Դանիել Մյունտե Ագգեր, (դան․՝ Daniel Munthe Agger, դեկտեմբերի 12, 1984(1984-12-12)[1][2][3], Վիդովրե, Կոպենհագեն շրջան, Դանիա), դանիացի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս՝ Դանիայի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնում հանդես եկող HB Køge թիմի գլխավոր մարզիչ։ Եղել է «Բրոնդբյու» ակումբի և Դանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանը և հավաքականի ավագը։ 2006-2014 թվականներին հանդես է եկել անգլիական «Լիվերպուլ»-ում։
Մասնագետների բնորոշմամբ՝ Ագգերը որպես ֆուտբոլիստ կարողացել է «հիանալի կերպով կարդալ խաղը, հմտորեն տիրել գնդակին և տիրապետել է հզոր հարվածների»[4]։ Նա երկու անգամ՝ 2007 և 2012 թվականներին, Դանիայում հռչակվել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»։
«Բրոնդբյու»-ում իր կարիերան սկսել է 2004 թվականի հուլիսից, այդ թիմի կազմում դարձել դանիական սուպերլիգայի չեմպիոն և Դանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող։ 2006 թվականի հունվարին տեղափոխվել է «Լիվերպուլ», որի կազմում մասնակցել է Անգլիայի պրեմիեր լիգայի 175 խաղի (իսկ ընդհանուր առմամբ՝ 232 խաղի), նվաճել լիգայի գավաթը և սուպերգավաթի դեր կատարող «համագործակցության վահան» մրցանակը (Football Association Community Shield): Անձնական պատճառներով 2014 թվականի օգոստոսին վերադարձել է հայրենի Դանիա, ևս երկու տարի հանդես եկել հարազատ «Բրոնդբյու»-ում, այնուհետև (31 տարեկան հասակում) թողել է ակտիվ սպորտը և անցել մարզչական աշխատանքի։
2005 թվականից լինելով ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականի լիարժեք խաղացող՝ նրա կազմում մասնակցել է 75 հանդիպումների (այդ թվում՝ 2010 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի և Եվրո-2012-ի խաղերին), խփել 11 գոլ։
Անձնական կյանք
Դանիելի հորեղբոր տղան՝ Նիկոլա Ագգերը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և հանդես է եկել «Բրոնդբյու»-ում։
2010 թվականի մայիսի 16-ին Ագգերն ամուսնացել է Սոֆի Նելսոնի հետ[5]։ Ամուսնական զույգը երկու տղա ունի։
Ուշագրավ փաստեր
Դանիայում Դանիել Ագգերն ունի սեփական պանդոկ-գարեջրատուն, մարմիններին դաջվածքներ անող ձեռնարկություն։
Համարվում է մարմնին ամենից շատ դաջվածքներ ունեցող ֆուտբոլիստը աշխարհում[6]։ Հենց ինքն էլ մարմիններին դաջվածքներ անելու մասնագետ է[7]։
2012 թվականին հիմնել է Agger Foundation հիմնադրամը՝ կարիքավոր երեխաներին օգնելու նպատակով[8]։