Հենրի Ջոն վան Լեննեփ
Հենրի Ջոն վան Լեննեփ | |
---|---|
Ծնվել է | 1815 |
Ծննդավայր | Զմյուռնիա (Իզմիր) |
Վախճանվել է | 1889[1][2][3][…] |
Մահվան վայր | Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ամհերստի քոլեջ (1837) |
Մասնագիտություն | միսիոներ, գրող, մանկավարժ, նկարիչ և արվեստագետ |
Ոճ | օրիենտալիզմ |
Ամուսին | Մերի Է. Վան Լենեփ |
Զավակներ | Ուիլյամ Բըրդ Վան Լեննեփ |
Henry John Van Lennep Վիքիպահեստում |
Հենրի Ջոն վան Լեննեփ (անգլ.՝ Henry John Van Lennep, 1815[1][2][3][…], Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1889[1][2][3][…], Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր միսիոներ, գրող, մանկավարժ, նկարիչ, օրիենտալիզմի ներկայացուցիչ։
Կենսագրություն
Հենրի Ջոն վան Լեննեփը ծնվել է 1815 թվականին Զմյուռնիա քաղաքում։ 1830 թվականին նա մեկնում է Միացյալ Նահանգներ՝ կրթություն ստանալու համար։ Նա պատրասվում էր ընդունվել Mound Pleasant ինստիտուտին կից Ամհերստի քոլեջը և Հարտֆորդի հանրային դպրոցը։ 1837 թվականին Ամհերստի քոլեջն ավարտելուց հետո նա մեկ տարի մասնակցեց Անդովերի աստվածաբանական սեմինարիայի դասընթացներին:1839 թվականին վան Լեննեփը նշանակվեց համալսարանական խորհրդի անդամ։ Հաջորդ տարվանից նա սկսում է ծառայել որպես Ամերիկյան խորհրդի հանձնակատարների Արտասահմանյան առաքելության միսիոներ՝ մեկնելով Զմյուռնիա։ Իր առաքելությամբ նա եղավ Զմյուռնիայում (1840-1844 թվականներին և 1863-1869 թվականներին), Կոստանդնուպոլսում (1844-1854) և Թոքատում (1854-1856)։ Վան Լեննեփը այս ողջ ընթացքում նաև շրջագայել է Արևմտյան Ասիայում և Եգիպտոսում։ 1869 թվականին կատարակտի պատճառով կորցնելով տեսողությունը, վան Լեննեփը վերադառնում է Միացյալ Նահանգներ։ Այս ընթացքում նա դասավանդել է Ինգհեմի համալսարանում՝ որպես բնական գիտությունների ու լեզուների պրոֆեսոր։
Վան Լեննեփը տիրապետում էր մի շարք լեզուների ու հմուտ նկարիչ էր և իր ճամփորդության ընթացքում նկատած տպավորիչ տեսարանները թղթի վրա պատկերում էր մատիտով, գրիչով ու թանաքով։ Նրա նկարներից շատերը հայտնվել են հրատարակված ստեղծագործությունների շարքում՝ ընդգրկվելով Արևելյան ժողովածուի մեջ. «Քսան յուղանկար՝ բացատրական և նկարագրական տեղեկություններով Թուրքիայի ժողովուրդների և տեսարանների վերաբերյալ» (1862 թ.), «Ճանապարհորդություն Փոքր Ասիայի քիչ հայտնի հատվածով՝ աստվածաշնչյան գրերի համադրությամբ և հնագիտական հետազոտությունների նկարագրություններով» (1870 թ.), «Բիբլիական երկրներ. դրանց ժամանակակից տարազները՝ պատկերազարդումներով և ծանոթագրություններով» (1875 թ.):
Վան Լեննեփն ամուսնացել է երեք անգամ՝ Էմմա Բլիսի (1839-1840 թթ.), Մերի Հոուսի (1843-1844 թթ.) և Էմիլի Էնն Բըրդի հետ (1850 թվականից)։ Ուներ վեց զավակ։ Վան Լեննեփը մահացել է 1889 թվականին Մասաչուսեթսի Գրիթ Բարինգթոն քաղաքում։
Վան Լեննեփի՝ հայկական թեմաներով նկարները
Հենրի Ջոն վան Լեննեփը Օսմանյան կայսրությունում կատարելով իր առաքելությունը, ինչպես տեսանք, շրջագայել է Փոքր Ասիայով և «Բիբլիական երկրներով», այսինքն եղել է նաև թուրքահպատակ Հայաստանի բնակավայրերում, ծանոթացել հայերի կենցաղին, ավանդույթներին ու տարազային՝ այդ ամենը նկարելով և հետագայում ներկայացնելով ամերիկացի և առհասարակ՝ Արևմուտքի ժողովուրդներին։ Հայկական թեմաներով նրա նկարներից հայտնի են «Հայ հարսնացուն», «Հայուհին տանը», «Հայ գեղջկուհին», «Հայ տիկինը տանը», «Հայ և թուրք կանայք արտասահմանում» աշխատանքները, որտեղ մանրամասնորեն ներկայացված են հայկական կանացի տարազները։