Շոլոմ Ալեյխեմ (Շոլոմ Նոխումովիչ Ռաբինովիչ, մարտի 5, 1859(1859-03-05)[1], Պերեյասլավ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1916(1916-05-13)[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), հրեա գրող։
Գործունեություն
Գրել է իվրիտով, իդիշով, ռուսերենով։ Հետևել է հրեական և ռուս գրականությունների դեմոկրատական ու լուսավորական ավանդույթներին։ «Շոմերի դատը․․․» (1888) պամֆլետում, «Աղքատության թեման հրեական գրականության մեջ» հոդվածաշարում Շոլոմ-Ալեյխեմը պայքարել է ընդդեմ բուլվարային գրականության ու հովվերգական ռոմանտիկայի, հանուն ռեալիստական ժողովրդական գրականության։ «Մենդեր Բլանկը և նրա փոքրիկ ընտանիքը» (1887) վեպում Շոլոմ-Ալեյխեմը ծաղրի է ենթարկել բուրժուային, իսկ «Ստեմպենյու» (1888) և «Իոսելե-Սոխակ» (1889) վեպերում ստեղծել ժողովրդի ծոցից դուրս եկած տաղանդավոր մարդկանց ռոմանտիկական կերպարներ։ 1892 թվականից հրատարակել է «Մենախեմ-Մենդըլ», 1894 թվականից՝ «Տեվյեն կաթնավաճառ» վիպակների առանձին գլուխներ, որոնցում նրա հումորը հասել է կատարելության։ Շոլոմ-Ալեյխեմի ստեղծագործության մի զգալի շրջանն անցել է 1905-1907 թվականների հեղափոխության նշանաբանով։ 1900-ական թվականների սկզբներին գրողը կապեր է հաստատել Լ․ Տոլստոյի, Ա․ Չեխովի, Մ․ Գորկու, Վ․ Կորոլենկոյի հետ, իր ստեղծագործություններն ընթերցել մտավորականների և աշխատավոր երիտասարդության անլեգալ ու կիսալեգալ ժողովներում՝ Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, ստեղծել երգիծական պամֆլետներ ընդդեմ ինքնակալության։ «Ջրհեղեղ» (1906) վեպում Շոլոմ-Ալեյխեմը փորձել է տալ դարաշրջանի ընդարձակ պատկերը, ստեղծել հեղափոխականների կերպարներ։ Ռեակցիայի սկսվելուց հետո մեկնել է Ամերիկա, այնուհետև՝ Շվեյցարիա։ Հեղինակի հակակապիտալիստական միտումներն են արտացոլված «Թափառող աստղեր» (1909-1911) վեպում, պատմվածքներում և հատկապես «Մանուկ Մոտլը» (մսա-1, 1907, հայ․ հրտ․ 1937) վիպակում։ 1908 թվականին Շոլոմ-Ալեյխեմը վերադարձել է Ռուսաստան։ 1914 թվականին Գերմանիայից, որտեղ բուժվում էր, անցել է ԱՄՆ։ Կյանքի վերջին տարիներին Շոլոմ-Ալեյխեմը հրատարակել է «Արյունոտ կատակ» (1912) վեպը, աշխատել դրամատիկ ստեղծագործությունների («Խոշոր շահում», 1915) և ինքնակենսագրական «Տոնավաճառից» (անավարտ) վեպի վրա։ Առաջին համաշխարհային պատերազմն իր ցասումնալից արձագանքն է գտել նրա «Հազար ու մեկ գիշերվա հեքիաթներ» (1914) պատմվածաշարում։ Շոլոմ-Ալեյխեմի ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։
Ստեղծագործություններ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ременик Г. А. Шолом-Алейхем // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Kuiper K. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 539)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|