Դուգլաս Էնգելբարտ
Դուգլաս Էնգելբարտ (անգլ.՝ Douglas Carl Engelbart, հունվարի 30, 1925[1][2], Պորտլենդ[3][4][5] - հուլիսի 2, 2013[6][7][8], Աթերտոն, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9])[19], մարդ-մեքենա ինտերֆեյսի առաջին հետազոտողներից մեկը և համակարգչային մանիպուլյատորի՝ մկնիկի[20] գյուտարարը։ Նրա այլ գյուտերի շարքին են դասվում նաև օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսը, հիպերհղումը, տեքստային խմբագրիչը, առցանց խմբային կոնֆերանսները[19][21]։
Էնգելբարտը եղել է ավելի քան 25 աշխատանքների հեղինակ, ստացել է 20 գյուտերի արտոնագրեր, բազմաթիվ պարգևներ (1987 թվականին՝ PC Magazine Lifetime Achievement Award, 1990 թվականին՝ ACM Software System մրցանակ և այլն)։ Կյանքի վերջին տարիներին Էնգելբարտը Ֆրոդ Հեգլանդի (անգլ.՝ Frode Hegland) հետ միասին աշխատել է համացանցի հիպերտեքստի բնույթը բարելավելու նախագծի վրա։
Կենսագրություն
Վաղ տարիներ և կրթություն
Դուգլաս Էնգելբարտը ծնվել է 1925 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, Կարլ Լուիսի և Շառլոտա Ամելիա Մունսոն Էնգելբարտի ընտանիքում։ Ունեցել է շվեդական, նորվեգական և գերմանական արմատներ[22]։
Դուգլասը ընտանիքում երեք երեխաներից երկրորդն է եղել։ Քույրը՝ Դորիանան Դուգլասից մեծ էր 3 տարով, եղբայրը՝ Դևիդը, Դուգլասից փոքր էր 14 ամսով։ Երբ Դուգլասը 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ջոնսոն Կրիկի բնակավայր, որից մեկ տարի անց Դուգլասի հայրը մահացել է։
1942 թվականին Դուգլասը ավարտել է Պորտլենդի Բենջիամին Ֆրանկլինի անվան դպրոցը և ընդունվել է Օրեգոնի համալսարան[23]։ Ուսումնառության ընթացքում՝ նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, զորակոչվել է ԱՄՆ ռազմածովային ուժեր և 2 տարի ծառայել Ֆիլիպիններում՝ որպես կապավոր։ Իր ծառայության ընթացքում Էնգելբարտը առաջին անգամ կարդացել է Վենիվար Բուշի «Ինչպես կարող ենք մենք մտածել» (անգլ.՝ As We May Think) հոդվածը, որը ոգեշնչել է նրան[24]։ Պատերազմից զորացրվելուց հետո, 1948 թվականին, նա ավարտել է ուսումը և ստացել էլեկտրատեխնիկի բակալավրի աստիճան։ Օրեգոն նահանգում գտնվելու ընթացքում նա Sigma Phi Epsilon[25][26] սոցիալական եղբայրության անդամ է եղել։
1948 թվականին Դուգլասին հրավիրել են աշխատելու Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտեի Էիմսի հետազոտական կենտրոնում, որտեղ աշխատել է մինչև 1951 թվականը[27]։ Հեռանալով Էիմսի հետազոտական կենտրոնից, Դուգլասն ընդունվել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ասպիրանտուրա։ 1953 թվականին ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան (անգլ.՝ Master of Science, M.Sc.), իսկ 1955 թվականին՝ գիտությունների դոկտորի աստիճան[27]։
Ընտանիք
Դուգլասն ազատ ժամանակ սիրել է ոտքով զբոսանքներ, արշավների և ազգային պարերի գնալ։ Նման զբոսանքներից մեկում էլ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ֆիշ Բալարդին (1928-1997)[28], որը նոր էր ավարտել կրթությունը և աշխատելու էր որպես պրոֆեսիոնալ թերապևտ։ Նրանք ամուսնացել են 1951 թվականի մայիսի 5-ին Պորտոլայի պետական պարկում։ Դրանից կարճ ժամանակ անց Էնգելբարտը թողել է Էյմսի հետազոտական կենտրոնը և կրթությունը շարունակել Բերկլիի համալսարանում։
