Ձկներ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձկներ (այլ կիրառումներ)

Ձկներ (լատին․՝ Pisces), ջրային կենսակերպ վարող քորդավորներ։ Ապրում են ծովերում, օվկիանոսներում, գետերում և լճերում։ Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։

Շնչում են խռիկներով, զարգացումն ընթանում է ջրում։ Ձկների վերնադասը բաժանված է երկու դասերի՝ կռճիկային և ոսկրային։ Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը, իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են չորս ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։

Ոսկրային թեփուկները

Մարմնի կառուցվածք

Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

Կմախք

Ոսկրային ձկների կմախքը
Ոսկրային ձկների կմախքը

Ձկների առանցքային կմախքը՝ ողնաշարը, կազմված է միմյանց կիպ հարող ոսկրային ողերից։ Ողնաշարը կազմված է իրանի և պոչի բաժիններից։ Իրանի ողերին ամրացած են կողոսկրերը, որոնք մարմնի խոռոչը սահմանազատում են վերևից և կողքերից։ Պոչի հատվածում կողեր չկան։

Իրանի բաժնի ողերը կազմված են մարմնից և ելուստներից՝ վերին և ստորին աղեղներից։ Իրանի մասում վերին աղեղները միանում և կազմում են ողնուղեղային խողովակը, որտեղ տեղավորված է ողնուղեղը։ Ողնաշարն առջևում անշարժ միացած է գլխի կմախքի՝ գանգի հետ։ Գանգը կազմված է գանգատուփից, ծնոտի ոսկրերից, խռիկային աղեղներից և կափարիչներից։ Ձկների գանգը պաշտպանում է գլխուղեղը, իսկ կողերը՝ մարմնի խոռոչի օրգանները։

Կրծքի և փորի զույգ լողակները կազմված են մեծ քանակությամբ մանր ոսկրերից և գոտիներից, որոնց մի մասն ամրացած է գանգին։ Ձկներն ունեն ժապավենաձև, հատվածավորված մկաններ։ Հատկապես լավ են զարգացած իրանի և պոչի մկանները։

Մարսողական համակարգ

Ձկների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են որդերով, միջատներով, միջատների թրթուրներով, մանր խեցգետիններով, փոքր ձկնիկներով և ջրային բույսերով։

Ձկների մեծ մասի բերանի խոռոչում կան բազմաթիվ մանր ատամներ, որոնք կատարում են որսը բռնելու ֆունկցիա։ Սնունդը բերանի խոռոչից անցնում է կլան։ Բերանի խոռոչը կլանից սահմանազատված չէ։ Կլանին հաջորդում է կարճ կերակրափողը։ Սննդի մարսումը կատարվում է ստամոքսում և աղիներում։ Ստամոքսի պատերից արտազատվում է ստամոքսահյութ, որի ազդեցությամբ կերն սկսում է մարսվել։ Մասամբ մարսված կերն անցնում է աղիներ։ Ձկներին բնորոշ են լյարդը և ենթաստամոքսային գեղձը։ Լյարդի և ենթաստամոքսային գեղձի ծորանները բացվում են աղիների առջևի բաժնի մեջ։ Սննդի վերջնական մարսումը և ներծծումը կատարվում է աղիներում, իսկ չմարսված մնացորդներն անցնում են հետին աղի և օրգանիզմից հեռանում հետանցքով։

Ոսկրային ձկների մեծ մասն ունի լողափամփուշտ, որն աղիքի հավելված է՝ լցված օդի բաղադրության մոտ գազերի խառնուրդով։

Լողափամփուշտը կատարում է հիդրոստատիկ դեր։ Նրա պատերը պատված են մազանոթներով։ Հարկ եղած դեպքում գազերն արյան մազանոթներով լողափամփուշտից անցնում են արյան մեջ, ձկների մարմնի տեսակարար կշիռը մեծանում է, և նրանք հեշտությամբ տեղաշարժվում են ջրի խոր շերտերը, իսկ երբ գազերն արյունից անցնում են լողափամփուշտի մեջ, լողափամփուշտի ծավալը մեծանում է, մարմինը թեթևանում, ձկները բարձրանում են ջրի վերին շերտերը։ Ջրի նույն խորությունում գտնվելու դեպքում լողափամփուշտի ծավալը չի փոխվում։

Մարսողության համակարգը

Շնչառական համակարգ

Ձկների շնչառությունը

Ձկները շնչում են խռիկներով, որոնք ոսկրային ձկների մոտ արտաքինից ծածկված են խռիկային կափարիչներով։ Խռիկային կափարիչների տակ գտնվում են խռիկային աղեղները, որոնք մի կողմից պատված են վառ կարմիր կամ վարդագույն արյան մազանոթներով հարուստ խռիկային թերթիկներով, իսկ մյուս կողմում գտնվում են դեպի կլանն ուղղված խռիկային առէջները։ Ջուրը խռիկային կափարիչների և բերանի շարժման շնորհիվ անցնում է խռիկներ, ողողում խռիկային թերթիկները, որոնցում կատարվում է գազափոխանակություն։

Արյունատար համակարգ

Ձկների արյունատար համակարգը փակ է և ի տարբերություն նշտարիկի` ունի երկխոռոչանի սիրտ՝ կազմված նախասրտից և փորոքից։ Սրտից դուրս եկող անոթները կոչվում են զարկերակներ, իսկ արյունը դեպի սիրտ բերող անոթները՝ երակներ։ Ձկների սիրտը լցված է երակային (ածխաթթու գազով հարուստ) արյունով։ Սրտի մկանների կծկման շնորհիվ փորոքից արյունը փորային աորտայով շարժվում է դեպի խռիկներ։ Խռիկներում տեղի է ունենում գազափոխանակություն՝ արյունն ազատվում է ածխաթթու գազից և հագենում թթվածնով, ապա հավաքվում մեջքային աորտայի մեջ և շարժվում բոլոր օրգանները։ Արյունն օրգաններին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, իսկ օրգաններից ածխաթթու գազը և ոչ պիտանի նյութերն անցնում են արյան մեջ։ Ածխաթթու գազով և կենսագործունեության արգասիքներով հարստացած արյունը հավաքվում է երակների մեջ և վերադառնում նախասիրտ։ Արյունը շրջապտույտ է կատարում մեկ շրջանով։ Ձկների սրտի կծկումների հաճախականությունը մեծ չէ, ջրում թթվածնի քանակը՝ քիչ, նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում, և անհամեմատ քիչ էներգիա է անջատվում։ Ձկները սառնարյուն կենդանիներ են։ Նրանց մարմնի ջերմաստիճանը հաստատուն չէ, ջրի ջերմաստիճանից բարձր է 1-2 °С-ով։

Արտազատական համակարգ

Ձկների մարսողության,արտազատական և սեռական համակարգերը

Ածխաթթու գազը ձկների օրգանիզմից հեռանում է խռիկներով, իսկ հեղուկ նյութերը՝ երիկամներով։ Դրանք երկու ժապավենաձև օրգաններ են, որոնք տեղավորված են ողնաշարի կողմնային մասերում՝ լողափամփուշտի վերևում։ Երիկամների արյան մազանոթներից հեռացվող ոչ պիտանի նյութերից գոյանում է մեզը, որը միզածորաններով լցվում է միզապարկ և ապա հեռանում միզանցքով։

Նյարդային համակարգ և զգայարաններ

Ձկների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Գլխուղեղը տեղավորված է գանգատուփում։ Նրանում տարբերում են հինգ բաժին՝ առջևի ուղեղ, որից դուրս են գալիս հոտառական նյարդերը, միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության), և ուղեղիկ, որը հավասարակշռության և շարժումների կարգավորման դեր է կատարում։

Երկարավուն ուղեղի շարունակությունը կազմում է ողնուղեղը, որը տեղավորված է ողնաշարային խողովակում։ Գլխուղեղը և ողնուղեղը բազմաթիվ նյարդերով կապված են ձկների մարմնի տարբեր օրգանների հետ։

