Նոճի մշտադալար
Նոճի մշտադալար | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Cupressus sempervirens | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
Նոճի մշտադալար (լատին․՝ Cupressus sempervirens), նոճազգիների ընտանիքի, նոճիների ցեղի բույս։
Նկարագրություն
Ծառեր են՝ 25-30 մ բարձրությամբ, 50-60 սմ բնի տրամագծով, համեմատաբար նուրբ, խիտ դասավորված ճյուղերով, որոնք առաջացնում են նեղ-գլանաձև կամ բրգաձև սաղարթ։ Բունը ուղիղ է, ծածկված նուրբ, կարմրադարչնագույն կեղևով, որը երկարությամբ ճաքեր է տալիս։ Ընձյուղները կլորավուն, 4 անկյունանի են, ձգված բոլոր ուղղություններով։ Փշատերևները մանր են' ձգված-ռոմբաձև, հազիվ նկատելի ատամնաեզրերով, մեջքի կողմում՝ ձվաձև խեժային գեղձով, մուգ կանաչ, համարյա իր ամբողջ երկարությամբ (կամ դրա մեծ մասով) սերտաճած ընձյուղի հետ, ամուր հպված դրան։ Արական հասկիկները նուրբ են, երկարավուն-գլանաձև, 5 - 10 մմ երկարությամբ, կազմված 10 - 12 զույգ առէջներից, որոնցից յուրաքանչյուրն ունի 4 - 5 փոշանոթներ, բացվում են փետրվար-ապրիլ ամիսներին։ Իգական հասկիկները կլորավուն են, 3 - 6 մմ տրամագծով։ Կոները, որոնք առաջին իսկ տարում մեծ չափերի են հասնում, դեռ մինչև լրիվ հասունանալը սովորաբար բացվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երկրորդ կամ երրորդ տարում։ Դրանք սկզբում կանաչ են, այնուհետև ստանում են փայլուն-շագանակագույն երանգ, կամ մոխրավուն գունավորում, կլոր են կամ մի փոքր երկարավուն, 2-3 սմ տրամագծով, կազմված են 8-12 թեփուկներից, որոնք 5- 6 անկյունանի են, անկանոն ձևի, ամուր հպված մեկը մյուսին, դրսից մի փոքր դուրս ցցված կամ տափակ, կենտրոնում՝ սրածայր կամ տափակ ելուստով։ Սերմերը 8-20-ական հատ են յուրաքանչյուր թեփուկի վրա, 5-7 մմ երկարությամբ, կարմրագորշավուն նեղ թևիկով։ Սկսում է պտղաբերել 4 տարեկան հասակից, որից հետո ամեն տարի առատորեն պտղաբերում է։ Ծլունակությունը պահպանում է 10 տարի։ Ծիլերն ունեն երկու շաքիլատերև։
Ունի երկու պարտիզային ձևեր.
F. horizontalis Mili. — նեղ գլանաձև կամ լայն բրգաձև սաղարթ ունի, բնից հորիզոնական ուղղությամբ հեռացող ճյուղերով։ Հայաստան է ներմուծված անհիշելի վաղ ժամանակներից։ Հանրապետության մերձարևադարձային շրջաններում հաջողությամբ է աճում ու զարգանում։
F. pyramidalis Targ. — աչքի է ընկնում նեղ-բրգաձև սաղարթով, ընդ որում ճյուղերը բնից հեռանում են թեքվելով դեպի վեր, համարյա հպվելով բնին, որից սաղարթը ամուր, խիտ տեսք է ստանում։ Ցանքի դեպքում սերմերի 50°/օ-ը տալիս է բրգաձև սաղարթ։ Հայաստանի մերձարևադարձային շրջաններում միանգամայն ցրտադիմացկուն է։
Աիյթալայի դենդրարիում 60 - 70 տարեկան բույսերը հասնում են մինչև 29 մ բարձրության և ունեն 30-40 սմ բնի տրամագիծ։ Ըստ բարձրության միջին տարեկան աճը կազմում է 24-31 սմ։ Ամեն տարի առատորեն պտղաբերում է, սերմերը ծլունակ են, սակայն ինքնացան չի տալիս։ Վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Խիստ երաշտադիմացկուն է։ Դրանք ներկայումս պտղաբերում են և շատ լավ են աճում։ Բրգաձև այլատեսակի երիտասարդ բույսերը այստեղ ցրտահարվում են -12 °C սառնամանիքի դեպքում։ Մշտադալար նոճու միամյա սերմնաբույսերը խորհուրդ է տրվում վերատնկել դպրոցում՝ 40X40 սմ-անոց շարքերով։ Լավ խնամքի դեպքում 3-4 տարեկան տնկիները կարելի է վերատնկել իրենց հիմնական տեղում։ Լավ է տանում վերատնկումը։ Հողի նկատմամբ քչապահանջ է։ Հեշտությամբ է հարմարվում քարքարոտ, կրային միացություններով հարուստ հողերին։ Լավ է աճում չոր, ավազային, նույնիսկ թեթևակիորեն աղակալած հողերում։ Չափազանց լավ է աճում փխրուն, խոր, խոնավ հողերում։ Գերխոնավ հողերում երկարակյաց չէ և հեշտությամբ է տապալվում քամիներից։ Լավ է դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին։ Շատ լավ է տանում խուզումը։
Էկոլոգիական խումբը՝ III: Մշակության հավանական շրջանները 9. 20ա, 32։
Տարածվածություն
Բնական պայմաններում տարածված է Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրանում, Կրետե և Կիպրոս կղզիներում (Կիպրոսում հասնում է ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության)։ Հայաստան է ներմուծված մի քանի հազարամյակ սրանից առաջ։ Հիշատակվում է նույնիսկ ուրարտական սեպագիր արձանագրություններում։
Լավ է աճում նաև Նոյեմբերյանի շրջանում՝ Նոյեմբերյանում, Կողբում, «Ջեյթուն» և «Հաղթանակ» սովխոզներում։ Ամենուրեք հիանալի է աճում և չի ցրտահարվում։ Մշակվում է նաև Մեղրիում, որտեղ 35 - 40 տարեկան ծառերը հասնում են մինչև 25 մ բարձրության և 30-35 սմ բնի տրամագիծ ունեն։ Մշտադալար նոճին իր երկու այլատեսակներով Իջևան է ներմուծվել 1963 թվականին «Ջեյթուն» սովխոզից։
Կիրառություն
Բնափայտը դեղնավարդագույն է, բնորոշ, սուր հոտով, տարեկան շերտերը լավ են երևում, խեժանցքեր չունեն, փափուկ է ու թեթև, մեխանիկական հատկություններով ավելի մոտ է սոճուն։ Օգտագործվում է կահույքի և ատաղձագործական իրեր պատրաստելու համար։ Կայուն է միջատների նկատմամբ։ Երիտասարդ ճյուղերից կարելի է ստանալ եթերային յուղ։ Արագ է աճում։ Ապրում է մինչև 2000 տարի։
Մշտադալար նոճու հատկապես բրգաձև այլատեսակը օժտված է չափազանց բարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Սովորաբար օգտագործվում է ինչպես ծառուղիների, այնպես էլ փոքր խմբերով և որպես սոլիտեր տնկելու համար[1]։
Ծանոթագրություններ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոճի մշտադալար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոճի մշտադալար» հոդվածին։ |
|