Յովան Բիելիչ
Յովան Բիելիչ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1884[1][2] |
Ծննդավայր | Կոլունիչ, Բոսանսկի Պետրովաց (համայնք), Ունա-Սանա կանտոն |
Վախճանվել է | մարտի 12, 1964[2][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և ՀՍՖՀ |
Կրթություն | Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[4] |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Զավակներ | Սևերին Բիելիչ |
Jovan Bijelić Վիքիպահեստում |
Յովան Բիելիչ (սերբ.՝ Јован Бијелић, հունիսի 30, 1884[1][2], Կոլունիչ, Բոսանսկի Պետրովաց (համայնք), Ունա-Սանա կանտոն - մարտի 12, 1964[2][3], Բելգրադ, ՀՍՖՀ), հարավսլավացի սերբ գեղանկարիչ, գծանկարիչ, նկարազարդող։ Միջպատերազմական շրջանի ամենահայտնի հարավսլավացի նկարիչներից մեկը, Հարավսլավիայի և Սերբիայի կոլորիստական էքսպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցիչ։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1963)[5]։
Կենսագրություն
Սկզբում գեղանկարչություն է սովորել Սարաևոյում Յան Կարել Յանևսկու մոտ, այնուհետև 1909-1913 թվականներին Կրակովի գեղարվեստի ակադեմիայում եղել է Թեոդոր Աքսենտովիչի, Լեոն Վիչուլկովսկու, Յուզեֆ Պանկևիչի աշակերտը, ավելի ուշ՝ 1913-1914 թվականներին հաճախել է Գրանդ Շոմեր ակադեմիայի դասընթացներին Փարիզում, իսկ 1915 թվականին՝ Պրահայում։
1919 թվականից որպես նկարչության ուսուցիչ ապրել և աշխատել է Բելգրադում, ապա որպես բեմանկարիչ և նկարիչ՝ Բելգրադի ազգային թատրոնում։ Արվեստանոցին կից կազմակերպել է գեղանկարչության դպրոց, որին տարբեր ժամանակներում հաճախել են Դանիցա Անտիչը, Պավլե Վասիչը, Դուշան Վլայիչը, Նիկոլա Գրաովացը, Միոմիր Դենիչը, Պեջա Միլոսավլևիչը, Ջորջե Պոպովիչը, Յուրիցա Ռիբարը, Ալեքսա Չելեբոնովիչը և ուրիշներ։
Յովան Բիելիչը Հարավսլավիայի արվեստի խմբերի հիմնադիրներից և անդամներից է («Նկարիչների խումբ», «Ֆորմա», «Ազատ և անկախ»)։ 1912 թվականից մասնակցել է հարավսլավացի նկարիչների մոտ 200 խմբակային ցուցահանդեսների, 1919 թվականից կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ երկրում և արտասահմանում։ Զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ և թարգմանություններով (8 հրատարակված պատմվածք, մեկ ձեռագիր և մեկ թարգմանություն)։
Նկարչի ստեղծագործական ժառանգությունը բաղկացած է 981 կտավից, 103 ջրաներկից, 52 գունամատիտներով նկարներից, 676 գծանկարից (մատիտ, փայտածուխ, թանաք), 19 գրքի նկարազարդում և 94 թատերական բեմանկարներից։ Բիելիչի կտավները պահվում և ցուցադրվում են Ազգային թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Նովի Սադի Պավել Բելյանսկու հուշահամալիրի հավաքածուում, Սերբիայի այլ թանգարաններում ու պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Ունի բազմաթիվ մրցանակներ և պարգևներ, այդ թվում՝ Առաջին աստիճանի Աշխատանքային շքանշան (ՀՍՖՀ), Հոկտեմբերյան մրցանակ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության «Հուլիսի յոթի» մրցանակ և այլն։
Թաղված է Բելգրադի Նոր գերեզմանատան՝ Վաստակավորների (Մեծերի) ծառուղում։
Հիշատակ
Բոսանսկի Պետրովաց քաղաքում ստեղծվել է «Յովան Բիելիչի հուշահամալիր թանգարանը», որը հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Review of international affairs: Volume 5; Volume 5 Savez novinara Jugoslavije, Socijalistički savez radnog naroda Jugoslavije, Savez udruženja novinara – 1954 "the teacher of the "middle generation", Jovan Bijelic, with his rich palette."
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յովան Բիելիչ» հոդվածին։ |
|
Արտաքին հղումներ
- Йован Биелич Արխիվացված 2019-09-22 Wayback Machine
- Јован БИЈЕЛИЋ(սերբ.)
- Vojislav Vujanović. PRIZIVANJE BOSNE(սերբ.)