Եկեղեցու շինարարությունը լիազորել է Սերբիայի թագավոր Ստեֆան Միլուտինը 1306-1309 թվականներին[2]։ Եկեղեցին գտնվում է Կոսովո և Մեթոխիա մարզի հարավում՝ Պրիզրեն քաղաքում (հին քաղաքում)։ Լևիշկայի Աստվածածնի եկեղեցին Սերբիայի միջնադարյան ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է և ունի յուրօրինակ ճարտարապետական մտահղացում։ Որմնանկարները ստեղծվել են մոտավորապես 1307-1313 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նրանց ոճը նման է կոստանդնուպոլսյան ոճին։ Տաճարը որմնանկարներով զարդարել են հույն վարպետներ Միխայիլ Աստրապան և Եվտիխիոսը Թեսալոնիկիից։ Եկեղեցու տաճարային որմնանկարների մարգարիտը 13-րդ դարի Ողորմած Աստվածամոր սրբապատկերն է, որում Աստվածամայրը պատկերված է նորածին որդու հետ՝ հացով լի զամբյուղը ձեռքին։ Նորածին Հիսուսը զամբյուղից հաց է վերցնում և բաժանում այն տառապյալներին։ Այս որմնանկարը հավատացյալները համարում են հրաշագործ։