Նախում Գուտման
Նախում Գուտման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1898[1][2] |
Ծննդավայր | Տելենեշտի, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[3][4] |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1980[4][2][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Իսրայել[3] և Թել Ավիվ, Իսրայել[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Bezalel School of Arts and Crafts?, Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա և Հերցլիյա հրեական գիմնազիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, մանկագիր, գրող, նկարազարդող և խճանկարիչ |
Ժանր | Էկլեկտիզմ, բնանկար[5], քաղաքային բնանկար[5] և դիմապատկեր[5] |
Թեմաներ | գեղանկարչություն, Կերպարվեստ[6] և գրքային գրաֆիկա[6] |
Պարգևներ | |
Հայր | Simcha Ben Zion? |
Զավակներ | Menachem Gutman? |
![]() |
Նախում Գուտման (ծննդյան անունը՝ Նուխեմ Օլտերովիչ Գուտման, Nachum Gutman[8] , եբրայերեն՝ נחום גוטמן, հոկտեմբերի 15, 1898[1][2], Տելենեշտի, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[3][4] - նոյեմբերի 28, 1980[4][2][3], Իսրայել[3] և Թել Ավիվ, Իսրայել[4]), իսրայելցի բնանկարիչ, քանդակագործ, նկարազարդող և գծանկարիչ, մանկական գրող, բնանկարային գեղանկարչության պաղեստինյան ոճի հիմնադիր։ Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի դափնեկիր (մանկական գրականության մեջ ունեցած ավանդի համար, 1962 թվական)։ Գրել է եբրայերեն։
Կենսագրություն
Նուհեմ (հետագայում՝ Նախում) Գուտմանը ծնվել է բեսարաբյան հրեական Տելենեշտի գյուղատնտեսական գաղութում, (ներկայումս՝ Մոլդովայի Տելենեշտի շրջկենտրոն), Օլտեր Գուտմանի և նրա կնոջ՝ Ռիվկեի ընտանիքում, եղել է հինգ երեխաներից չորրորդը։ Ապագա նկարչի հայրը՝ սկսնակ գրող Օլտեր Գուտմանը, որը հայտնի էր Ս. Բեն-Ցիոն (կամ Սիմհա Բեն-Ցիոն) կեղծանունով, այդ ժամանակ աշխատում էր որպես ուսուցիչ։
1903 թվականին ընտանիքը տեղափոխվում է Օդեսա, որտեղ Նախումը սովորում է փորձարարական խեդերում (տարրական դպրոց) եբրայերեն ուսումնառությամբ, որտեղ դասավանդում էր նրա հայրը։ 1905 թվականին ընտանիքը տեղափոխվում է Պաղեստին և բնակություն հաստատում Յաֆֆայում։ Նախումը սովորում է «Էզրա» դպրոցում։ 1910 թվականին անսպասելիորեն մահանում է նրա մայրը և հետագայում երեխաների դաստիարակությամբ զբաղվում է նկարչի տատիկը՝ Մինցե Գուտմանը, որը եկել էր Տելենեշտից հատուկ այդ նպատակով։ Հենց այդ ժամանակ էլ Նախումը սկսեց ստանալ իր առաջին դասերը նկարչությունից Իռա Յանի (Էսթեր Սլեպյան) մոտ և ընդունվեց Հերցլիյա գիմնազիա։ 1913 թվականին նա մեկնեց Երուսաղեմ և ընդունվեց գեղանկարչության ու գեղանկարչական արվեստի «Բեցալել» դպրոց Բորիս Շացի և Աբել Պենի մոտ։
Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ դպրոցի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելուց հետո, 1916 թվականին Գուտմանն աշխատել է խաղողի ճզմման արտադրությունում և ցիտրուսային այգիներում Պետահ Տիկվեում, Ռիշոն Լե Ցիոնում և Ռեխովոտում, ինչը շատ տարիներ անց իր արտահայտությունն է գտել նրա «հախոֆեշ հագադոլ օ Թաալումաթ հաԱրգազիմ» (Ամառային արձակուրդներ, կամ տուփի գաղտնիքը) ինքնակենսագրական գրքում։ 1917 թվականին նա մյուս բնակիչների հետ միասին թուրքերի կողմից արտաքսվում է Երուսաղեմից (նկարագրված է «Նարնջի կեղևի արահետը» գրքում), 1918 թվականին կամավորական հիմունքներով անդամագրվում Բրիտանական բանակի հրեական լեգիոնին, ծառայելով որպես վերակացու Եգիպտոսում, թուրք ռազմագերիների ճամբարում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/90/Nahum_Gutman%27s_Museum3.jpg/220px-Nahum_Gutman%27s_Museum3.jpg)
