Երկարագուլպա Պիպին
Երկարագուլպա Պիպին շվեդ.՝ Pippi Långstrump | |
---|---|
Հեղինակ | Աստրիդ Լինդգրեն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական գրականություն և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | շվեդերեն |
Կերպար(ներ) | Երկարագուլպա Պիպի, Tommy Settergren? և Annika Settergren? |
Նկարագրում է | Pippi Longstocking universe? |
Շարք | Pippi Långstrump? |
Նկարազարդող | Ingrid Vang Nyman? |
Երկիր | Շվեդիա |
Հրատարակման վայր | Շվեդիա |
Հրատարակիչ | Rabén & Sjögren |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբեր 1945 |
OCLC | 2798770 |
Pippi Longstocking Վիքիպահեստում |
Երկարագուլպա Պիպին (շվեդ.՝ Pippi Långstrump), վեպ երեխաների համար, որի հեղինակը մանկագիր Աստրիդ Լինդգրենն է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1945 թ. Ինգրիդ Վանգ Նյումանի նկարազարդումներով։ Գիրքը պատմում է չարաճճի և անսովոր ուժի տեր աղջնակի՝ Երկարագուլպա Պիպիի մասին։
Նախապատմություն
Գրքի գաղափարը ծնվել է Աստրիդ Լինդգրենի դստեր՝ Կարինի շնորհիվ։ 1941 թ. Կարինը հիվանդանում է թոքերի բորբոքումով և խնդրում մորը իրեն հեքիաթներ պատմել, իսկ մի օր էլ պատվիրում է պատմել Պիպիի մասին, որ շվեդերեն նշանակում է գիժ ու քմահաճ երեխա։ Այսպես ծնվում է Պիպիի կերպարը։ Մինչև 1944 թ. Լինդգրենը հեքիաթները գրի չէր առնում, այլ պարզապես պատմում էր իր դստերը, սակայն դրանք որոշում է թղթին հանձնել, երբ ոտքի կոտրվածքի պատճառով երկար ժամանակ գամված է լինում անկողնուն։ «Bonnier» հրատարակչությունից մերժում ստանալուց հետո բնագիրը հաջորդ տարի տպագրվում է «Rabén and Sjögren» հրատարակչության կողմից՝ այդուհետ դառնալով մանկական գրականության ամենահայտնի գործերից մեկը։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով և բազմիցս էկրանավորվել։
Սյուժեն
Գրքի գլխավոր հերոսը Պիպի անունով մի 7-ամյա աղջիկ է, ով Փիթր Փենի պես մեծանալ չի ցանկանում։ Նա ապրում է Վիլեկուլա կոչվող առանձնատանը` առանց ծնողների, սակայն իր կապիկի՝ պարոն Նիլսոնի և իր ձիու ընկերակցությամբ։ Պատճառն այն էր, որ մայրը վաղուց մահացել էր, իսկ հայրը անհետ կորել էր ծովում։ Հայրը նավապետ էր, և Պիպին հոր և նրա նավաստիների հետ շրջել էր աշխարհով մեկ, ապրել նրանց ապրելակերպով և սովորույթներով։ Այսպես նա դարձել էր ազատ, ինքնուրույն և վիթխարի ուժի տեր աղջիկ, այլ կերպ ասած` տարօրինակի մեկը առօրյա կյանքի համատեքստում։
Պիպին անսահման երևակայություն և հոգու ազատություն ուներ, որոնց շնորհիվ ստեղծում է կեղծ ու մտացածին պատմություններ և ներկայացնում դրանք իբրև իրականություն։ Նա ոչ թե ստում է խարդախելու կամ դիմացինին օգտագործելու նպատակով, այլ միայն զվարճանալու համար։ Հենց դա էր պատճառը, որ նա երբեք չէր տարբերակում բարոյական նորմերը և չէր հասկանում դրանց անհրաժեշտությունը։ Հետևաբար, նրա համար շատ դժվար էր քաղաքավարի լինելը. այն ամենը, ինչ դարձնում է մարդուն քաղաքավարի, նրան օտար էր։ Շնորհիվ երևակայության՝ Պիպին հնարել էր, թե իր մայրը հրեշտակ է, իսկ հայրը՝ սևամորթների թագավոր։
Վիլլա Վիլեկուլայում բնակություն հաստատելուց հետո Պիպին ծանոթանում է հարևանությամբ բնակվող երեխաների՝ Թոմիի և Անիկայի հետ և միանգամից ընկերանում։ Թոմին և Անիկան, ինչպես մնացած բոլորը, նման չեն Պիպիին, սակայն նրանք միակն են, որ ընդունում են Պիպիի անսովոր պահվածքը, հիանում նրա ինքնուրույնությամբ, ազատ կամքով և ուժով։ Պիպին չի թողնում, որ նրանք ձանձրանան, և ուղեկցում է իր բազում խենթ արկածների գիրկը։
