Էպիդավրոս

Բնակավայր
Էպիդավրոս
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքEpidavros Municipality?
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ21054
Էպիդավրոս (Հունաստան)##
Էպիդավրոս (Հունաստան)

Էպիդավրոս[1](հուն․՝ Επίδαυρος), հնագույն քաղաք Հունաստանում։ Տեղակայված է Պելոպոնեսի հյուսիս-արևելքում, Արգոլիդա թերակղզու արևելյան ափին։ Հին ժամանակներում եղել է Էպիդավրոս շրջանի կենտրոնը։ Հայտնի է հնագույն թատրոնի ավերակներով և Ասկլեպիոսի տաճարով։ Ներկայումս ավերակների մոտ կա փոքր ձկնորսական գյուղ։

Պատմություն

Քաղաքը գոյություն ունի Միկենյան դարաշրջանից ի վեր (պեղումների ժամանակ հայտնաբերվել են ամրոցի պատերի մնացորդներ և թաղված իրեր, որոնք վերագրվում են այդ դարաշրջանին)։ Մ.թ.ա. 8-րդ և 7-րդ դարերում Էպիդավրոսն ունեցել է զգալի ազդեցություն. ստեղծվել են գաղութներ Էգինա, Կոս, Նիսիրոս և Տենեդոս (Բոզջաադա) կղզիներում։ Մ.թ.ա. 4-րդ դարում Էպիդավրոսի առևտրում անկում է արձանագրվել։ Մ.թ.ա. 5-րդ դարում այստեղ իշխանություն են հաստատել Պելոպոնյան պատերազմների տիրակալները, ինչի արդյունքում Էպիդավրոսը բազմիցս ենթարկվել է աթենացիների և նրանց դաշնակիցների ասպատակություններին։ Հետագայում քաղաքը մոռացության է մատնվել և պահպանել արժեքը միայն որպես նավահանգիստ։

Տեսարժան վայրեր

Քաղաքի պեղումների վայրում կարելի է տեսնել Ասկլեպիոսին նվիրված տաճարի ավերակները, ջերմային լողավազանները, սենյակները, որտեղ քրմերն ընդունել են հիվանդներին, ինչպես նաև մարզադահլիճներ։ Պահպանվել են նաև տոլոսի (շրջանաձև մի կառույց, որը նախատեսված է կրոնական երաժշտության կատարման համար) ավերակներ։ Տաճարի ցելլան շրջապատված էր դորիական սյուներով, ներսում՝ կորնթոսյան սյուներով շրջապատված օղակ[2]։

Ասկլեպիոս

Ասկլեպիոսի պաշտամունքն առաջին անգամ իրականացվել է մ.թ.ա. 6-րդ և 5-րդ դարերի սկզբին, և այդ ժամանակ ուխտավորների բազմությունը հոսում էր Էպիդավրոս՝ բուժման համար։ Արդեն մ.թ.ա. 4-րդ դարում տաճարը դարձել էր Հունաստանի ամենախոշոր և պաշտամունքային վայրերից մեկը և շարունակում էր զարգանալ նաև հռոմեացիների տիրապետության օրոք։ Սակայն 4-րդ դարում Թեոդոսիոս Ա Մեծի կառավարման ժամանակ հեթանոսական լինելու պատճառով տաճարը փակվեց։

Թատրոն

Էպիդավրոսի գլխավոր տեսարժան վայրը թատրոնն էր, որը կառուցվել է մ.թ.ա. 4-րդ դարում։ Ուներ 14 հազար նստատեղ։ Հին հույները հավատում էին, որ հիվանդները կարող են բուժվել ոչ միայն խառնուրդներով և փոշիներով, այլև թատերական ներկայացումներով։ Դրանք առաջացնում էին հիացմունք, վախ, և արդյունքում` կատարսիս։ Լավ պահպանված թատրոնը թույլ է տալիս մեզ գնահատել ոչ միայն ճարտարապետական լուծման շքեղությունը, այլև հին վարպետների ճարտարագիտական հանճարը։ Բեմում հնչած շշուկը լսելի է նույնիսկ ամենաբարձր շարքերում։

Հնագիտական թանգարան

Թատրոնի մոտ կա հնագիտական թանգարան, որտեղ ներկայացված են բավականին հետաքրքիր ցուցանմուշներ։ Քանդակագործական ցուցանմուշներից են սյուների խոյակները, որոնք հանրահայտ քանդակագործ Պոլիկլետոսի աշխատանքներն են։ Բացի դրանցից, թանգարանում պահվում է նաև Ասկլեպիոսի տաճարում հայտնաբերված վիրաբուժական գործիքների մեծ հավաքածու։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз
  2. Бартенев И. А., Батажкова В. Н. Очерки истории архитектурных стилей. — М.: Изобразительное искусство, 1983. — С. 31. — 264 с.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիդավրոս» հոդվածին։