերությունը համարվում է գրպանային, եթե
- ընդհանրապես չունի գործառնություններ, կամ այդ գործառնությունները զուտ ձևական բնույթ ունեն, և
- կամ
- ընդհանրապես չունի ակտիվներ, կամ ակտիվները անվանական են
- ակտիվները բացարձակապես կանխիկ են և կանխիկին համարժեք, կամ
- ակտիվները բաղկացած են ցանկացած գումարի դրամական միջոցներից և դրանց համարժեքներից, ինչպես նաև անվանական այլ ակտիվներից[3]
Հնարավոր է, որ գրպանային ընկերությունը նախկինում ունեցած լինի որոշակի բիզնես գործառնություններ, որոնք, սակայն, կրճատված լինեն շուկայական անբարենպաստ պայմանների կամ ընկերության սխալ կառավարման պատճառով։ Այն նաև կարող է առաջանալ, երբ ընկերության գործառնությունները դադարեցվել են, օրինակ, մեկ այլ ընկերության կողմից դրա ձեռքբերման արդյունքում, սակայն սկզբնական ընկերության հետ կապերը շարունակում են գոյություն ունենալ[4]։ «Գրպանային ընկերություն» եզրույթը չի նկարագրում կորպորատիվ միավորի նպատակը, սակայն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ ծավալի տեղեկատվություն է տալիս կազմակերպությունը դասակարգելու համար՝ ըստ որոշակի կորպորատիվ կառուցվածքում նրա դերի, օրինակ` հոլդինգային ընկերություն, գլխավոր գործընկեր կամ սահմանափակ գործընկեր:
Գրպանային ընկերությունները ստվերային տնտեսության հիմնական բաղադրիչներից են հատկապես օֆշորային գոտու բիզնեսների համար։ Դրանք նաև հայտնի են միջազգային բիզնես ընկերություններ, անձնական ներդրումային ընկերություններ, «դիմակային ընկերություններ», «փոստարկղ ընկերություններ» և այլ անուններով։ Չնայած գործածության մեջ սրանց իմաստները գործնականում շատ մոտ են, սակայն այդ եզրույթները ունեն տարբեր նշանակություն. յուրաքանչյուրը ստեղծվել է անօրինականության առանձին դեպք նկարագրելու համար[1]: Գրպանային ընկերությունները օգտագործվում են նաև հարկերից խուսափելու նպատակով։ Դասական սխեմա է մի քանի կորպորատիվ կազմակերպությունների միջև բարենպաստ «փոխանցման (տրանսֆերային) գնագոյացման» միջոցով որևէ երկրում հարկային պարտավորությունների նվազեցումը («կրկնակի իռլանդական» սկզբունքով կատարվող անօրինական պայմանավորվածություններ)[5]:
Գրպանային ընկերությունների հիմնադրման տարածված նպատակներից մեկն էլ անանունության ապահովումն է։ 2013 թվականին իրականացված մի փորձնական հետազոտության շրջանակներում հետազոտողները ծառայություն մատուցող ընկերություններից խնդրում էին ապահովել իրենց համար անանուն գրանցում, ինչը միջազգային իրավունքի խախտում է։ Հետազոտողների կողմից դիմած յուրաքանչյուր չորրորդ ընկերություն առաջարկել է նմանատիպ ծառայությունների մատուցում` դրանով իսկ խախտելով միջազգային օրենքը[6]:
Օրինակներ
Գրպանային ընկերությունները կարող են օգտագործվել մեկ ընկերության ակտիվները նոր ընկերությանը փոխանցելու համար՝ խուսափոլով նախկին ընկերության պարտավորություններից: Օրինակ` երբ 2013թ․ հունիսին Sega Sammy Holdings-ը գնեց սնանկացած Index Corporation-ը, նրանք նույն թվականի սեպտեմբերին ստեղծեցին Sega Dream Corporation կոչվող գրպանային ընկերությունը, որին փոխանցվեցին հին ընկերության արժեքավոր ակտիվները, ներառյալ Atlus ապրանքանիշը և Index Corporation-ի մտավոր սեփականությունը[7]։ Սա նշանակում էր, որ հին ընկերության պարտավորությունները թողնվեցին հին ընկերությանը, իսկ Sega Dream-ը ստանում էր հին ընկերության բոլոր ակտիվները։ Նախկին Index Corporation-ն այնուհետև լուծարվեց, իսկ Sega Dream Corporation-ը 2013 թվականի նոյեմբերին վերանվանվեց Index Corporation։
Մեկ այլ օրինակ էր HMV Canada-ի գնումը Hilco-ի կողմից։ Այս գործարքն անելու համար Hilco-ն օգտագործեց Huk 10 ՍՊԸ անունով գրպանային ընկերություն[8]` ֆինանսական միջոցներ ապահովելու և միաժամանակ պարտավորությունները նվազագույնի հասցնելու նպատակով: Այնուհետև Huk 10 ՍՊԸ-ն դատի է տվել HMV-ին` այդպիսով թույլ տալով, որ Hilco-ն վերականգնի ակտիվները և տնօրինի HMV Canada-ն:
