Համեմատական դիցաբանություն
Համեմատական դիցաբանություն, տարբեր մշակույթների առասպելների համեմատություն՝ փորձելով տարորոշել ընդհանուր թեմաներ և բնութագրեր[1]։ Համեմատական լեզվաբանությունը ծառայում է ակադեմիական տարբեր նպատակների։ Օրինակ՝ գիտնականներն օգտագործում են տարբեր առասպելների միջև փոխադարձ կապերը, որպեսզի հետևեն կրոնի և մշակույթի զարգացմանը, առաջ քաշեն տարբեր մշակույթների առասպելների ընդհանուր ակունքներ, աջակցեն հոգեբանական տարբեր վարկածների։
Դիցաբանությունների համեմատական ուսումնասիրությունը բացահայտում է վերազգային մոտիվները, որոնք միավորում են ամբողջ աշխարհի հոգևոր գիտակցությունը։ Այդ հետազոտությունների նշանակությունը ծնունդ է տալիս «համաշխարհային պատմության մեջ այդ առասպելների լայն, բարեհաճ ընկալմանը»[2]։ Տարբեր ազգերի դիցաբանությունների նմանությունը հիշեցնում է մարդկությանը մարդկային փորձի համակողմանիության և ծագման ընդհանրությունների մասին[2]։
Նախապատմություն
Մարդաբան Կ. Սքոթ Լիթլթոնը սահմանել է համեմատական դիցաբանությունը որպես «ամենատարբեր մշակույթներին առնված առասպելների և առասպելների թեմաների համակարգված համեմատություն»[1]։ Տարբեր մշակույթների և դիցաբանությունների համեմատությամբ գիտնականները փորձել են արդեն իսկ գոյություն ունեցող դիցաբանություններից վերհանել նման գծերը և/կամ վերականգնել «նախադիցաբանությունը»[1]։ Կրոնագետ գիտնական Ռոբերտ Սեգալը նշել է. «ըստ կանոնի՝ բոլոր տեսաբանները փորձում են նմանություններ գտնել առասպելների միջև»[3]։ Սակայն դիցաբանություններն ուսումնասիրողներին կոպիտ ձևով կարելի է բաժանել մասնավորողների, որոնք ընդգծում են առասպելների միջև տարբերությունները, և համեմատողների, որոնք ընդգծում են նմանությունները։ Մասնավորողները հակված են «հաստատելու, որ համեմատողների վերծանած նմանությունները աղոտ և մակերեսային», միևնույն ժամանակ համեմատողները հակված են «պնդելու, որ մասնավորողների առաջ քաշած տարբերությունները ծեծված են և պատահական»[4]։