Շարլոտա Էմմա Էյթչիսոն (անգլ.՝ Charlotte Emma Aitchison, օգոստոսի 2, 1992(1992-08-02)[1][2], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է որպես Չարլի ԷքսՍիԷքս (անգլ.՝ Charli XCX), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ։ Իր դեբյուտային «14» կոչվող ստուդիական ալբոմը նա հրապարակել է 2008 թվականին, սակայն վաճառքի դուրս գալու համար այն երբեք չի թողարկվել։ 2010 թվականին իր դեբյուտային «You're the One» մինի ալբոմի «Stay Away», «Nuclear Seasons» և «You're the One» սինգլները թողարկելու համար, նա պայմանագիր է կնքում This Is Music և IAMSOUND Records լեյբլների հետ, սակայն մինի ալբոմը թողարկվում է 2012 թվականի հունիսին։ Իր «True Romance» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը նա թողարկել է 2013 թվականի ապրիլի 12-ին, իսկ «Sucker» անվանումը կրող նրա թվով երրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին։
Չնայած իր սեփական թողարկումներով Չարլին հաջողակ կատարող է, սակայն նրա մասնակցությամբ ամենահաջողված երգերը (Icona Pop-ի «I Love It» և Իգի Ազալիայի«Fancy») այլ կատարողների են պատկանում։ Որպես անհատ կատարող նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2014 թվականին, իր «Boom Clap» երգի թողարկումից հետո։
Կատարողական արվեստ
Չարլիի երգերը հիմնականում փոփ փանկ[3][4] և էլեկտրոփոփ[5] ժանրերի են, սակայն նաև ներառում են տարրեր դարքվեյվ[6], ինդատրոնիկա[7] և վիտչ հաուս[6] ժանրերից։ Նրան ոգեշնչող կատարողների թվին են պատկանում Դեբի Հարին և Էմինեմը[8]։ Չարլին նշել է, որ լավագույն արտիստները նրանք են, ովքեր անընդհատ փոխում են իրենց ոճը, իսկ ըստ Չարլիի՝ այդ արտիստների թվին են պատկանում Մադոննան և Դեյվիդ Բոուին[9]։ Չարլիի երաժշտական ոճը համեմատել են Սյու Սյուզիի և Մադոննայի 1980-ականների երաժշտության հետ[10]։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ երազում է համագործակցել Բյորկի, Քեյթ Բուշի և Դայոն Ուորվիքի հետ[8]։ Չարլիին ոգեշնչող կատարողների թվին են պատկանում նաև Բրիթնի Սփիրսը, Ավրիլ Լավինը, Լիլ Ուեյնը, Uffie-ը և Բրուք Քենդին, ինչպես նաև Spice Girls, Weezer, The Hives և Ramones խմբերը[11][12][13][14][15][16]։
Երգչուհին տարբեր հարցազրույցներում նշել է, որ իր բեմական կեղծանվան մեջ օգտագործվող «XCX» մասնիկը իր մեջ որևէ առանձնահատուկ նշանակություն չի պարունակում և դա միայն ներկայացնում է այն ամենը, ինչ նա կատարել է մինչև այժմ[17]։ Երգչուհին ընտրել է դա, քանի որ կարծում է, որ այն պարզապես «հնչում է գրավիչ»[17]։