Դիվանագիտական անձեռնմխելիություն
Դիվանագիտական անձեռնմխելիություն, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և դրանց աշխատակիցներին տվյալ երկրում տրվող իրավունքների ու արտոնությունների համակարգ։ Միջազգային մասշտաբով դիվանագիտական անձեռնմխելիության հարցերը կարգավորվում են 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայով։
Ճանաչվում են դիվանագիտական անձեռնմխելիության տարբեր տեսակներ՝ անձնական (դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների անձեռնմխելիություն), բնակարանային (ծառայական շենքերի և դիվանագիտական աշխատակիցների բնակարանային անձեռնմխելիություն), դատական (դատական պատասխանատվության անձեռնմխելիություն), վարչական, հարկային և այլն։ Դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք են բերում դեսպանությունների և առաքելությունների, առևտրական ներկայացուցչությունների աշխատակիցները, միջազգային կոնֆերանսների ներկայացուցիչները, ՄԱԿ-ին կից մշտական ներկայացուցչությունների անձնակազմերը, մասնավորապես՝ հյուպատոսները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 402)։ |