1997 թվականին կնոջ՝ Ֆիշ Բալարդի մահացից տարիներ անց՝ 2008 թվականի հունվարի 26-ին Էնգելբարտը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա երկրորդ կինը՝ Օ՛Լիրի Կարեն Էնգելբարտը գրող և պրոդյուսեր էր[29][30]։
Առաջին ամուսնությունից Դուգլասը ունեցել է 4 երեխա՝ Գերդան, Դիանան, Քրիստինան, Նորմանը և 10 թոռ[31]։
Դուգլասի 85-ամյակի տոնակատարությունը նշվել է Նորարարության տեխնիկական թանգարանում[32]։
Մահ
Էնգելբարտը մահացել է 2013 թվականի հուլիսի 2-ին երիկամային անբավարարության հետևանքով, Ատերտոնի (Կալիֆորնիայի նահանգ) իր տանը[33][34]։ Ըստ Դուգլաս Էնգելբարտի ինստիտուտի տվյալների՝ նրա մահը վրա էր հասել Ալցհայմերի հիվանդության դեմ երկարատև պայքարելուց հետո։ Այդ ախտորոշումը նրան հայտնի է եղել 2007 թվականից[31][35]։
Գործունեություն
Էնգելբարտը ասպիրանտության ընթացքում օգնել է California Digital Computer (անգլ.՝ CALDIC) նախագծի ստեղծմանը։ Դոկտորի աստիճան ստանալուց հետո Դուգլասը որպես պրոֆեսորի ասիստենտ, մնացել է Բերկլիում, որտեղ դասավանդել է մեկ տարի, իսկ այնուհետև, տվյալների պահպանման սարքերի ոլորտում հիմնել է ստարտափ՝ իր մի քանի հետազոտությունների կոմերցիայի համար։
Ստենֆորդի հետազոտական ինստիտուտ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fe/Apple_Macintosh_Plus_mouse.jpg/281px-Apple_Macintosh_Plus_mouse.jpg)
1957 թվականին Էնգելբարտը սկսել է աշխատել Մենլո Պարկ քաղաքում գտնվող Ստենֆորդի հետազոտական ինստիտուտում (անգլ.՝ Stanford Research Institute): Սկզբում աշխատել է Հյուիթ Քրեյնի հետ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մագնիսական բաղադրիչների վրա, և էլեկտրոնային սարքերի փոքրացման աշխատանքների վրա, այնուհետև, աստիճանաբար ստացել է 1 տասնյակից ավելի արտոնագրեր (որոնցից մի քանիսը նրա դիպլոմային աշխատանքի արդյունքներն են եղել)։
1962 թվականին պատրաստել է զեկուցում, որտեղ խոսել է հետագա հետազոտությունների նախագծի մասին և ստացել է Մարդկային ինտելեկտի ուժեղացում. հայեցակարգային հենք (ֆրեիմվորք) (անգլ.՝ Augmenting Human Intellect: A Conceptual Framework) անվանումը[36]։ Զեկուցումը հավանության է արժանացել, և Դուգլասը ստացել է ֆինանսավորում ԱՄՆ պաշտպանության գիտահետազոտական ծրագրերի մշակման գործակալությունից։ Իր նոր հետազոտական կենտրոնում՝ ARC- ում (անգլ.՝ Augmentation Research Center), որը ստեղծվել էր Ստենֆորդի հետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա, նա համախմբել է մի խումբ գիտնականների և ղեկավարել, այսպես կոչված, առցանց համակարգի մշակման աշխատանքները (անգլ.՝ oN-Line System կամ NLS):
Էնգելբարտը ARC իր թիմի հետ մշակել է համակարգչային ինտերֆեյսի տարրերը, այնպիսիք, ինչպիսիք են ռաստերային պատկերի արտածումը էկրանի վրա, համակարգչային մկնիկը, հիպերհղումը, համատեղ աշխատանքի ծրագրերը և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսի տվյալները։ Այս բոլորը մշակվել է դեռ այն ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը շատ հեռու էր համակագիչներից, և երբ ծրագրային ապահովումը գրված էր հիմնականում փակ, մասնավոր համակարգերի համար։
1967 թվականին Էնգելբարտը տվել է արտոնագիր ստանալու դիմում, որն էլ ստացել է 1970 թվականին, (արտոնագիր՝ 35415412) մետաղական անիվների վրա փայտե կաղապարով սարք պատրաստելու համար, որը նա Բիլ Ինգլիշի հետ մի քանի տարիներ առաջ էր նախագծել։ Արտոնագրում սարքը նկարագրվել է որպես «Ցուցադրման համակարգերի X-Y դիրքերի ինդիկատոր»[37]։ Հետագայում Էնգելբարտը պարզաբանել է, որ սարքը ստացել է «մուկ» մականունը, որովհետև նրանից դուրս եկող լարը նման էր պոչի։
