Պալլասի մագլցող սահնօձ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Elaphe sauromates
|
Հատուկ պահպանություն |
|
Արեալ |
|
|
Պալլասի մագլցող սահնօձ (լատին․՝ Elaphe sauromates), քառաշերտ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի (լատին․՝ Elaphe) ցեղի օձ։ Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է չոր տափաստանային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ կենսավայրերում, նաև այգիներում։
Արտաքին տեսք
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (27-180 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է, գլուխը մարմնից լավ է տարանջատված և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ մուգ, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները թույլ կատարավոր են, փայլուն։ Ունի շատ խայտաբղետ տեսք։
Գլխի վրա՝ աչքերից դեպի հետ, ձգվում է մուգ զոլ։ Դեղնավուն մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է լայնակի ձգված, մուգ շագանակագույն կամ գրեթե սև եզրերով շղթայանման նւսխւշ, որի տարբեր հատվածներում խալերը կարող են միաձուլվելով ձևավորել զիգզագ կամ տարանջատվել։ Մուգ խալերի մեկական երկայնակի շարք է ձգվում նաև մարմնի կողքերով։ Պոչի հատվածում նախշի տարանջատված ձևը պահպանվում է։ Որովայնային մակերեսը բաց դեղնավուն է, հաճախ՝ մանր, մուգ բծերով։
Սնունդ
Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ և նրանց ձվերը, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից մինչև գարնան սկիզբը։
Բազմացում
Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-16 ձու։ Ձվերը խոշոր են (48-70 X 20-25 մմ) Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին։ Ի տարբերություն օձերի շատ այլ տեսակների՝ Պալլասի մագլցող սահնօձի էգը խնամում է ձագերին։
Նշանակություն
Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։ Բավական ագրեսիվ է։ Զայրացած ժամանակ բարձր ֆշշոցով և պոչի ծայրը արագ գետնին զարկելով՝ կարող է կատարել հարձակողական շարժումներ։ Կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։ Որպես հազվադեպ հանդիպող տեսակ՝ առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|