Որպես մեկ այլ օրինակ` օֆշորային գոտում գրանցված գրպանային ընկերության օգտագործումը հնարավորություն է տալիս շահույթը տեղափոխել այդ գրպանային ընկերություն` հարկերից խուսափելու հստակ ռազմավարությամբ: Դիցուք` ապրանքներ ներմուծող ամերիկյան ընկերությունը պետք է վճարի ԱՄՆ-ում վճարի շահութահարկ, սակայն այդ պարտավորությունից խուսափելու նպատակով այն կարող է ապրանքները գնել օֆշորային գոտում գտնվող ոչ ռեզիդենտ գրպանային ընկերության միջոցով։ Գրպանային ընկերությունը ապրանքները կգնի իր անունով, կմակնշի դրանք և կվաճառի ամերիկյան ընկերությանը` այդպիսով շահույթն ուղղորդելով դեպի օֆշոր (չնայաժ, որ ապրանքները երբեք ֆիզիկապես չեն անցնի օֆշորային գոտով, այլ ուղիղ կտեղափոխվեն դեպի ամերիկյան ընկերություն): Քանի որ գրպանային ընկերությունը տեղակայված չէ ԱՄՆ-ում, դրա շահույթը ենթակա չէ ամերիկյան հարկմանը, և քանի որ այն օֆշորային ընկերություն է, օֆշորային գոտու օրենսդրությամբ այդտեղ ևս վաճառքից ստացված եկամուտը չի հարկվում։
Բացի դրանից, կան նաև մի շարք գրպանային ընկերություններ, որոնք օգտագործվում են հեռարձակող խմբերի կողմից` հեռուստաընկերության սեփականության հետ կապված սահմանափակումները շրջանցելու նպատակով[9]:
Տեղակայման/գրանցման երկրներ
Գրպանային ընկերությունների գրանցվում/տեղակայվում են օֆշորային ֆինանսական այնպիսի կենտրոններում, ինչպիսիք են Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Մեն կղզին, Նորմանդյան կղզիները՝ Եվրոպայում, Կարիբյան ավազանի երկրները (Բահամյան կղզիներ, Բարբադոս, Բերմունդյան կղզիներ Կայման կղզիներ և Վիրջինյան կղզիներ), Պանաման՝ Կենտրոնայան Ամերիկայում, և Հոնգ Կոնգն ու Սինգապուրը՝ Ասիայում։ Սովորաբար հենց այս երկրներում գործող իրավաբանական գրասենյակներն են առաջարկում գրպանային ընկերություններ ստեղծելու տարբերակներ[10]։ Իսկ գրանցելու գործընթացը երբեմն կարող է կազմակերպվել բավականին արագ՝ առցանց[11]։
Չարաշահում
Գրպանային ընկերությունները օգտագործվել են խարդախություն կատարելու համար՝ ստեղծելով ֆիկտիվ ընկերություններ, որոնք անվանումով նման են իրականում գոյություն ունեցող ընկերություններին, այնուհետև թանկացնելով դատարկ ընկերության արժեքն ու հանկարծակիորեն վաճառելով այն (pump & dump սխեմա)։
Կան նաև գրպանային ընկերություններ, որոնք ստեղծվել են ակտիվներ (ինչպես նյութական՝ անշարժ գույք և այլն, այնպես էլ ոչ նյութական՝ ռոյալթիներ, հեղինակային իրավունքներ) տիրապետելու և եկամուտ ստանալու նպատակով։ Նման ընկերություն ստեղծելու պատճառներից կարող են լինել դատական հետապնդումներից պաշտպանությունը և/կամ հարկային արտոնությունները (որոշ ծախսեր, որոնք անհատի համար չեն նվազեցվի, սակայն կարող են արվել կորպորացիայի համար): Երբեմն գրպանային ընկերություններն օգտագործվում են հարկերից խուսափելու նպատակով[12]։
Օֆշորային արտահոսքեր
2013 թվականին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը «Օֆշորային արտահոսքեր» վերնագրով զեկույց հրապարակեց, որը պարունակում էր տեղեկատվություն 130,000 գրպանային ընկերությունների օգտագործման և դրանց սեփականատերերի մասին։ Այդ գրպանային ընկերությունների մեծ մասը պատկանում էին քաղաքական գործիչների և հայտնիների ամբողջ աշխարհում, և օգտագործվում էին հարկերից խուսափելու և ֆինանսական ակտիվները թաքցնելու նպատակով[13]։
Պանամայի փաստաթղթեր
2016 թվականին գերմանական Süddeutsche Zeitung պարբերականում եղավ 11.5 միլիոն փաստաթղթերի արտահոսք, որտեղ ներկայացված էր ավելի քան 214,000 գրպանային ընկերությունների սեփականատերերի մասին տեղեկատվություն, որոնց վարչարարությամբ զբաղվում էր Պանամայում գրանցված Mossack Fonseca իրավաբանական գրասենյակը։ Այդ գրպանային ընկերություններն օգտագործում էին ամբողջ աշխարհում քաղաքական գործիչների, գործարարների, ավտորիտար առաջնորդների և ահաբեկիչների կողմից՝ հարկերից խուսափելու և անօրինական գործողություններ կատարելու նպատակով[10]։
Կարգավորումներ
Քանի որ գրպանային ընկերությունները հաճախ օգտագործվում են տարբեր անօրինական նպատակներով, դրանց կարգավորումը ավելի է կարևորվում ապօրինի գործողությունները կանխելու տեսանկյունից։
Միացյալ Թագավորություն
Ներկայումս բրիտանական անդրծովյան և թագավորական գահի ենթակայության տակ գտնվող տարածքներում ընկերությունները պարտավորված են իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն տրամադրել՝ պետական իրավապահ մարմինների հարցումների դեպքում։ Սակայն 2020 թվականից նրանք նաև պետք է հանրային ռեգիստրում հրապարակեն այդ անունները, որպեսզի կանխեն գրպանային ընկերությունների անանունությունը[14]։
ԱՄՆ
