Իփոհ (մալայերեն՝ Ipoh), քաղաք Մալայզիայում, Մալակկա թերակղզու արևմտյան մասում, Կինթա գետի ափին: Փերաք նահանգի վարչական կենտրոնն է, ինչպես նաև անագի արդյունահանմամբ համբավված Կինթա լեռնահանքային տարածաշրջանի կենտրոնը:
Մալայզիայի խոշոր բնակավայրերից է. 2023 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 857.225[1]: Բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում չինացիները։
Իփոհը երկաթգծով կապված է Թելոք Անսոն նավահանգստին։ Ունի օդանավակայան: Գործում են տեխնոլոգիական համալսարանը (հիմնադրվել է 1965 թվականին), երկրաբանական թանգարանը: Մերձակայքում է գտնվում 19-րդ դարում քարանձավում կառուցված Սամ Փոհ Թոնգ ժայռափոր սրբավայրը։
Քաղաքի մոտ՝ Փերաք գետի վրա կառուցվել է էլեկտրակայան:
Իփոհի խորհրդանիշը բուգենվիլի ծաղիկն է: Քաղաքը կոչվել է այդ վայրերում լայնորեն տարածված pokok ipoh ծառի անունով:
Հուշարձաններ
Երկաթուղային կայարան – կառուցվել է 1917 թվականին՝ վիկտորյանական ոճի տարրերը համակցելով մավրիտանական և իսլամական ոճերին[2]։
Քաղաքապետարան – կառուցվել է նեոկլասիկական ոճով: Գտնվում է երկաթուղային կայարանի դիմաց:
Ժամացույցով աշտարակ - կառուցվել է որպես Փերաք նահանգում բրիտանական իշխանությունների առաջին ներկայացուցիչ Ջեյմս Բիրչի հիշատակին նվիրված համալիր։
Իփոհը հռչակվել է փողոցային նկարչության ինքնատիպ նմուշների առատությամբ: