Չեստիո կամ Սան Բարտոլոմեո (իտալ.՝ Ponte Cestio, Ponte San Bartolomeo, լատին․՝ Pons Cestius), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը Տիբերինա կղզու արևմտյան մասում։ Բնօրինակը կառուցվել է մոտավորապես Ք․ ա․ 1-ին դարում (Ք․ ա․ 62-27 թթ․ ընկած որևէ ժամանակահատվածում), Ֆաբրիչիո կամրջից հետո։ Վերջինս ևս միանում է Տիբերինա կղզուն։ Երկուսն էլ լավ են պահպանվել, հատկապես Ֆաբրիչիոն լիովին նույնն է մնացել և չի ձևափոխվել, իսկ Չեստիոն 19-րդ դարում մասամբ ապամոնտաժվել է, ու անտիկ կառույցից միայն մի մասն է մնացել։
Չեստիո կամուրջն առաջինն էր, որ Տիբերինա կղզուց հասնում էր մինչև Տիբերի աջ ափը։ Իսկ կղզին երկար ժամանակ միացած էր Տիբերի ձախ ափին և Հին Հռոմի կենտրոնին։ Մինչև Չեստիոյի կառուցվելը Տիբերի աջ ափը մնում էր անհասանելի։ Ք․ ա․ 1-ին դարից Չեստի ընտանիքի անդամներից մի քանիսն են հայտնի, սակայն անորոշ է, թե նրանցից ով է կառուցել այս կամուրջը[2]
4-րդ դարում կամուրջը վերակառուցվել է կայսրեր Վալենտինիանոսի I, Վաղեսի և Գրացիանոսի կողմից, և 370 թվականին այն կրում էր «Pons Gratiani» անունը։ Կամուրջը վերակառուցվել է՝ օգտագործվելով տուֆ և պեպերինո, իսկ արտաքինից պատված է տրավերտինով։ Շինարարական նյութը բերվել է մոտակա Մարցելլա թատրոնի քանդված կամարաշարքից[3]։
1888-1892 թթ․ գետի ամբարտակների պատերը կառուցելու ժամանակ կամուրջը քանդվում է և վերանորոգվում, քանի որ արևմտյան հունը լայնացվում է 48-ից 76 մետր։ Անտիկ կամուրջն ուներ երկու փոքր կամար, որը պարզապես բավարար չէր։ Կառուցվում է նոր կամուրջ՝ երեք մեծ կամարներով, որի կենտրոնական կամարի կառուցման համար օգտագործվել է սկզբնական նյութի երկու երրորդ մասը։