Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64)
Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64) | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հռոմեա-պարթևական պատերազմներ | |||||||||||||
![]() Տրդատ Ա-ն, ով պատերազմի վերջում ճանաչվեց Հայոց արքա | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Հայ ավագանի Պարթևստան |
Հին Հռոմ Ծոփք, Փոքր Հայք, Աղվանք, Կոմագենե, Պոնտոս, Վիրք | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Տրդատ Ա Վաղարշ Ա |
Կորբուլոն Տիգրան Զ Պետոս |
Հռոմեա-պարթևական պատերազմ, 54-64 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն Հռոմեական կայսրության և Պարթևաստանի միջև։ Պատերազմի պատճառը Մեծ Հայքում պարթև Արշակունիների հաստատումն էր։ Հայ ավագանին սատարում էր պարթևներին, իսկ Հռոմը դեմ էր Հայաստանում պարթևական տերության ազդեցության ուժեղացմանը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով և ավարտվել Հռանդեայի հաշտությամբ։
1 թվականին Մեծ Հայքում Արտաշեսյանների դինաստիայի (մ.թ.ա. 189-1) ընդհատումից հետո՝ մինչև 52 թվականը, հռոմեացիների օգնությամբ գահ էին բարձրանում Վիրքի, պարթևների օգնությամբ՝ Ատրպատականի արքայատոհմի ներկայացուցիչները։ Օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34), դարձան հայ ավագանու վրիժառության զոհը։ Զենոնը, ով ստացավ նաև Արտաշես անունը, գահակալում էր որպես Զենոն-Արտաշես կամ Արտաշես Գ։ Նա Պոնտոսի արքայական տան ներկայացուցիչ էր, սակայն մեծացել էր Մեծ Հայքում, ծանոթ էր հայկական սովորույթներին և վայելում էր ժողովրդի համակրանքը։ Հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»-ում ակնարկվում է հայ ժողովրդի համառ պայքարը նվաճողների դեմ։
Քաղաքական անիշխանության հետևանքով 37 թվականին Մեծ Հայքից անջատվեցին հարավում՝ Հայկական Միջագետքը (27 000 քառ. կմ)՝ Մծբին քաղաքով, որն անցավ Պարթևաստանին և Գոդերձական երկիրը (4 100 քառ. կմ)՝ հյուսիսում, որն էլ անցավ Վիրքին։
Առաջին փուլ
1-ին դարի կեսերից նոր էջ բացվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը՝ Տրդատին, ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/%D5%80%D5%BC%D5%B8%D5%B4%D5%A5%D5%A1-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A9%D6%87%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%2C_58-60.svg/330px-%D5%80%D5%BC%D5%B8%D5%B4%D5%A5%D5%A1-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A9%D6%87%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%2C_58-60.svg.png)
52 թվականին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախչում է Վիրք՝ հոր մոտ։
Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր, սակայն Հռոմեական կայսրությունը չհապաղեց ճանաչել նրան որպես թագավոր և սկսեց պատերազմական գործողություններ Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Հռոմեական Ներոն կայսրը Արևելք է ուղարկում Կորբուլոն զորավարին։ Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Այդ պատճառով, երբ հռոմեացիները 58 թվականին ներխուժեցին Մեծ Հայք, նրանց լուրջ դիմադրություն ցույց չտրվեց և նրանք անարգել հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։
Ներոնը 59 թվականին հայոց գահին է բազմեցնում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ին, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով, համոզված լինելով, որ պատերազմը հաղթած է, Կորբուլոնը, թողնելով Մեծ Հայքում 5 000-անոց զորք, հեռանում է Սիրիա։ Սակայն շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախչում է երկրից։
Երկրորդ փուլ
61 թվականին Կորբուլոնն անկարող լինելով կոտրել հայ-պարթևական միացյալ բանակի դիմադրությունը խնդրում է կայսրին փոխարինել իրեն։ Մինչ այդ Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Սակայն կայսրը հրաժարվում է հաշտություն կնքել և Կորբուլոնին փոխարինում է Պետոս զորավարով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/Roman-Parthian_War_61-63.svg/330px-Roman-Parthian_War_61-63.svg.png)
61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով։
Ներոն կայսրը, Հռոմի հեղինակությունը փրկելու համար թագ է առաջարկում Տրդատին, սակայն եթե նա ժամանի Հռոմ և անձամբ ստանա այն։ Տրդատը համաձայնվում է և Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բաի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։