Հայ օգնության միություն (ՀՕՄ, Armenian Relief Society), կանանց անկախ բարեգործական կազմակերպություն։ ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների հասարակական լրատվության դեպարտամենտի անդամ։ 17 երկրներում ունի մասնաճյուղեր՝ ավելի քան 16 հազար անդամով։ Հիմնադրվել է 1909 թվականին, դաշնակցություն կուսակցության աչքի ընկնող գործիչ է. Ակնունու (Խ. Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ, «Դաշնակցության Կարմիր խաչի» մեջ։ Առաջին համա գումարում (1915) ներկայացված էր ԱՄՆ-ի և Կանադայի կազմակերպության 33 մասնաճյուղ։ Երկրորդ համագումարում (1919), հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է պետական Կարմիր խաչ, որոշում է ընդունվել միավորվել նրա հետ, և վերանվանվել է «Հայաստանի Կարմիր խաչ», Հանրապետության անկումից հետո (1920 թվականի նոյեմբերին) կազմակերպությունը կոչվել է հայկական Կարմիր խաչ։
1915 թվականից կազմակերպել է բազմակողմանի օգնություն (ապահովել բնակարանով, աշխատանքով, հիմնել հիվանդանոցներ, որբանոցներ, ծերանոցներ, կազմակերպել անվճար սնունդ) տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին։ 1920-ական թվականներին մեծ աշխատանք է ծավալել տարբեր երկրներում հայ համայնքների ազգ-մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ։ Կազմակերպության ամերիկյան կենտրոնի շուրջը միավորվել են Ֆրանսիայի, Հունաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Իրանի, Ռումինիայի, Սիրիայի, Լիբանանի մասնաճյուղերը։ Կազմակերպության միջոցներով ստեղծվել են հայկական դպրոցներ, հոգևոր ճեմարաններ, առողջապահ, կենտրոններ և այլն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45) մասնաճյուղերը համագործակցել են միջազգային Կարմիր խաչի հետ։ 1946 թվականից կազմակերպությունը վերանվանվել է Հայ օգնության միություն։
1960-ական թվականներից սկսած, սփյուռքի սոցիալ-տնտեսական ինքնահաստատման պայմաններում, Հայ օգնության միություն-ի հիմնական գործը հայկական հանրակրթական և մեկօրյա դպրոցների ստեղծումն է. 1980-ական թվականների կեսին տարբեր երկրներում մասնակցել է հայկական շուրջ 90 միջնակարգ դպրոցների ֆինանսավորմանը, հովանավորել լսվելը քան 70 մեկօրյա դպրոցների։ Հայ օգնության միությունը ամեն տարի 3 հազար կրթաթոշակ է տալիս հայ ուսանողներին ու աշակերտներին։ Միության պաշտոնաթերթն է «Հայ սիրտը»։ Հայ օգնության միությունը օգնություն է ցուցաբերում 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Հայաստանին։ 1990 թվականից կազմակերպել է իր մասնաճյուղերը նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, աշխատանք ծավալել Արցախի համար մարտնչող ազատամարտիկների բուժման, օգնության ուղղությամբ։
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 129)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|