1920 թվականին, զորացրվելուց անմիջապես հետո, մեկնում է Եվրոպա գեղանկարչություն սովորելու, մինչև 1926 թվականը բնակվում է Վիեննայում, Փարիզում, Բեռլինում, նկարազարդում է այդ ժամանակ Բեռլինում բնակվող հոր և նրա գրական ընկերների Հայիմ Նախման Բյալիկի և Շաուլ Չերնիխովսկու գրքերը։ 1926 թվականին վերադառնում է Թել Ավիվ և հիմնականում իրեն նվիրում բնանկարչությանը (հետագայում Գուտմանի այդ ժանանակաշրջանի աշխատանքները սկսեցին դասվել այսպես կոչված նոր «պաղեստինյան ոճին»)։ 1928 թվականին նա ամուսնացավ Դորա Իյոֆֆեի հետ և նույն տարում ծնվեց նրանց միակ որդին Մենահեմը։ 1929 թվականից Գուտմանը սկսեց զբաղվել «Օհել» (Վրան) մոդեռնիստական թատրոնի դեկորացիայի և բեմական հագուստի դիզայնով, դարձավ «Դավիթի թագը » (1929) և Սաբաթայ Զևիի (1932) ներկայացումների դեկորացիայի հեղինակը։ 1931 թվականին նա դարձավ «Դավար Լեյալդիմ» («Դավար» թերթի մանկական հավելված) թերթի մշտական նկարազարդողը և այդ պաշտոնում առանց ընդմիջումների աշխատեց հետագա 35 տարիներին։ Որոշ ժամանակ անց սկսեց նաև հոդվածներ գրել այդ թերթի համար։
1932 թվականին կայացավ Գուտմանի առաջին անհատական ցուցահանդեսը։ 1933-1934 թվականներին մասնակցել է պարարվեստի վարպետ Բարուխ Ագադատիի կողմից Թել Ավիվում կազմակերպվող «Ադլոյադա» ամենամյա կառնավալային պուրիմի երթի դեկորացիայի պատրաստմանը։ 1934 թվականին Թել Ավիվի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ստեղծեց քաղաքի խորհրդանիշը, որը պահպանվում է մինչև օրս (իր կողմից 1959 թվականին կատարված վերանայումով)։ 1934-1935 թվականներն անցկացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ գրել է իր առաջին գիրքը երիտասարդների համար, «ԲեԷրէց Լոբենգուլու Մէլէխ Զուլու» (Լոբենգուլու արքայի Զուլու երկրում ), որը լույս տեսավ նրա նկարազարդումներով։ Յոհաննեսբուրգում, Քեյփթաունում և Դուրբանում անցկացվել են նկարչի անհատական ցուցահանդեսները։
Այդ ժամանակից ի վեր Գուտմանը նկարազարդել է իր բոլոր մանկական գրքերը, որոնք նա հրատարակել է մինչև իր կյանքի վերջը։ Հետագայում այդպես են հրատարակվել նրա կողմից գրված և նկարազարդված «Բեատրիս о Մաասե Շետհիլատո Համոր վէՍոֆո Արի Դորես» (Բեատրիսա, կամ պատմություն, որը սկսվեց ավանակից և ավարտվեց կատաղած առյուծով, 1942), «հարպատկաոտ Համոր Շեկուլո Տհելետ» (Իսկական կապույտ իշուկի արկածները, 1944), «Իր Կետինա վաանաշիմ բաՄեաթ» (Փոքրիկ քաղաք և մի քանի մարդիկ այնտեղ, 1959) և այլ գրքեր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/Tel_Aviv2.jpg/220px-Tel_Aviv2.jpg)
Իսրայելի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ, 1948 թվականին Գուտմանը պատրաստեց Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների դիմանկարների շարք, որոնք ընդգրկված են նրա «Ինչպես դա եղավ» ալբոմում։