2016 թվայանից ԱՄՆ-ում բանկերը պարտավորված են իմանալ իրենց հաճախորդների անունները և պաշտոնական հարցումների դեպքում դրանք տրամադրել իրավապահ մարմիններին։ Այդպիսով գրպանային ընկերությունների անանուն չարաշահումը կանխվում է[15]։ 2021 թվականի հունվարից գրպանային անանուն ընկերությունների գործունեությունն ԱՄՆ-ում արգելված է[16]։
Հնդկաստան
2017 թվականին Հնդկաստանի կառավարության եկամուտների քարտուղարի և կառավարության կորպորատիվ հարցերով քարտուղարի նախագահությամբ ստեղծվել է «Գրպանային ընկերությունների հարցերով աշխատանքային խումբ»՝ դրանց կողմից կատարված չարաշահումները համապարփակ կերպով լուծելու համար[17]։
Եվրոպական միություն
2021 թվականի դեկտեմբերի 22-ին Եվրոպական հանձնաժողովն ընդունել է ԵՄ դիրեկտիվի առաջարկը՝ բացահայտելու գրպանային ընկերությունների՝ հարկերից խուսափելու նպատակով կատարվող չարաշահումները[18]։ Որպեսզի այս հրահանգն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամների ֆինանսների նախարարներ կոնսենսուսային համաձայնությունը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Murat Can, Pehlivanoğlu (2023). Paravan Şirket (Shell Company). Istanbul: On İki Levha Yayıncılık. ISBN 978-625-432-623-3.
- ↑ Non-Pecuniary Private Benefits in Publicly Traded Corporations How Involuntary Dissolution Statute May Be the Solution, Murad Can (2024). Non-Pecuniary Private Benefits in Publicly Traded Corporations How Involuntary Dissolution Statute May Be the Solution. Leiden: Brill Nijhoff. ISBN 978-90-04-68651-9.
- ↑ «17 CFR § 240.12b-2 - Definitions». LII / Legal Information Institute (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ «Shell corporation dictionary definition | shell corporation defined». Webster's New World Finance and Investment Dictionary. 2016-04-08. Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ «Double Irish With a Dutch Sandwich: Definition and How It's Used». Investopedia (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ Findley, Michael G.; Nielson, Daniel L.; Sharman, J.C. (2013-10). «Using Field Experiments in International Relations: A Randomized Study of Anonymous Incorporation 1». International Organization (անգլերեն). 67 (4): 657–693. doi:10.1017/S0020818313000271. ISSN 0020-8183.
- ↑ «Notice of Conclusion regarding Business Transfer Agreement of Index Corporation» (PDF). Sega Sammy Holdings Inc. 2013.
- ↑ «HUK 10 LIMITED overview - Find and update company information - GOV.UK». find-and-update.company-information.service.gov.uk (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ Տես օրինակ. «Family's TV Clout in Bush's Corner, Howard Kurtz and Frank Ahrens, Washington Post, October 12, 2004, Page A1». Washingtonpost.com.
- ↑ 10,0 10,1 Zeitung, Süddeutsche. «All you need to know about the Panama Papers». Süddeutsche.de (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ «Setting up your own tax haven shell company takes 10 minutes». triple j (ավստրալիական անգլերեն). 2016-04-04. Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ Nicholas Shaxson, Treasure Islands: Tax Havens and the Men who Stole the World, Random House, January 2011
- ↑ «ICIJ Offshore Leaks Database». offshoreleaks.icij.org. International Consortium of Investigative Journalists (ICIJ). Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ «UK moves to trace overseas shell firm owners – DW – 05/01/2018». dw.com (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ «In an attempt to curb black money, PM Narendra Modi declares Rs 500, 1000 notes to be invalid». The Economic Times. 2016-11-09. ISSN 0013-0389. Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ Kirby, Jen (2020-12-21). «The US has made its biggest anti-money-laundering changes in years». Vox (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
- ↑ «'Task Force on Shell Companies' for effectively tackling the malpractices».
- ↑ «Questions and Answers on the Commission's proposal to end the misuse of shell entities». European Commission - European Commission. Վերցված է 2025-01-13-ին.