«Բոլոր ցուցադրումների մայր» ցուցադրություն․ առաջին մկնիկ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/Meta-learning_lab_meets_with_Doug_Engelbart.png/279px-Meta-learning_lab_meets_with_Doug_Engelbart.png)
1968 թվականի դեկտեմբերի 9-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացել է Միասնական աշնանային համակարգչային կոնֆերաս։ Եվ հենց այդտեղ էլ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը հետագայում անվանել են «Բոլոր ցուցադրումների մայր» (անգլ.՝ The Mother of All Demos)[38]: Այդ ցուցադրման գլխավոր գործող անձը եղել է Դուգլաս Էնգելբարտը՝ իր գործընկերների հետ։ Նրանք լայն հանրության դատին էին ներկայացրել անհատական համակարգիչների և ապագա վեբ միջավայրի իրենց նախատիպային նախագծերը։
Հենց սկզբից էլ բոլորին հասկանալի է եղել, որ այդ ցուցադրման ժամանակ պետք է կատարվի անսովոր մի բան, որն ընդմիշտ փոխելու էր տեխնոլոգիաների աշխարհը։ Էնգելբարտը ականջակալներով և խոսափողով, մեծ ոգևորությամբ բեմ է բարձրացել։ Նա նստել է ցուցադրման էկրանի առաջ, աշխատանքային սեղանի մոտ, որի վրա, բացի ստեղնաշարից, դրված էր ինչ-որ անհասկանալի սարք։ Նրա ամբողջ ցուցադրությունը նվիրված է եղել այն բանին, թե իր կարծիքով, ապագայում ինչպիսին պետք է լինի համակարգիչների հետ աշխատանքը։
Ցուցադրման առաջին մասը նա նվիրել է տեքստային փաստաթղթերի հետ աշխատանքի նոր հնարավորություններին։ Նա փոխել է ներքևի մասում գտնվող տեքստի չափը խոշորից մինչև ամենամանրը՝ վերևի մասում գտնվող տեքստը թողնելով անփոփոխ և՝ հակառակը։ Մասերի բաժանած էկրանի վրա ներկայացրել է տեքստ, գրաֆիկա և տեսահոլովակ։ Տեքստի մեջ ներկայացրել է այլ փաստաթղթերի հղումներ, որոնց միջոցով կարելի էր տեղաշարժվել։
Ամենաանսովորն այն էր, որ բոլոր գործողությունները Էնգելբարտը ղեկավարել է իր կողմից ստեղծված մանիպուլյատորի միջոցով, որը հետագայում ստացել է համակարգչային մկնիկ անվանումը։ Այն ուներ մեկ սեղմակ։ Սկզբում գիտնականը նախատեսել էր սարքի վրա դնել 5 սեղմակ՝ 5 մատներին համապատասխան, բայց դրանից մկնիկի պատյանը մեծ կստացվեր և հրաժարվել է այդ մտքից։ Մկնիկի տեղաշարժը ապահովվել է իրար մեջ ներդրված 2 փոխուղղահայաց սկավառակների միջոցով, որի շնորհիվ մկնիկը կարողանում էր տեղաշարժվել 4 ուղղությամբ, որը լրիվ համապատասխանում էր երկչափ կոորդինատային համակարգում օբյեկտի կոորդինատների փոփոխությանը։ Էկրանի վրա երևացող լուսային բիծը շարժում էր՝ սեղանի վրա մկնիկի շարժմանը զուգընթաց։ Մկնիկի միջոցով Էնգելբարտը նշել է տեքստի ցանկացած բառ, այն տեղափոխել փաստաթղթում մեկ այլ տեղ կամ մեկ այլ փաստաթուղթ։ Էնգելբարտն իր բոլոր գործողությունները մեկնաբանել է, և այդ ամբողջ ընթացքում՝ հաղթական ժպիտը դեմքին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/SRI_Computer_Mouse.jpg/272px-SRI_Computer_Mouse.jpg)