Կերպարները
1. Պիպի Երկարագուլպա — գլխավոր հերոս
2. Թոմի — քաղաքավարի և բարեսիրտ տղա, Պիպիի հարևանը և ընկերը
3. Անիկա — Թոմիի քույրը, ամաչկոտ, համեստ և փոքր–ինչ վախկոտ աղջնակ
4. Էֆրաիմ — Պիպիի հայրը, նավապետ, ով նավաբեկության է ենթարկվել մի կղզում և անհետ կորել, սակայն Պիպիի պնդմամբ՝ նա հայտնվել է սևամորթների կղզում ու դարձել նրանց թագավորը
5. Պարոն Նիլսոն — Պիպիի կապիկը
Պատմության առանձնահատկությունները
Աստրիդ Լինդգրենը Պիպիին ներկայացնում է Անիկայի և Թոմիի հիացած, զարմացած, երբեմն էլ սարսափած աչքերով։ Պիպին անում է այն ամենը, ինչ երեխաները չպետք է անեն. բացահայտ ստում է, չի ենթարկվում որևէ իշխանության։ Նա նաև տարբերվում է իր արտաքինով՝ կարմրավուն մազերով, դեմքին ժողովված պեպեններով, հոր մեծ կոշիկներով։ Կարելի է ասել, թե Պիպին աքսորյալ կերպար է, ով ապրում է իր անարխիստական աշխարհում և մերժված լինելուց տրտնջալու փոխարեն վայելում է իր ազատությունը։ Այսպիսով՝ նա հեղաշրջում է աղջկա կամ կնոջ մասին ձևավորված հնամենի պատկերացումները, խրախուսում նրանց լինել ավելի ինքնավստահ, հավատալ սեփական ուժերին։ Մոխրոտի և Սպիտակաձյունիկի կերպարներից հետո Պիպին գրականության, ապա նաև հասարակության մեջ դառնում է կնոջ էվոլյուցիոն տեսակ։ Եթե Մոխրոտն ու Սպիտակաձյունիկը պասիվ կերպարներ են՝ կախված ուժեղ արական սեռից, ով պետք է գա և փրկի իրենց, ապա Պիպին փրկվելու կարիք չունի, ավելին՝ ինքն է հաճախ մյուսների փրկիչը։
1945 թ. ի վեր Պիպիի ըմբոստ կերպարը ոգեշնչող է դարձել շվեդ երեխաների համար, դարձել է ուսումնական համակարգի բազում նորամուծությունների խթան, խրախուսել է երեխաներին դառնալ թույլերի պաշտպանը։ Պատմությունը գրական ասպարեզից դուրս է եկել, դարձել քաղաքական իրարանցման պատճառ։ Իր հակաիշխանական միտումների պատճառով այն մի շարք ամբողջատիրական երկրներում համարվել է արգելված գրականություն։ Պիպիի փայլուն հաղթանակը աշխարհի ամենաուժեղ տղամարդու՝ Ուժեղ Ադոլֆի նկատմամբ, կարող է հղում լինել Ադոլֆ Հիտլերին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գիրքը գրվել է 1944 թվականին։
Գուցե Աստրիդ Լինդգրենը «Երկարագուլպա Պիպիում» քաղաքական մտորումների տեղիք տալու նպատակ ի սկզբանե չի ունեցել, սակայն գրականությունը երբեք անկախ չէ այն քաղաքական համատեքստից, որում գրվում է։ Ավելին՝ այն անկախանում է հեղինակից, ինչպես Ռոլան Բարտը կասեր, հենց հեղինակի մահով։
«Երկարագուլպա Պիպին» հայերեն
Գիրքը թարգմանվել է մի քանի տասնյակ լեզուներով և վերահրատարակվել մի քանի անգամ։
Հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2013 թ. «Զանգակ» հրատարակչության կողմից՝ Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ[1]։ Իսկ 2016 թ. տպագրվել է «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին» պատկերագիրքը[2]։
Ծանոթագրություններ
- ↑ «Երկարագուլպա Պիպին». Զանգակ.
- ↑ «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին». Զանգակ.
Արտաքին հղումներ
Գիրքը՝ http://www.sweden.se/pippi (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարագուլպա Պիպին» հոդվածին։ |
|