2008 թվականին Հովհաննես Գոհարյանը 22 գոլով դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու։ 2009 թվականին տեղափոխվել է բելառուսական ԲԱՏԷ ակումբ։ Տարվա վերջին՝ վիրահատվելուց հետո, սկսել է խաղադաշտում հայտնվել միայն հանդիպումների ավարտին՝ փոխարինելվ այլոց։ Դրա հիմնական պատճառը եղել է վիրահատությունից հետո նրա հավաքած ավելորդ քաշը[3]։ Նույն 2009 թվականի վերջին, ըստ գերմանական «Տրանսֆեր Մարկետ» կայքի տվյալների, Գոհարյանի տրանսֆերի արժեքը կազմել է 133 500 եվրո[4]։ 2010 թվականի հուլիսի վերջին հայտնի է դարձել, որ Գոհարյանը տեղափոխվում է Երևանի «Փյունիկ»։ Երևանի ակումբը Չեմպիոնների լիգայի հերթական խաղերից առաջ որոշել է ուժեղացնել իր կազմը․ այդ նպատակի իրականացման քայլերից մեկը եղել է մինչև տարվա վերջը Գոհարյանի՝ վարձավճարով տեղափոխվելու վերաբերյալ ակումբների միջև տրանսֆերային պայմանագրի կնքումը[5][6]։ «Փյունիկի» կազմում անցկացրած առաջին իսկ խաղում Գոհարյանն աչքի է ընկել գոլով՝ գրավելով «Կիլիկիայի» դարպասը[7]։ Առաջնության ավարտից հետո Գոհարյանը վերադարձել է ԲԱՏԷ, սակայն 2011 թվականի հունվարին ակումբի ղեկավարությունը խզել է ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ[8][9]։ Հայաստանի առաջնության 2011 թվականի մրցաշրջանի առաջին կեսը Գոհարյանն անցկացրել է Դիլիջանի «Իմպուլսում», ինչից հետո պայմանագիրը խզվել է երկու կողմերի ցանկությամբ[10]։ 2011 թվականի հուլիսի 8-ին Գոհարյանը մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվ-2» ակումբի հետ[11]։ 2014-2015 թվականներին Գոհարյանը հանդես է եկել «Ուլիս» ակումբում։