Շերտավորություն
Շերտավորություն, ապարների դասավորություն միմյանց վրա տեղադրված շերտերի ձևով, որոնք տարբերվում են միներալային կազմությամբ, գույնով, ապար կազմող մասնիկների առանձնահատկություններով և այլն։
Ապարների շերտավորություն
Շերտավորությունը ապարների կարևոր հատկանիշներից է և բնորոշ է հատկապես նստվածքային ապարներին։ Շերտային միավորները (շերտեր, շերտիկներ) սովորաբար միմյանցից անջատվում են բաժանման քիչ թե շատ ցայտուն արտահայտված հարթություններով։ Տարբերում են ապարների շերտավորության երկու տիպ՝ նստվածքային հաստվածքների շերտավորություն և շերտի ներքին շերտայնություն։
Շերտի ներքին շերտայնություն
Շերտի ներքին շերտայնության դեպքում շերտիկները տարբերվում են ապար կազմող բաղադրամասերի կառուցվածքով և միներալային կազմությամբ։
Շերտայնությունը կախված նստվածքաձևավորող գործոնից
Կախված նստվածքաձևավորող գործոնից՝ շերտայնությունը շերտիկների ձևով և դիրքով կարող է լինել հորիզոնական, շեղ, ալիքավոր և փոխանցիկ։
Հորիզոնական շերտայնություն
Հորիզոնական շերտայնությունը առաջանում է հանդարտ ջրերում, հաճախ կապված է կլիմայի սեզոնային տատանումների հետ։
Շեղ շերտայնություն
Շեղ շերտայնությունը ձևավորվում է տարբեր հոսանքներով։
Ալիքավոր շերտայնություն
Ալիքավոր շերտայնությունը ձևավորվում է ջրերի ալիքավոր շարժումներով։
Ապարների շերտայնության ծագումնային տիպեր
Տարբերում են ապարների շերտայնության մի քանի ծագումնային տիպեր՝ էոլային, գետային, ժամանակավոր հոսքերի, լճային, դելտային, ծովային հոսանքների և այլն։
Շերտայնության պատճառները
Շերտայնության գլխավոր պատճառներ են երկրակեղևի տատանումները, մասամբ՝ երկրաշարժերը, նստվածքների նշանակալից սահքերը և այլն։
Պատկերասրահ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 489)։ |