Զենոն Էլեացի (հին հունարեն՝ Ζήνων ὁ Ἐλεάτης, մոտ մ. թ. ա. 490[1], Վելիա, Հին Հունաստան[1] - մոտ մ. թ. ա. 425[1], Վելիա, Հին Հունաստան[1]), հին հույն փիլիսոփա, Պարմենիդեսի աշակերտը։ Հայտնի է իր ապորիաներով, որոնց միջոցով փորձել է ապացուցել շարժման, տարածության և բազմության անհնարինությունը։ Քննարկումները, որոնք ի հայտ եկան նրա այդ պարադոքսալ մտավարժանքների արդյունքում, էապես խորացրեցին այնպիսի ֆունդամենտալ հասկացությունների մասին պատկերացումները, ինչպիսիք են՝ բնության մեջ դիսկրետայինն և անընդհատը, ֆիզիկական շարժման և նրա մաթեմատիկական մոդելի ադեկվատությունը և այլն։ Այդ քննարկումները շարունակվում են առ այսօր։
Զենոնի երկերը մեզ չեն հասել։ Նրա հայացքների և աշխատությունների մասին սկզբնաղբյուրի դեր են կատարում Արիստոտելը և նրա անտիկ մեկնաբանների երկերը։ Զենոնը նաև Պլատոնի «Պարմենիդես» երկխոսության գործող անձերից մեկն է, հիշատակվում է նաև Դիոգենես Լաերտացու, Պլուտարքոսի, բյուզանդական Սուդա հանրագիտարանում և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 686)։