Նորման Ուիզդոմ
Նորման Ուիզդոմ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1915[1][2] |
Ծննդավայր | Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 4, 2010[3][1][2] (95 տարեկան) |
Մահվան վայր | Մեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կատակերգու, սցենարիստ, երաժիշտ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Frederick Wisdom?[4], մայր՝ Maud Targett?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
normanwisdom.com | |
Նորման Ուիզդոմ (անգլ.՝ Norman Wisdom, սըր Նորման Ջոզեֆ Ուիզդոմ, փետրվարի 4, 1915[1][2], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 4, 2010[3][1][2], Մեն), անգլիացի կատակերգու դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և կոմպոզիտոր։ Արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի շքանշանին։
Կենսագրություն
Նորման Ուիզդոմը ծնվել է Լոնդոնում։ Հայրը վարորդ էր, հարբեցող ու կռվարար, իսկ մայրը դերձակուհի էր, ով նույնիսկ շորեր է կարել Մարիա թագուհու համար։ Ծնողների ամուսնալուծությունից հետո, 1924 թվականին հայրը իննամյա Նորմանին տանից դուրս է հանել։ Վերջինս զբաղվել է թափառաշրջիկությամբ, որոշ ժամանակ ապրել է խնամակալների մոտ, իսկ հետո առևտրական նավի նավապետի մոտ աշխատանքի է անցել որպես ծառա։ Աշխատել է որպես դռնապան, իսկ հետո՝ հանքափոր։ 1930 թվականին՝ 15 տարեկանում թագավորական 10-րդ հուսարական գնդի կազմում դարձել է թմբկահար։ Այդ գնդի հետ հայտնվել է Հնդկաստանում։ Այնտեղ շեփոր և կլարնետ նվագել է սովորել։ Այդ ժամանակ դարձել է Հնդկաստանում բրիտանական բանակի բռնցքամարտի չեմպիոն։
Նորման Ուիզդոմի դերասանական կարիերան կայացել է 1946 թվականին։ Սկզբնական շրջանում աշխատել է մյուզիք-հոլլում ` որպես կրկեսային ունիվերսալ համարներ կատարող։ Նրա մոտ հիմնականում հաջողվում էր կատակերգական կերպարների մարմնավորումը։ Այդ ամենը շուտ նկատվեց և նրան հրավիրեցին հեռուստատեսություն։ Մասնակցելով մի շարք հեռուստաշոուների, Նորման Ուիզդոմը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդես է եկել հեռուստատեսությունում։
Կինոյում նրա դեբյուտը կայացել է 1948 թվականին՝ «Ժամադրություն երազանքի հետ» կինոնկարում։ 1955 թվականին նկարահանվել է «Խալիֆ` մեկ ժամով» կինոնկարում։ 1958 թվականից նա հայտնի էր որպես սցենարիստ, իսկ 1969 թվականից՝ որպես պրոդյուսեր։ 1953 թվականին «Տհաճություններ կրպակում» կինոնկարի համար նա գրել է «Մի ծիծաղեք ինձ վրա» երգը, որը դարձել էր նրա այցեքարտը։ Առավելապես նրան ճանաչում է բերել իր կողմից ստեղծված կատակերգական հերոսի կերպարը՝ միսթր Պիտկինը, որը հայտնվել է չորս ֆիլմում։ Այդ ֆիլմերն էին «Միսթր Պիտկինը թշնամու թիկունքում» (1958 թ.), «Պիտկինը հերթապահությունում» (1962 թ.), «Պիտկինի արկածները հիվանդանոցում» (1963 թ.) և «Վաղորդյան թռչնակը» (1965 թ.) կինոնկարները։ Միսթր Պիտկինը անկեղծ, պարզամիտ, բարեհոգի, միամիտ, միաժամանակ վախկոտ, ստորաքարշ, շողոքորթ և քծնող փոքրիկ մարդու կերպար է։ Հետաքրքիր է այն, որ Նորման Պիտկինի անունը հանդիպում է միայն վերը նշված չորս ֆիլմերում։ Մնացած բոլոր կինոնկարներում նրա ազգանունը տարբեր է, սակայն մշտապես կերպարի անունը նույնն է՝ Նորման։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 12 ֆիլմ, որտեղ հերոսի անունը Նորման է։
