Շավո Օդաջյան
Շավո Օդաջյան | |
---|---|
Ի ծնե անուն | Շավարշ Օդաջյան |
Ծնվել է | ապրիլի 22, 1974 (50 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, հևի մետալ, ալտերնատիվ մետալ և հիփ հոփ |
Մասնագիտություն | բասիստ, երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր, դիջեյ և իրավապաշտպան |
Գործիքներ | բաս կիթառ և կիթառ |
Գործունեություն | 1993 – ներկա |
Աշխատավայր | System of a Down և Achozen |
Անդամակցություն | System of a Down և Achozen |
Shavo Odadjian Վիքիպահեստում |
Շավո Օդաջյան (անգլ.՝ Shavo Odadjian, ապրիլի 22, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի երաժիշտ, առավել հայտնի է որպես հանրահայտ System of a Down խմբի բաս կիթառահար։
Կենսագրություն
Շավո Օդաջյանը (լրիվ անունն է՝ Շավարշ) ծնվել է 1974 թվականի ապրիլի 22-ին Երևանում, ՀԽՍՀ։ Պատանի ժամանակ Շավոն շատ էր սիրում զբաղվել սկեյտսբորդինգով և լսել պանկ ռոք և հևի մետալ երաժշտություն։ Իր սիրած խմբերն էին՝ The Punk Angle, Dead Kennedys, KISS, Black Sabbath։ Դեռ երիտասարդ ժամանակ Շավոն ծնողների հետ տեղափոխվում է Իտալիա, այնուհետև՝ Լոս Անջելես։ Շավոյի դաստիարակությամբ հիմնականում զբաղվում էր նրա տատիկը, սակայն նրա մահվանից հետո, ինչպես Շավոն է ասում, նա կորցրեց իր հավատքը և դադարեց առաջվա պես քնելուց առաջ աղոթել։ Շավո Օդաջյանը սովորել է այն նույն դպրոցում, որտեղ սովորել են Սերժ Թանգյանը և Դարոն Մալաքյանը, սակայն տարիքային տարբերության պատճառով դպրոցում իրար հետ ծանոթանալ չի հաջողվել։
Շավո Օդաջյանը աշխատում էր բանկում և նվագում էր սեփական խմբում, երբ մի օր ձայնագրման ստուդիայում ծանոթանում է Սերժ Թանգյանի և Դարոն Մալաքյանի հետ։ Սկզբից Շավո Օդաջյանին նշանակեցին Soil խմբի մենեջեր, իսկ 1995 թվականին նա դառնում է խմբի մշտական բաս-կիթառահար, իսկ խումբը այդ ժամանակից սկսեց կոչվել System of a Down։ Խմբի հետ Շավարշ Օդաջյանը ձայնագրում է 5 ալբոմ՝ System Of A Down (1998), Toxicity (2001), Steal This Album! (2002), Mezmerize (2005), Hypnotize (2005), ինչպես նաև հանդիսացավ System of a Down խմբի որոշ տեսահոլովակների (Aerials, Toxicity, Question, Hypnotize) ռեժիսոր։
Դեռ 18 տարեկան հասակում, երբ դեռ չէր ձևավորվել System of a Down խումբը, Շավո Օդաջյանը դրվագային դեր է խաղում AC/DC խմբի Big Gun երգի տեսահոլովակում։
Շավո Օդաջյանը հայտնի լոս-անջելեսյան դի-ջեյ է՝ DJ Tactic մականունով։ 2001 թվականի մարտի 2-ին մասնակցում է Rock/DJ Explosion իրադարձությանը, ինչպես նաև համագործակցում է Սերժ Թանգյանի և հայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ Serart պրոյեկտի շրջանակներում։
2001 թվականին Շավո Օդաջյանը էպիզոդիկ դեր է խաղում Zoolander ֆիլմում։
Հատկանշական է, որ Soil խմբում Շավո Օդաջյանը որոշ ժամանակ եղել է կիթառահար։ Ըստ նրա՝ նա սովորական էլեկտրական կիթառ ավելի լավ է նվագում, քան բաս կիթառ։ Բաս կիթառ նվագելիս Շավոն հիմնականում օգտվում է մեդիատոռից, բայց երբեմն նվագում է նաև մատներով։
2005 թվականին Շավո Օդաջյանը իրականացնում է իր երաժշտական պրոյեկտը՝ ստեղծելով Achozen էքսպերիմենտալ հիպ հոպ խումբը, որտեղ նա նվագում է մինչ օրերս։ Շավոն Achozen խմբի վոկալիստն է և կիթառահարը։
Աղբյուրներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շավո Օդաջյան» հոդվածին։ |
|