Տեքստի հետ աշխատանքի ցուցադրումները ավարտելով՝ Էնգելբարտն անցել է ցուցադրման երկրորդ մասին, որտեղ իր գործընկերոջ հետ հանրությանն է ներկայացրել այժմյան տեսակոնֆերանսների նախատիպը։ Դուգլասը և գործընկերը ականջակալներով և խոսափողներով նստել են տարբեր սեղանների առջև։ Նրանց դիմաց հեռուստախցիկներ էին։ Ցուցադրման ժամանակ Էնգելբարտը և իր գործընկերը հեռավորության վրա կարողացել են զրուցել, տեսնել միմյանց, միաժամանակ գործողություններ կատարել միևնույն փաստաթղթի վրա։ Դա բերել է շռնդալից հաջողության. ցուցադրման ավարտին ամբողջ դահլիճը ծափահարել է գետնականին և իր թիմին։ Այս ցուցադրումը գերազանցել է նույնիսկ ամենահամարձակ սպասումները, ցուցադրվել են վերջին տարիներին արված շատ գյուտեր։ Այդ թվում․
- վեբ-փաստաթղթեր
- էկրանային պատուհաններ
- համակարգչային մկնիկ
- տեսակոնֆերանսներ
- թիմային աշխատանք փաստաթղթերի վրա[39]։
Պարգևներ
Սկսած 1980 թվականի վերջից Դուգլաս Էնգելբարտը ստացել է հետևյալ մրցանակներն ու մեդալները.
Մրցանակներ
- 1995 թվականին Յուրի Ռուբինսկու անվան հուշամրցանակի առաջին դափնեկիր
- 1997 թվականին Lemelson-MIT մրցանակ՝ 500 000$ խոշոր գումարով, որը տրվում էր գյուտերի և նորարարության համար
- 1997 թվական՝ Թյուրինգի մրցանակ
- ACM ծրագրային համակարգի մրցանակ
- 2005 թվականին Նորբերտ Վիների մրցանակ
- Ազգային գյուտարարների փառքի սրահ
- Համացանցի փառքի սրահ
- Համակարգչային պատմության թանգարանի համակրանք
Մեդալներ
- 1992 թվականին «Համակարգչային տեխնիկայի պիոներ» մեդալ, որը IEEE համակարգչային համայնքի ամենահեղինակավոր մրցանակն է
1999 թվականին Բենջամին Ֆրանկլինի մեդալ
2000 թվականին Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ․ շնորհել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը[40]
2001 թվական՝ Բրիտանական համակարգչային համայնքի կոմից Լավլեյսի մեդալ[41]
- 1999 թվականին` Ջոն ֆոն Նեյմանի մեդալ:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://www.nndb.com/lists/497/000063308/
- ↑ 2,0 2,1 http://www.nytimes.com/2013/07/04/technology/douglas-c-engelbart-inventor-of-the-computer-mouse-dies-at-88.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.ibtimes.co.uk/douglas-engelbart-computer-mouse-inventor-dies-88-486491
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.techgig.com/tech-news/editors-pick/Douglas-Engelbart-inventor-of-PC-mouse-dies-18762
- ↑ 5,0 5,1 5,2 http://zeenews.india.com/news/science/douglas-engelbart-inventor-of-computer-mouse-dies-at-88_859845.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2013-07-06
- ↑ 7,0 7,1 7,2 http://lifeinlegacy.com/display.php?weekof=2013-07-06
- ↑ 8,0 8,1 8,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 9,0 9,1 9,2 Էնգելբարտը The New York Times Company կայքում
- ↑ Դուգլասը The New York Times Company կայքում
- ↑ https://www.encyclopedia.com/reference/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/engelbart-douglas-carl
- ↑ https://amturing.acm.org/award_winners/engelbart_5078811.cfm
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/von_neumann_rl.pdf
- ↑ https://www.invent.org/inductees/douglas-engelbart
- ↑ https://www.internethalloffame.org/inductees/douglas-engelbart
- ↑ https://computerhistory.org/profile/doug-endelbart/
- ↑ https://awards.acm.org/newell/award-recipients
