Խաչիկ Դաշտենցն իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, ուր խոսք է գնում Խ. Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»–ը, լույս է ընծայել 1932 թվականին։ Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր» (1934), «Բոց» (1936) ժողովածուները և«Տիգրան Մեծ» (1947) չափածո ողբերգությունը։ «Բոց» գրքի տպագրությունը այնքան աղմուկ հարուցեց իր շուրջը, որ Դաշտենցը հեռացավ Մոսկվա և խարիսխ նետեց օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում, նախապատրաստվելով թարգմանչի կոչման։ Մոսկովյան ուսումնագնացությունը վճռական դեր խաղաց Դաշտենցի ճակատագրի մեջ. անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները։ Խ. Դաշտենցն անգլերենից թարգմանել է Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, Հ. Լոնգֆելլոյի«Հայավաթի երգը» (1958), «Ռոբին Հուդ» (1945), Ռ. Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը» (1963), Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» դրամաները։ Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք։
Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը (1950, 1956, 1960, 2000)։ Ժողովրդական ասմունք և պատմական հիշատակներ, ազգագրություն և հեքիաթներ, կենցաղ և գեղջկական պատումային ձևեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ Դաշտենցը կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչև այրական հասակը, նա գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար։ Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ «Ռանչպարների կանչը» (1979, 1984, 2010) վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին։ Խ. Դաշտենցը գրել է նաև Ֆայտոն Ալեքը, Ծուռ Խութեցին պոեմները, հրատարակել Լեռան ծաղիկներ բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, կատարել բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967, Ե. Չարենցի մասին)։
Շեքսպիր Վ., Կոմեդիաներ (ժողովածուի մեջ մտնող «Տասներկուերորդ գիշեր», «Սխալների կոմեդիան» և «Վերոնայի երկու ազնվականները» թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1946, 377 էջ։
Շեքսպիր Վ., Տիմոն Աթենացի, Երևան, Հայպետհրատ, 1950, 150 էջ։
Շեքսպիր Վ., Ընտիր երկեր երեք հատորով, հ. 1, Երևան, Հայպետհրատ, 1951, 596 էջ։
Շեքսպիր Վ., Ընտիր երկեր երեք հատորով, հ. 2 (հատորի մեջ մտնող «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վերոնացի երկու ազնվականները», «Սիրո ապարդյուն ճիգերը», «Տասներկուերորդ գիշեր կամ ինչ որ կամենաք», «Վինձորի զվարճասեր կանայք» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1953, 576 էջ։
Շեքսպիր Վ. Ընտիր երկեր երեք հատորով, հ. 3 (հատորի մեջ մտնող Ռիչարդ երրորդ», «Հուլիոս Կեսար», Անտոնիոս և Կլեոպատրա», «Տիմոն Աթենացի» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը») Երևան, Հայպետհրատ, 1955, 472 էջ։
Լոնգֆելլո Հ., Հայավաթի երգը, Երևան, Հայպետհրատ, 1958, 208 էջ։
Շեքսպիր Վ., Լիր արքա, Երևան, Հայպետհրատ, 1961, 129 էջ։
Բրաունինգ Ռ., Համելինի նախշուն սրնգահարը, Երևան, Հայպետհրատ, 1963, 13 էջ։
Սարոյան Վ., Իմ սիրտը լեռներում է (պիեսների ժողովածուի «Իմ սիրտը լեռներում է», «Քարանձավի բնակիչները», «Էյ, ով կա այդտեղ» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1963, 355 էջ։
Շեքսպիր Վ., Ընտիր երկեր, հ. Ա (հատորի մեջ մտնող «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1964, 910 էջ։
Շեքսպիր Վ., Ընտիր երկեր, հ. Բ (հատորի մեջ մտնող «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», Անտոնիոս և Կլեոպատրա», «Կորիոլան» դրամաները թարգմանել է Խ. Դաշտենցը), Երևան, Հայպետհրատ, 1964, 958 էջ։
Շեքսպիր Վ., Քրոնիկներ, հ. Ա (թարգմանել են Խաչիկ Դաշտենցը և Հենրիկ Սևանը), Երևան, «Հայաստան», 1972, 536 էջ։
Շեքսպիր Վ., Քրոնիկներ, հ. Բ (թարգմանել են Խաչիկ Դաշտենցը և Հենրիկ Սևանը), Երևան, «Հայաստան», 1973, 684 էջ։
Շեքսպիր Վ., Ռոմեո և Ջուլիետ, Երևան, «Հայաստան», 1974, 239 էջ։
Գրականություն
Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 138-139։
Վիրաբյան Ն., Հայ դասական գրողներ։ Խաչիկ Դաշտենց, Երևան, 2012, 24 էջ։
Վարդանյան Կ., Սասուն աշխարհի բանասացը, Ե., 2000։
Վարդանյան Կ., Կորուսյալ երկրի բանասացը, Ե., 2020[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 288)։