Ձկներին հատուկ են ոչ պայմանական (բնածին) և պայմանական (ձեռքբերովի) ռեֆլեքսները։

Ձկների նյարդային համակարգի ֆունկցիան լրացնում է կողագիծը։ Կողագիծը մաշկում գտնվող խողովակ է, որն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում է թեփուկների հատուկ անցքերով։

Խողովակների ներսում գտնվում են զգայուն բջիջներ, որոնք ընկալում են ջրի տատանումները։ Այդ բջիջներում առաջացած գրգիռները նյարդերով հաղորդվում են գլխուղեղ։ Կողագծի միջոցով ձկներն ընկալում են ջրի տատանումները, հոսանքի ուժը և ուղղությունը, տարբեր առարկաներից անդրադարձած ալիքները, խուսափում թշնամիներից և ստորջրյա առարկաներին բախվելուց։ Կողագիծը խավար ջրերում ձկների կողմնորոշման, տարածության մեջ մարմնի դիրքը զգալու համար ավելի մեծ նշանակություն ունի, քան աչքերը և այլ զգայարանները։ Ձկներն ունակ են ընկալել ձայնային ազդանշանները, էլեկտրական դաշտի փոփոխությունները, ինչպես նաև արձակել ձայներ։ Նրանք միջավայրում կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, կողագծի և շոշափելիքի զգայարաններով։

Ձկների ճաշակելիքի օրգանները տեղավորված են բերանի խոռոչում և մարմնի տարբեր մասերում՝ մաշկի արտաքին շերտի վրա։ Մաշկում են գտնվում նաև շոշափելիքի բջիջները։ Որոշ ձկներ ունեն նաև բեղիկներ։ Տեսողական զգայարաններն աչքերն են, իսկ լսողական ընկալիչը կազմված է միայն ներքին ականջից և գտնվում է գանգում։ Ձկներն ականջախեցի և լսողական ուղի չունեն։

Բազմացում ու զարգացում

Ձկների ձուն

Ձկները բաժանասեռ կենդանիներ են։

Բազմացման շրջանում տեղափոխվում են սերնդի զարգացման համար բարենպաստ պայմաններ։ Մեծ մասի բեղմնավորումն արտաքին է։ Էգերը ջրում դնում են ձվաբջիջներ (ձկնկիթ), իսկ արուները նրանց վրա թափում են սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը։ Բեղմնավորված ձվաբջիջներից զարգանում են փոքրիկ ձկնիկները (թրթուրներ), որոնք զարգացման սկզբնական շրջանում սնվում են ձկնկիթում պաշարած դեղնուցով։ Մի քանի շաբաթ անց թրթուրներից զարգանում են թեփուկածածկ մատղաշները։

Ձկնկիթների մի մասը կարող է չբեղմնավորվել կամ կեր դառնալ ջրային տարբեր կենդանիներին։ Դա է պատճառը, որ ձկները շատ բեղուն են՝ դնում են մեծ թվով ձկնկիթ, իսկ որոշ տեսակներ խնամք տանում սերնդի նկատմամբ։ Օրինակ՝ գետի պերկեսը դնում է 200-300 հազար ձկնկիթ, ձողաձուկը՝ 1 միլիոն, թառափը՝ 2,5 միլիոն և այլն։ Եռասեղ փշաձկան էգը ջրիմուռներից պատրաստած բներում դնում է 60-70 ձկնկիթ, իսկ արուն պաշտպանում է ձկնկիթը և ապա՝ թրթուրներին։ Թիլապիայի արուն ձկնկիթը պահում է բերանում, իսկ ծովաձիուկը՝ հատուկ պարկում։

Շնաձուկը, կատվաձուկը և ակվարիումային որոշ ձկներ կենդանածին են։

Ձկների գլխուղեղը

Տես նաև

Արտաքին հղումներ

  • FishBase // WorldFish Center — БД по рыбам мира (на декабрь 2006 — 29600 видов, 222490 народных названия, 43600 изображения, 39200 ссылок)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 707