Լինդսի Դունկան (անգլ.՝ Lindsay Duncan, նոյեմբերի 7, 1950(1950-11-07)[1][2], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[3]), շոտլանդացիդերասանուհի, ով իր ամենամեծ հաջողություններին հասել է թատերական ներկայացումների միջոցով։ 2009 թվականին նրան շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան դրամատիկական վարպետության ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար[5]։ Դունկանն արժանացել է ամերիկյան Թոնի մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Անձնական կյանք» (2001) ֆիլմում իր դերակատարման համար. նախկինում նա առաջադրվել էր այդ մրցանակին « Վտանգավոր կապեր» ֆիլմի համար (1985-1986)[6]։ Բացի այդ, նրան երկու անգամ շնորհվել է Լոուրենս Օլիվյեի անվան մրցանակ՝ լավագույն դերասանուհի անվանակարգում։
Կենսագրություն
Դունկանը ծնվել է Էդինբուրգում (Շոտլանդիա)։ Ավարտել է Լոնդոնի համալսարանի դրամատիկական դպրոցը, որից հետո սկսել է ելույթ ունենալ Շեքսպիրյան թագավորական ընկերությունում՝ Royal Shakespeare Company- ում, որտեղ էլ ծանոթացել ու մտերմացել է իր ապագա ամուսնու՝ դերասան Հիլթոն Մաքրեյի հետ[5] ։ Բեմում իր կարիերային զուգահեռ Դունկանը երբեմն հանդես է եկել բրիտանական հեռուստատեսությամբ։ 1985 թվականին նա նշել է իր նորամուտը մեծ էկրանին՝ «Անփույթ կապեր» կատակերգության գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորմամբ, իսկ հետագայում երկրորդական դերեր է ստանձնել «Ականջներդ սրեք» (1987), «Քաղաքապետարան» (1996) և «Իդեալական ամուսին» (1999), « Մենսֆիլդ Պարկ » (1999), «Խփել նշանակետին» (2004), « Ալիսան հրաշքների աշխարհում » (2010), «Բոյֆրենդ՝ ապագայից» (2013) և « Թռչուն-մարդը» (2014) ֆիլմերում։:
2013 թվականին Դունկանն արժանացել է բրիտանական անկախ կինոյի մրցանակին՝ «Շաբաթավերջը Փարիզում» ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար[7]։ Նա նկարահանվել է նաև «Հայելանման մաշկ» (1990) և «Տոսկանյան արևի տակ» (2003) ֆիլմերում։ Համեմատաբար հաճախ Դունկանն աշխատել է հեռուստատեսությունում, որտեղ գլխավոր և երկրորդական դերեր է խաղացել տարբեր մինի-սերիալներում և ֆիլմերում՝ երեք անգամ առաջադրվելով BAFTA հեռուստատեսային մրցանակի[7]։ 2005-ից 2007 թվականներին նա նկարահանվել է BBC / HBO-ի «Հռոմ» սերիալում։