Կարապածաղիկ (լատին․՝ Butomus), կարապածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կարապածաղիկ հովանոցային (B. umbellatus)։
Տարածումը Հայաստանում
Տարածված է Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ճահճուտներում, լճակների, դանդաղահոս գետերի ափերին։
Նկարագրություն
Ցողունը մերկ է, կլորավուն, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները գծաձև են, առաջացնում են արմատամերձ վարդակ, ներքևի մասում՝ եռանիստ, վերևում՝ հարթ (խոր ջրերում՝ երբեմն բարակ, ժապավենաձև)։ Ծաղկաբույլը գագաթնային հովանոց է, ծաղիկները՝ խոշոր, երկսեռ, բազմաթիվ, սպիտակ-վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը պարկուճ է։
Քիմիական բաղադրություն
Կոճղարմատը պարունակում է 59, 4% օսլա և շաքարներ, 13, 9% սպիտակուցներ, 3, 9% ճարպ, 7, 1% թաղանթանյութ և այլն, պիտանի է սննդի մեջ օգտագործելու համար։ Կոճղարմատով սնվում են մարդիկ, ջրլող թռչունները և առափնյա կյանք վարող կրծողները։ Գեղազարդիչ է։
ՀՀ-ում անհետացման վտանգի տակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|