- ↑ 19,0 19,1 «Изобретатель компьютерной мыши Дуглас Энгельбарт скончался в возрасте 88 лет». OSZone. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Mouse inventor strives for more». BBC News Online. 2001 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Скончался изобретатель компьютерной мыши Дуглас Энгельбарт». Открытые системы. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Lowood, Henry (1986 թ․ դեկտեմբերի 19). «Douglas Engelbart Interview 1, Stanford and the Silicon Valley: Oral History Interviews]». Stanford University. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Dalakov, Georgi. «Biography of Douglas Engelbart». History of Computers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Lowood, Henry — Stanford and the Silicon Valley. Oral History Interviews (1986 թ․ դեկտեմբերի 19). «Douglas Engelbart. Interview 1». stanford.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Citation Recipients» (PDF). Sigma Phi Epsilon. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Prominent Alumni: Business». Sigma Phi Epsilon. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 27,0 27,1 Dr. Douglas C. Engelbart — The Doug Engelbart Institute (2011 թ․ ապրիլի 14). «Curriculum Vitae». dougengelbart.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Happy Birthday Memories». Happy Birthday Doug Engelbart!.
- ↑ «Celebrating Doug's 85th Birthday». The Doug Engelbart Institute. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Karen O'Leary, Palo Alto, Writer and Producer». Karen O'Leary Engelbart. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ 31,0 31,1 «Technology visionary Doug Engelbart, inventor of computer mouse, dies at age of 88». The Washington Post. Associated Press. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Mike Swift (2010 թ․ հունվարի 30). «Honoring a creative force in high tech: Douglas Engelbart turns 85». The San Jose Mercury News.
- ↑ «Doug Engelbart American inventor computing legend passes away». GigaOm. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Crocker, Dave (2013 թ․ հուլիսի 3). «Doug Engelbart». Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «A Lifetime Pursuit». The Doug Engelbart Institute. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Douglas C. Engelbart (1962-10). «Augmenting Human Intellect: A Conceptual Framework». dougengelbart.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «X-y position indicator for a display system».
- ↑ Tweney, Dylan (2008 թ․ դեկտեմբերի 9). «Dec. 9, 1968: The Mother of All Demos». Wired News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Дуглас Энгельбарт. Демонстрация всех времен и народов» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Douglas Engelbart, Foresight Advisor, Is Awarded National Medal of Technology». Update. Vol. 43. Foresight Institute. 2000 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Lovelace lecture». British Computer Society. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
- Դուգլաս Էնգելբարտի գործունեությունը ARC (Augmentation Research Center) հետազոտական կենտրոնում Արխիվացված 2020-06-10 Wayback Machine (ռուս.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս Էնգելբարտ» հոդվածին։ |
|