1960-ական թվականների սկզբին առաջին անգամ սկսեց զբաղվել խճանկարով (Գուտմանն առաջին խճանկարն ստեղծել է Իսրայելի գլխավոր ռաբբինատում, 1961 թվականին), հետագա երկու տասնամյակում նրա խճանկարներով են զարդարվել թելավիվյան «Հերցլիա» գիմնազիայի պատերը (1967), Բյալիլի փողոցի շատրվանը (1976) և Թել Ավիվի Շալոմ Մեիրի առաջին երկնաքերը (1966)։ 1970 թվականից սկսել է զբաղվել նաև կերամիկայով[9][10][11]։
Գուտմանն ամուսնացել է Դորայի հետ։ Նրանք ունեցել են որդի։ Նախում Գուտմանը մահացել է 1980 թվականի նոյեմբերի 28-ին Թել Ավիվում։ Մահից անմիջապես հետո նրա մասին լույս է տեսնում արվեստագետ Էհուդա Բեն-Էզերի կողմից գրված «Բեյն Հոլոտ վեՏհոլ Շամաիմ» (Ավազաբլուրներ և կապույտ երկինք) մանրամասն մենագրությունը։ Նրա ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն գտնվում է Թել Ավիվի Նևե Ցադիկ շրջանում գտնվող Գուտմանի թանգարանում, որտեղ նկարիչն անցկացրել է կյանքի մեծ մասը։ Թանգարանը տեղակայված է շրջանի ամենահին շենքերից մեկում, որը կառուցվել է 1887 թվականին[12]։ Բանաստեղծ Իսրոել Գոյխբերգը նրա զարմիկն է։
Պարգևներ
- «Լամդան» մրցանակի դափնեկիր մանկական գրականության համար (1946)
- Դիզենհոֆի մրցանակ գեղարվեստի բնագավառում (1956)
- Հանս Քրիստիան Անդերսենի միջազգային մրցանակ (ՅՈՒՆԵՍԿՕ) «Նարնջի կեղևի արահետը» գրքի համար (1962)
- Յացիվի մրցանակ (1964)
- Բեսարաբիայի գաղթականների միության Ֆիհմանի մրցանակ (1969)
- Թել Ավիվի համալսարանի դոկտոր Honoris causa (1974)
- Իսրայելի պետական մրցանակ (1978)
- Թել Ավիվի պատվավոր քաղաքացի (1976)
- Իսրայելի մրցանակ (մանկական գրականության համար), 1978[13]
Հիշատակ
Ռամաթ Ավիվում կա փողոց, որը կրում է նկարչի անունը։ Նախում Գուտմանի ստեղծագործությունները բավականին բազմազան են (յուղաներկով բնանկարներ, ջրաներկ, գուաշ, խճանկար, փորագրություն, վիմագրություն, կերամիկական քանդակ) և սերտորեն կապված են Թել Ավիվի հետ, որի առաջին նորաբնակներից մեկը նրա ծնողներն էին և ինքը։
Երկեր
- "In the Land of Lobengulu King of Zulu", Massadah 1940
- "Seven Mills and Another Station" (Sheva T'khanot ve'od Takhana), Yavneh 1956
- Path of the Orange Peels: Adventures in the Early Days of Tel Aviv (English translation: Nelly Segal) Dodd, Mead & Company, 1979
- И было однажды… Агадические сказания о царе Давиде записал Хаим-Нахман Бялик. Иллюстрации Нахума Гутмана. М.: Текст—Книжники, 2015.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 NMVW-collection
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 https://israelforever.org/interact/blog/the_artist_pioneer/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Artnet — 1998.
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Իսրայելի մրցանակ — 1953.
- ↑ Nachum Gutman
- ↑ Mosaic Mural – Mosaic Artist – Nachum Gutman – Shalom Tower – Tel Aviv, Israel « Mosaic Art Source
- ↑ Haaretz: TA City Hall: Gutman Mosaic Destined for Ritzy Office Tower Courtyard, 11 June, 2009 [1]
- ↑ PhotoStock-israel, Oren Shalev (2015): "The fountain is now located at the corner of Rothschild boulevard and Herzl street, Tel Aviv" [2]
- ↑ Gilerman, Dana (2001 թ․ օգոստոսի 1). «Pinpointing Nahum Gutman». Haaretz.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Israel Prize Official Site – Recipients in 1978 (in Hebrew)».
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախում Գուտման» հոդվածին։ |
|