1860-1865 թվականներին եղել է Մոսկվայի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, 1868 թվականից՝ սենատոր, 1872 թվականից՝ Պետական խորհրդի անդամ, 1880-1905 թվականներին՝ Սինոդի գլխավոր դատախազ (պաշտոնավարելիս հետապնդել է հերձվածողներին, աղանդավորներին)։ Պոբեդոնոսցևը օրենսդրություն է դասավանդել մեծ իշխաններին, այդ թվում ապագա կայսրեր Ալեքսանդր III-ին և Նիկոլայ II-ին, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ինքնակալությունն ամրապնդելու մասին 1881 թվականի ապրիլի 29-ի մանիֆեստի հեղինակն էր։ Դեմ էր արևմտաեվրոպական մշակույթին և հասարակական կյանքի բուրժուական ձևերին, հայացքները շարադրել է «Մոսկովյան ժողովածու» (1896) գրքում։ Սահմանափակել է զեմստվային դպրոցները և ավելացրել եկեղեցականներինը։ 1880-ական թվականների վերջից Պոբեդոնոսցևի ազդեցությունը թուլացել է։ 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստից հետո պաշտոնաթող է եղել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 345)։