Դադասահեբ Փհալկե
Դադասահեբ Փհալկե մարաթհի՝ दादासाहेब फाळके | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1870[1][2] |
Ծննդավայր | Նասիկ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 16, 1944[1][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Նասիկ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան |
Կրթություն | Սըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց և Maharaja Sayajirao University of Baroda? |
Երկեր | How Films Are Made?, Raja Harishchandra?, Lanka Dahan?, Satyavan Savitri?, Mohini Bhasmasur?, Shri Krishna Janma?, Buddhadev?, Setu Bandhan? և Gangavataran? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող |
Dadasaheb Phalke Վիքիպահեստում |
Դադասահեբ Փհալկե (մարաթհի` दादासाहेब फाळके (արտասանությունը ), իրական անունը` Դհունդիռաջ Գովինդ Փհալկե, ծնվ. 1870 թ. ապրիլի 30, Նաշիկ - մահ. 1944 թ. փետրվարի 16, Նաշիկ, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, հայտնի է որպես «հնդկական կինոյի հայր»։
Կենսագրություն
Դադասահեբ Փհալկեն ծնվել է բրահմանների ընտանիքում։ Նրա հայրը սանսկրիտի գիտակ էր։ Իր ուսումը Դադասահեբ Փհալկեն ստացել է Բոմբեյի արվեստների դպրոցում, որն այն ժամանակների համար եվրոպական տիպի կրթություն էր համարվում։ Այնուհետև ուսումը շարունակել է Վադոդարայի համալսարանում, որտեղ սովորել է քանդակագործություն, նկարչություն և լուսանկարչություն։ Դեռ սովորելու տարիներին նա հետաքրքրվում էր տեխնիկայով ու արվեստներով։ Իր աշխատանքային կարիերան սկսել է լուսանկարչությունից՝ աշխատելով Գոդհրա քաղաքում, սակայն ստիպված էր թողնել աշխատանքը՝ ժանտախտից առաջին կնոջ և երեխայի մահվան պատճառով։
Այնուհետև աշխատել է Հնդկաստանի հնագիտական վարչությունում ` որպես գծագրող։ Չկարողանալով բավարարել իր պահանջները, նա աշխատանքի է անցել տպագրությունում ` մասնագիտանալով լիտոգրաֆիայի և քրոմոլիտոգրաֆիայի ասպարեզում։ Այդ տարիներին նա աշխատել է հայտնի նկարիչ Ռաջա Ռավի Վարմայի մոտ։ Հետագայում մեկնել է Գերմանիա, այնտեղ զարգացնելով իր հմտությունները, տիրապետելով նորագույն տեխնոլոգիաներին և սարքավորումներին։
1900-ական թվականներին, ինչպես աշխարհի շատ քաղաքներում, Բոմբեյում նույնպես ցուցադրվում էին Եվրոպայում նկարված նորահայտ արվեստի՝ սինեմայի նմուշներ։ Այդ կինոդիտումներից մեկի ժամանակ Դադասահեբ Փհալկեն դիտել է «Քրիստոսի կյանքը» ֆիլմը։ Դրանից հետո նրա ուշադրությունը բևեռվել էր շարժանկարների վրա։ Նա պատկերացնում էր հնդկական աստվածներին՝ էկրանի վրա։
Մեծ դժվարությունների գնով և ֆինանսական սղության պայմաններում, Դադասահեբ Փհալկեն սկսեց նկարահանել իր ֆիլմը։ Նա և ռեժիսոր էր և սցենարիստ և օպերատոր։ Անձամբ զբաղվում էր դերասանների դիմահարդարումով, ժապավենի երևակումով ու հայտածումով, ինչպես նաև մոնտաժով։ Դրա պատճառն այն էր, որ ուրիշ ոչ ոք չէր կարողանում այդ աշխատանքները կատարել։ Այդպես ստեղծվել է նրա առաջին ֆիլմը, որը ցուցադրվել է Բոմբեյի Coronation Cinema դահլիճում։
Դադասահեբ Փհալկեն իր առաջին «Ռաջա Հարիշչանդրա» կինոնկարը նկարահանել է 1913 թվականին, որը Հնդկաստանի առաջին համր ֆիլմն էր։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Դադասահեբ Փհալկեն նկարահանել է 95 լիամետրաժ և 26 կարճամետրաժ ֆիլմեր։ Նրա կինոնկարներից առավել հայտնի են «Մոհինի և Բհասմասուր» (1913 թ.), «Սաթյավան և Սավիթրի» (1914 թ.), «Լանկան կրակի մեջ» (1917 թ.), «Շրի Կրիշնայի ծնունդը» (1918 թ.), «Կրիշնայի մանկությունը» (1919 թ.) և այլն։
Դադասահեբ Փհալկեի պատվին, 1969 թվականից Հնդկաստանի բարձրագույն կինեմատոգրաֆիական պարգևը կրում է նրա անունը (Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակ)[3]։
Ֆիլմագրության ընտրանին
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1913 | Ռաջա Հարիշչանդրա | Raja Harishchandra |
1913 | Մոհինի և Բհասմասուր | Mohini Bhasmasur |
1914 | Սաթյավան և Սավիթրի | Satyavan Savitri |
1917 | Լանկան կրակի մեջ | Lanka Dahan |
1918 | Շրի Կրիշնայի ծնունդը | Shri Krishna Janma |
1919 | Կրիշնայի մանկությունը | Kaliya Mardan |
1937 | Գանգեսի ծագումը | Gangavataran |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Dadasaheb Phalke, the father of Indian cinema
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դադասահեբ Փհալկե» հոդվածին։ |
|