Շերլ
Շերլ | |
---|---|
Շերլի բյուրեղներ, Մադագասկար | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | NaFe2+3Al6Si6O18(BO3)3(OH)4 |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.CK.05[1] |
Դանա դասակարգում | 61.3.1.10 |
Նույնականացում | |
Գույն | Սև |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 7 |
Թափանցիկություն | անթափանց |
Ենթակատեգորիա | Տուրմալին |
Շերլ, ( գերմ.՝ Schörl), կամ սև տուրմալին[2], նաև շերլիտ[3], բորոսիլիկատների դասի հանքանյութ, տուրմալինի տարատեսակ, որը բնութագրվում է բյուրեղավանդակում նատրիումի և երկվալենտ երկաթի առկայությամբ։ Ի տարբերություն տուրմալինի այլ տարատեսակների այն թափանցիկ չէ։ Ունի հարուստ սև գույն, որը պայմանավորված է երկաթի ատոմների առկայությամբ։ Օգտագործվում է արդյունաբերության մեջ հիմնականում որպես պիրոէլեկտրիկ և պիեզոէլեկտրիկ, սահմանափակ չափով՝ ոսկերչական իրերի պատրաստման ոլորտում, և օպտիկայում՝ բևեռացնող ֆիլտրերի արտադրության համար։
19-րդ դարում և դրանից առաջ «շերլ» էին անվանում ընդհանրապես բոլոր տուրմալինները, շատ սովորական էին «կանաչավուն շերլեր», կամ «դեղին շերլ», և միայն 20-րդ դարի կեսերին տերմինը վերջնականապես սկսեց օգտագործվել ժամանակակից նշանակությամբ։ Այսպիսով հիմա «շերլ» անվանումը տալիս են միայն այն տարատեսակին, որին հնում անվանում էին «սև շերլ»։
Նկարագրություն, տարածվածություն
Միներալի քիմիական բանաձևը՝ NaFe2+3Al6Si6O18(BO3)3(OH)4: Երկվալենտ երկաթի փոխարեն խառնուրդների ձևով կարող են հանդես գալ մագնեզիումը, մանգանը և եռավալենտ երկաթը[3]։
Բյուրեղանում է սյունաձև պրիզմաների տեսքով, որոնց նիստերի համար բնորոշ են բյուրեղի երկարությանը զուգահեռ խորը նրբագծերը։ Լայնակի կտրվածքում պրիզման ունենում է սֆերիկ եռանկյունու ձև։
Շերլը երկրակեղևում լայնորեն տարածված միներալ է։ Նրա խոշոր հանքավայրեր գտնվում են ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում։ Երբեմն այս միներալը հանդիպում է ոչ թե պրիզմայի ձևով, այլ ասեղնաձև բյուրեղներով ագրեգատների տեսքով։
Նորվեգիայի Կրագերիո հանքավայրի շերլի տարատեսակն ուժեղ տաքացնելիս փրփրելու հատկություն ունի և անվանվում է աֆրիցիտ (հուն․՝ aphrizein «փրփրել»)[4]։
Սև տուրմալինի բարակ ասեղնաձև բյուրեղներ պարունակող անգույն թափանցիկ քվարցի բյուրեղներին անվանում են տուրմալինային քվարց։ Լինում են դեպքեր, երբ տուրմալինի սև ասեղները քվարցի ներսում առաջացնում են զվարճալի պատկերներ։
Կիրառում
Արդյունաբերության մեջ կիրառումը պայմանավորված է միներալի պիրոէլեկտրիկ և պիեզոէլեկտրիկ հատկություններով։ Օգտագործվում է գերճշգրիտ փականներ, ջերմաստիճանի ու ճնշման տվիչներ պատրաստելիս։
Ոսկերչության մոջ շերլը չեն երեսակում, բայց հղկում են բիժուտերիայում օգտագործելու համար։ Մեծ Բրիտանիայում և որոշ այլ երկրներում շերլն օգտագործվում է սգի համար նախատեսված զարդեր պատրաստելու համար՝ ուլունքներ, բրոշկաներ, ականջօղեր։ Բացի այդ շերլից, ինչպես նաև տուրմալինային քվարցից պատրաստում են գրենական պիտույքներ, օրինակ՝ պրեսպապյե և այլ դեկարատիվ առարկաներ։
Օպտիկայում օգտագործվում է բևեռացնող ֆիլտրերի պատրաստման համար։ Տուրմալինի բյուրեղները հանդիսանում են լավ բևեռացնողներ, տուրմալինի բյուրեղի արդեն 1մմ հաստության դեպքում սովորական լույսը նրա կողմից ամբողջությամբ կլանվում է։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 mineralienatlas
- ↑ Минералы. Сокровища Земли, 2014
- ↑ 3,0 3,1 Шерл հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Чудинов А. Н. Словарь иностранных слов, вошедших в состав русского языка. — 1910
Գրականություն
- Шуман В. Турмалин // Мир камня. В 2-x т.. — Мир, 1986. — Т. 2. Драгоценные и поделочные камни. — С. 104—107. — 263 с. — 100 000 экз.(չաշխատող հղում)
- Чёрный турмалин // Минералы. Сокровища Земли : журнал. — 2014. — № 24. — 120 000 экз. — ISSN 2075-0587.
Արտաքին հղումներ
- Шерл // Каталог Минералов.ру