Հովարդ Գարդներ
Հովարդ Գարդներ Howard Gardner | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1943[1] (80 տարեկան) Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Բոստոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | տարիքային հոգեբանություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և National Academy of Education? |
Ալմա մատեր | Հարվարդի քոլեջ (1965), Հարվարդի համալսարան (1971) և Wyoming Seminary? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][3] |
Ինչով է հայտնի | Բազմաբնույթ մտածողության տեսության հիմնադիր |
Ազդվել է | Ժան Պիաժե, Ջերոմ Բրուներ, Նելսոն Գուդման[4] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ellen Winner? |
Կայք | howardgardner.com(անգլ.) |
Howard Gardner Վիքիպահեստում |
Հովարդ Գարդներ (անգլ.՝ Howard Gardner, հուլիսի 11, 1943[1], Սքրենթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, բազմաբնույթ մտածողության տեսության հիմնադիր, բուժական հոգեբանության և նյարդահոգեբանության մասնագետ։
Կենսագրություն
Հովարդ Գարդները ծնվել է 1943 թ. հուլիսի 11-ին Փենսիլվանիայում (ԱՄՆ)։ Նրա ծնողները 1938 թ. գաղթել էին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքից։
Հ. Գարդները հաճախում է Փենսիլվանիայի Քինգստոն քաղաքի նախապատրաստական դպրոց (Վայոմինգի սեմինարիա)։ 1961 թ. ընդունվում է Հարվարդի համալսարան՝ մտադրված լինելով ուսումնասիրել պատմություն, սակայն Էրիկ Էրիկսոնի ազդեցության շնորհիվ սկսում է հետաքրքրվել հոգեբանությամբ և հարակից այլ բնագավառներով։ Ժան Պիաժեի աշխատանքներին և Ջերոմ Բրուների հետ ծանոթանալուց հետո Գարդները մի անգամ ևս փոխում է մասնագիտացումը։
Գարդները որոշ ժամանակ Ջերոմ Բրուների հետ աշխատում է Macos («Մարդն ուսումնասիրության դասընթաց») ծրագրում։ 1966 թ. նա ընդունվում է Հարվարդի դոկտորանտուրա և հաջորդ տարի Նելսոն Գուդմանի հետ միասին սկսում է աշխատել «Զրո ծրագիր» հետազոտական խմբում։ 1971 թ. նա պաշտպանում է դոկտորական թեզը՝ նվիրված երեխաների զգայությունների տեսակներին։ 1971-1986 թթ. շարունակում է իր դասախոսական աշխատանքը Հարվարդի համալսարանում և 1986 թ. ստանում պրոֆեսորի գիտական կոչում։
Տեսությունը
Որպես մանկավարժ-հոգեբան՝ Հ. Գարդներն առավել ճանաչված է իր բազմաբնույթ մտածողության տեսությամբ։ Նա գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու հատուկ է մտածողության, ընկալման և իմաստավորման բազմապիսի ձևեր, որոնք հազվադեպ են գործում իրարից անկախ։ Դրանք օգտագործվում են միաժամանակ և մարդու կարողությունների զարգացման կամ խնդիրների լուծման ընթացքում ունեն միմյանց լրացնելու հակում։ Գարդներն առանձնացնում էր մտածողության 7 տիպեր՝ լեզվական, տրամաբանական-մաթեմատիկական, տարածական, երաժշտական[5], մարմնաշարժողական, միջանձնային և ներանձնային մտածողություններ։
Հ. Գարդների և նրա գործընկերների համապատասխան հետազոտությունների արդյունքում ավելացվեցին մտածողության ևս 3 տիպեր՝ բնագիտական, իրական (էքզիստենցիալ) և հոգևոր։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Gordon L. M. Encyclopædia Britannica
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Winner, Ellen. «The History of Howard Gardner». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Gardner, H., & Hatch, T.; Hatch (1989), «Multiple intelligences go to school: Educational implications of the theory of multiple intelligences», Educational Researcher 18 (8): 4, doi:, http://www.sfu.ca/~jcnesbit/EDUC220/ThinkPaper/Gardner1989.pdf
|