Զրույց (նկար, Գոգեն)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Գոգեն |
տարի | 1891 |
բարձրություն | 70,5 սանտիմետր[1] |
լայնություն | 90,3 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
սեփականատեր | Սերգեյ Շչուկին |
Ծանոթագրություններ |
Զրույց («Բամբասանք», կամ «Խոսքեր, խոսքեր») (թահիթ. Les Parau parau, ֆր.՝ Conversation, ou les Potin, ou les Paroles, paroles), ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի նկարը Էրմիտաժից։
Նկարում պատկերված են վեց զրուցող կանայք՝ շրջանաձև նստած գետնին։ Աջից վերևում նկարի տահիտերեն անվանումն է, նկարչի ստորագրությունը և ամսաթիվը՝ Les Parau Parau — PGauguin 91։
Նկարը ստեղծվել է 1891 թվականին Տահիտիում և Գոգենի՝ այս սյուժեով արված հետագա աշխատանքների շարքում առաջինն է։ Հայտնի են նաև Էրմիտաժի «Վաղ երեկո» և Եյլի համալսարանի գեղարվեստի պատկերասրահի «Շշուկով ասված խոսքեր (Parau Parau)» աշխատանքները (երկուսն էլ նկարված 1892 թվականին)։
1892 թվականի դեկտեմբերի 8-ին Գոգենը այս երեք նկարներից մեկը ուղարկել է Կոպենհագեն կնոջը, որպեսզի վերջինս այն ցուցադրի ցուցահանդեսում։ Ուղեկցող նամակում նա հատուկ նշել է․ «Ես ուզում եմ, որ կատալոգում լինեն այն անվանումները, որոնք տրված են նկարների վրա․ այդ լեզուն տարօրինակ է, այն ունի շատ իմաստներ»[2]։ Դ․ դե Մոնֆրեդին ուղղված նամակում նա տալիս է նկարի ընդլայնված անվանումը՝ «I. Parau Parau (Conversation ou les Potin» («Զրույց կամ Բամբասանք»)[3] [4]։ 1893 թվականի ցուցահանդեսի կատալոգում նշվում է «Parau Parau» անվանումով նկարը, սակայն չի կարելի հստակ ասել, թե կոնկրետ որ նկարն է այնտեղ ցուցադրվել՝ էրմիտաժյան, թե եյլյան[5]։ Ա. Գ. Բարսկայան կարծում է, որ այնտեղ, ամենայն հավանականությամբ, եղել է Էրմիտաժի նկարը, քանի որ այն շատ մոտ չափսեր ունի ցուցահանդեսին ուղարկված մյուս նկարների հետ, իսկ դա հեշտացրել է նկարների փաթեթավորումը, Տահիտիից Եվրոպա առաքումը[6]։
Եվրոպա ուղարկվելուց հետո նկարը որոշ ժամանակ մնացել է նկարչի կնոջ՝ Մետտա Գոգենի սեփականության ներքո։ 1895 թվականի փետրվարի 18-ին այն վաճառքի է հանվել Գոգենի նկարների Փարիզի աճուրդի տանը՝ «Հոթել Դրուոյում», որից ստացված գումարը ծախսվել է Գոգենի՝ Տահիտի նոր ուղևորության վրա։ Վաճառվելիս այն կրկին հաշվառվել է որպես «Parau Parau» և այժմ հնարավոր չէ պարզել՝ երկու տարբերակներից որն է այնտեղ ցուցադրվել[7]։ Էրմիտաժի տարբերակը նույն 1895 թվականին պահպանման է տրվել Գոգենի ընկերոջը՝ նկարների վաճառական Ժորժ Շոդեին, որի մահից հետո 1899 թվականին այն ցուցադրվել է Ամբրուազ Վոլար պատկերասրահում, ապա գտնվել է Պոլ Դյուրան Ռուել պատկերասրահում, որտեղ գնվել է մասնավոր փարիզյան հավաքածուում և հետագայում կրկին ցուցադրվել է Վոլարում։ 1907 թվականի մայիսի 4-ին այս նկարը «Սիրամարգով բնապատկերի» հետ 15000 ֆրանկով ձեռք է բերել մոսկովյան հավաքորդ և արդյունաբերող Ի․Ա․Մորոզովը[8]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մարոզովի հավաքածուն ազգայնացվել է և 1923 թվականից նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում։ 1948 թվականին այն հանձնվել է Էրմիտաժ[9]։ 2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում, 412 դահլիճում[10]։
-
«Պոլոնեզացի կանայք»։«Նոա Նոա» ձեռագրի էջերց։ Լուվր
-
«Վաղ երեկո (Taperaa mahana)». Էրմիտաժ
-
«Շշուկով ասված խոսքեր(Parau Parau)». Եյլի համալսարանի գեղարվեստի պատկերասրահ
Էրմիտաժի արևմտաեվրոպական արվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող արվեստագիտության դոկտոր Ա. Գ. Կոստենևիչը, համեմատելով զրուցող կանանց սյուժեի Էրմիտաժի երկու տարբերակները, նշել է։
«Taperaa mahana»-ն Գոգենի ամենաէկզոտիկ կտավներից է և այն չի խուսափել որոշակի գունագեղությունից։ Մոտիվով մոտ «Les Parau Parau» նկարը ավելի ներդաշնակ է։ Այստեղ տահիտական հագուստի գույներով ստեղծվում է նուրբ իրական երաժշտական գամմա։ Յուրաքանչյուր կերպար նկարված է մաքուր, փափուկ ուրվագծով։ <…> Հորիզոնի գիծը այնպես բարձր է, որ գետնի հարթությունը, որի վրա նստած են կանայք, գրեթե միաձուլվում է կտավի հարթության հետ։ Դա շատ կարևոր էր Գոգենի համար, որը չէր սիրում «փոշիացնել» գույները և նախընտրում էր տալ դրանք ամբողջական զանգվածներով[11]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28174/
- ↑ Wildenstein, 1964, էջ 171
- ↑ Костеневич, т. 2, 2008, էջ 30
- ↑ Ноа Ноа, 1972, էջ 66
- ↑ Wildenstein, 1964, էջ 172, 191
- ↑ Барская, Костеневич, 1991, էջ 149—150
- ↑ Wildenstein, 1964, էջ 172
- ↑ Братья Морозовы, 2019, էջ 136
- ↑ Барская, Костеневич, 1991, էջ 150
- ↑ Государственный Эрмитаж. — Гоген, Поль. «Беседа (Les Parau Parau)».
- ↑ Костеневич, т. 1, 2008, էջ 253
Գրականություն
- Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
- Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8
- Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
- Костеневич А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
- Поль Гоген Письма. Ноа Ноа / Пер. с франц. Н. Я. Рыковой; сост., вступ. статья, примеч и общ. Ред. А. С. Кантор-Гуковской. — Л.: Искусство, 1972. — 256 с.
- Wildenstein G. Gauguin. I. Catalogue. — Paris, 1964. — 283 p.