Կեչի թավոտ

Կեչի թավոտ
Կեչի թավոտ
Կեչի թավոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ենթաընտանիք Կեչայիններ (Betuloideae)
Ցեղ Կեչի (Betula)
Տեսակ Կեչի թավոտ (B. pubescens)
Միջազգային անվանում
Betula pubescens
Ehrh., 1791
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կեչի թավոտ (լատին․՝ Betula pubescens), կեչազգիներ ընտանիքի, կեչի ցեղի բույս։

Նկարագրություն

Ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ, դեպի վեր ուղղված կամ հորիզոնական ճյուղերով։ Բնի տրամագիծը հասնում է 20-40 սմ-ի, երբեմն թփանման է աճում։ Կեղևը սպիտակ է, շերտ-շերտ անջատվող։ Ծեր ծառերի բնի հիմքը մուգ է, խորդուբորդ։ Երիտասարդ ընձյուղները կարմրագորշավուն են, ծածկված խիտ աղվամազով, առանց խեժային ելունդների։ Տերևները ձվաձև են կամ շեղանկյուն-ձվաձև, 4-6 սմ երկարությամբ, 2,5-5 սմ լայնությամբ, կլորավուն, սրտաձև կամ հատված հիմքով, սրածայր գագաթով, զույգ սուր-ատամնաեզր, ամուր։ Նոր բացված ժամանակ կպչուն են։ Տերևակոթունները մազմզուկապատ են, 1,2-2,5 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները ունեն 2,5-3 սմ երկարություն, 9-10 մմ տրամագիծ, գտնվում են թավշամազմզուկապատ պտղակոթունների վրա։ Թեփուկները ունեն 3-5 մմ լայնություն, վերևի կողմից ծածկված են աղվամազով, թարթիչաեզր են, միջին բլթակը երկարացած է։ Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկավոր։

Տարածվածություն

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևելյան Եվրոպայում, Սիբիրում, Անդրբայկալում, Սկանդինավիայում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Տաշիրի, Ստեփանավանի, Հրազդանի և Ապարանի շրջաններում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, գլխավորապես կաղնու և սոճու ծառուտներում։ Լուսասեր է, խոնավասեր, ցրտադիմացկուն, պահանջկոտ է հողի նկատմամբ, բավականին արագ է աճում։

Կիրառություն

Լայն կիրառում ունի նաև կանաչապատման բնագավառում, որտեղ օգտագործվում է ամենատարբեր տիպերում ու կատեգորիաներում։ Հատկապես բարձր են գնահայտվում թավոտ կեչու պարտիզային ձևերը, որոնք աչքի են ընկնում սաղարթի ձևով (նեղ բրգաձև), տերևների ձևով և այլն։

Կեղևը հյուսիսային շրջաններում օգտագործվում է որպես ծածկ, դրանից զանազան իրեր, նույնիսկ՝ թեթև նավակներ են պատրաստում։ Հատկապես բարձր են գնահատվում արմատի վրա գտնվող պալարաոստերը, որոնցից գեղեցիկ նախշերով զարդարված բնափայտ են ստանում։ Բնից ստացված հյութը օգտագործվում է զովացուցիչ ջրեր պատրաստելու համար[1]։

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 196-198, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի թավոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի թավոտ» հոդվածին։