Չնայած հնաճաշակության համար մեղադրանքներին, նա պահում էր ավանդույթները՝ օգտագործելով արտասովոր հումորը և չափազանցության հասնող դիմախաղը։ Նորման Ուիզդոմը սիրում էր կրկնել, որ իր կատակերգությունները նախատեսված են երեքից մինչև 93 տարեկան երեխաների համար։
Հետագայում Նորման Ուիզդոմը նկարահանվել է հեռուստասերիալներում։ Չնայած իր ծերունական տարիքին, նա շարունակում էր ելույթ ունենալ բեմի վրա և մեկնել հյուրախաղերի։ Հեռուստատեսությունում և կաբարեում իր ելույթները դադարեցրել է մահվանից մի քանի ամիս առաջ։ Նրա կերպարը հայտնի էր ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ նաև Հարավային Ամերիկայում, Իրանում և Արևելյան Եվրոպայում, հատկապես Ալբանիայում։ Էնվեր Խոջան միսթր Պիտկինին հռչակել էր Ալբանիայի ազգային հերոս։ 1995 թվականին նրան Տիրանայում ընդունել էին բարձր մակարդակով, նրան դիմավորել էր անձամբ նախագահ Սալի Բերիշան։
Անձնական կյանք
Նորման Ուիզդոմն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1941 թվականին, ամուսնալուծվել 1946 թվականին։ Այդ ամուսնությունից նա ունի մեկ որդի։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1947 թվականին, պարուհի Ֆրիդա Սիմփսոնի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։ Ամուսնալուծվել է 1969 թվականին։ Կինը մահացել է 1992 թվականին։
Նորման Ուիզդոմը մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Մեն կղզում գտնվող ծերանոցում։ Ըստ որդու՝ մահվան պատճառը ինֆարկտն էր։
Մասնակի ֆիլմագրություն
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1948 | Ժամադրություն երազանքի հետ | A Date with a Dream | - |
1953 | Տհաճություններ կրպակում | Trouble in Store | Նորման |
1955 | Դեպի լավը | One Good Turn | Նորման |
1955 | Խալիֆ` մեկ ժամով | Man of the Moment | Նորման |
1956 | Գլխիվայր կանգնած | Up in the World | Նորման |
1957 | Պարզապես բախտը բերեց | Just My Luck | Նորման Հաքեթ |
1958 | Միսթր Պիտկինը թշնամու թիկունքում | The Square Peg | Նորման Պիտկին |
1959 | Հետևիր աստղին | Follow a Star | Նորման Տրասկոտ |
1960 | Կար-չկար մի խարդախ | There Was a Crooked Man | Դեյվ Կուպեր |
1960 | Ցեղատեսակը բուլդոգ | The Bulldog Breed | Նորման Պակլ |
1961 | Աղջիկը նավից | The Girl on the Boat | Սեմ Մառլոու |
1962 | Պիտկինը հերթապահությունում | On the Beat | Նորման Պիտկին |
1963 | Պիտկինի արկածները հիվանդանոցում | A Stitch in Time | Նորման Պիտկին |
1965 | Վաղորդյան թռչնակը | The Early Bird | Նորման Պիտկին |
1966 | Լավագույն ցանկություններից ելնելով | Press for Time | Նորման Շիլդս, նրա մայրը, նրա պապը |
1966 | Արկածներով լի օր (Մարդ-սենդվիչը) | The Sandwich Man | - |
1967 | Անդրոկլեսն ու առյուծը | Androcles and the Lion | Անդրոկլես |
1968 | Գիշերային շուրջկալ Մինսկիի մոտ | The Night They Raided Minsky's | Չիկ Ուիլյամս |
1969 | Ինչն է լավ սագի համար | What's Good for the Goose | Թիմոթի Բարթլեթ |
1981 | Բերժրակ | Bergerac | Վինսենթ |
1986 | Աղետ | Casualty | միսթր Կոլ |
1996 | Դելզիլը և Պեսկոուն | Dalziel and Pascoe | Բեռն Մարքս |
2003 | Անկողնում | Between the Sheets | Մորիս Հարդի |
2004 | Հինգ երեխա և կախարդանք | Five Children and It | Նեսբիտ |
2008 | Հերրոու Վուդսի լեգենդը | The Legend of Harrow Woods | Ուինսթոն Լլամատա |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-11473192
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 5,0 5,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Ուիզդոմ» հոդվածին։ |
|