Եղեգնուտի դրախտապան (լատին․՝ Emberiza schoeniclus), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 15-16, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 21-28 սմ, կենդանի զանգվածը՝ 18-20 գ։ Բնադրման շրջանում արուի գլուխը և կրծկալը սև են, բեղերն ու օձիքը՝ սպիտակ։ Էգի հոնքը բաց դարչնագույն-դեղին է, բեղերը՝ սպիտակ, ունկնկալները՝ դարչնագույն՝ սև երիզով, գագաթը՝ դարչնագույն՝ խայտավոր, կոկորդի շերտը՝ մուգ։ Հետբնադրման շրջանում արուն և էգը նման են բնադրման շրջանի էգին, սակայն ընդհանուր գունավորումն ավելի բաց է։ Հաճախ երամներ է կազմում ձմռանը։ Բնակվում է ճահճուտներում, ուռենու մացառուտներով գետափերին։
Գարնանային հարսանեկան զույգերը ձևավորվում են հավանաբար մարտ-ապրիլին, ձվադրում և թխսակալում է մայիսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի ընթացքում։
Հերմաֆրոդիտիզմ
1981-ին հայտնաբերվել է երկսեռ (հերմոֆրոդիտ) անհատ, որը փետրավորմամբ արուի և էգի միջին տարբերակն է, սակայն բավական լայնացած ձվատար խողովակի առկայությունը վկայում է, որ թռչունը գործել է որպես էգ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։